«Հայաստանում ոչ մի քաղաքական գործընթաց կանանց այսքան մեծ ներգրավում չի ունեցել…»

 

Կանանց ու աղջիկների առավել քան ակտիվ մասնակցությունը  երկրում տեղի ունեցած  վերջին իրադարձություններին  տեսանելի էր բոլորի համար:  Բազմաթիվ տեսախցիկներին այս օրերին մնում էր  միայն ֆիքսել  այն փաստը, որ «Հայաստանում ոչ մի քաղաքական գործընթաց կանանց այսքան մեծ ներգրավում չի ունեցել…»

 

Կանայք «Իմ քայլը» շարժմանը միացան երբ այն դեռ հեռու էր  «թավշյա հեղափոխությունից»  և  Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ նրա կուսակիցները նոր էին սկսել  իրենց երթը  Շիրակի մարզից  դեպի Երևան: Նրանց շարքերում  միշտ կարելի էր տեսնել «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին: Բողոքի ակցիաների մասնակից կանանց ու աղջիկների թիվն առավել մեծացավ, երբ քայլերթի մասնակիցները Երևան հասան: Իսկ երբ  սկիզբ առան  քաղաքացիական անհնազանդության ակցիաները,  աղջիկներն  առաջիններից էին այն համարձակների թվում, ովքեր  կանգնում և պառկում էին  երթևեկող մեքենաների դիմաց՝ փակելով ճանապարհը:  Հրապարակում հանրահավաքների հարթակից ելույթ ունեցողների մեջ էլ կանայք առաջին դիրքերում էին…

Անմասն չէին մնում նույնիսկ մանկահասակ երեխաներ ունեցող մայրիկները, ովքեր ինքնակազմակերպվելով  դուրս էին գալիս երթերի   մանկասայլակներով … Ակցիաների ժամանակ իրականացված շատ գաղափարների հեղինակները կանայք էին: Նրանց թվում էր, օրինակ,  «Ելք»  խմբակցության ավագանու անդամ Զառա Բաթոյանի նախաձեռնությամբ սկիզբ առած  «կաթսա-շերեփ» ակցիան, որին միացան բազմաթիվ կանայք ՝ դրանով իսկ հայտնելով իրենց համերաշխությունը շարժմանը…

 

Պատահական չէր, որ ապրիլի 20-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ԱԺ պատգամավոր, բողոքի ակցիաներն առաջնորդող Նիկոլ Փաշինյանն էլ խոստովանեց. «Իմ կարծիքով, այս շարժման ամենահզոր շարժիչ ուժը մեր կանայք են, մեր քույրերը,  մեր դուստրերը։ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ոչ մի քաղաքական գործընթաց կանանց այսքան մեծ ներգրավում չի ունեցել, և սա մեզ համար իրական հպարտություն է, որովհետև երկրի ապագայով չի կարող ավելի մտահոգ մարդ լինել, քան մեր մայրերը, մեր կանայք, մեր քույրերը, մեր դուստրերը: Խոնարհվում եմ բոլորիդ առաջ»:

Այստեղ տեղին է  հիշեցնել ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանի խոսքերը 30 տարի առաջ սկիզբ արած շարժման մասին  . «88-ի ազատագրական շարժումը չէր լինի այդքան հզոր, այդքան մարդասիրական, համատարած և ժամանակի մեջ երկար, եթե այդ շարժման մեջ  առաջատարները, հիմնական խաղացողները չլինեին կանայք»:

 

Մերօրյա մեկ այլ դիտարկում կանանց մասնակցության մասին  ֆեյսբուքյան  օգտատերերի կողմից. « Փաշինյանին ուժ տվողն Աննան է» : Խոսքը Աննա Հակոբյանի  ՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ,  «Հայկական ժամանակ» թերթի խմբագրի մասին է: Նա անցած գրեթե բոլոր օրերին ամուսնու կողքին էր: Իսկ ապրիլի 22-ին, երբ Փաշինյանն անազատության մեջ էր,  ու բողոքող քաղաքացիները մնացել էին առանց առաջնորդի, Լենա Նազարյանն  ու Աննա Հակոբյանն էին ստանձնել հանրահավաքը կազմակերպելու դժվարին գործը:

 

 

Կանանց ռեսուրսային կենտրոնի անդամ  Ռ. Գրիգորյանը կարծիքով, քաղաքացիական շարժումներում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում կին-տղամարդ հարաբերություններում, որովհետև այստեղ անհատն սկսում է հանդես գալ ազատ մտածող քաղաքացու դիրքից, որը դուրս է սովորական մշակութային ընդունված ձևերից: «Այստեղ կանանց և տղամարդկանց միջև իրական իրավահավասարություն կա՝ այնպես չէ, որ մի քանի «խելոք, ուժեղ, լիդեր» տղաներ ամեն ինչ որոշում են և նրանց հետևում են կատարողներ»,-նշում է նա: 

Կանանց նախաձեռնողական վարքը   շարժման ընթացքում  արտահայտվեց նաև  կարծրատիպերի դեմ կարգախոսներով, որոնք մերժում էին կնոջ տեղի ու դերի մասին ավանադական պատկերացումները:    

Նշենք սակայն , որ ժամանակին  կանանց ակտիվ  ներգրավածությունը  88-ի  շարժմանը չհանգեցրեց նրանց ներկայացվածությանը նոր իշխանության կազմում:  Իսկ թե արդի պայքարի մասնակից կանայք ինչքանով կընդգրկվեն ձևավորվելիք կառավարությունում, առայժմ  պարզ չէ, թեպետ  հարթակից որոշակի խոստում հնչել է: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանն իր ելույթներից մեկում հայտարարեց՝ ամեն ինչ անելու են, որ կանայք տղամարդկանց հետ հավասարապես ներառված լինեն որոշումներ կայացնելու գործընթացում: 

Իր հերթին,  ԱԺ-ում «Ելք» խմբակցության անդամ, պատգամավոր Լենա Նազարյանն՝ իր հարցազրույցներից  մեկում խոսելով 21-րդ դարի կուսակցությունների և շարժումների մասին,  նշել էր, որ նրանք պետք է  կարողանան  համադրել  նեկայացուցչական և մասնակցային ժողովրդավարության տարբեր ձևերը, լինեն նորարար և հնարամիտ, ինչպես նաև խրախուսեն  գենդերային հավասարությունը… 

 

 

«Սեքսիզմի խրախճանքը  հեղափոխական սիրո ֆոնին»

 

Չնայած քաղաքական այս գործընթացներում կանանց ակտիվ մասնակցությանը ու կարևոր դերակատարությանը, հասարակությունը չկարողացավ  զերծ մնալ սեքսիզմի դրսևորումներից, պիտակավորումներից, վիրավորանքներից, նույնիսկ  հայհոյանքներից… Ընդ որում կանայք թիրախավորվեցին  բարիկադների երկու կողմում…

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանին (Լուլուին), ով իր ֆեյբուքյան գրառումներից մեկում  ոգևորված հայտարարեց «Տղերք, ես  ձեզ հավատում եմ» ,  ստիպված եղան հիշեցնել, որ պայքարողները միայն «տղերք»-ը չեն: «Ինձ այս ամենը սկսեց հետաքրքրել ամսի 15-ից, ամսի 18-֊ից նոր քիչ֊-քիչ միացա երթերին, որովհետև ես հանկարծ հավատացի Նիկոլին ու իրեն շրջապատող հրաշալի ու լուսավոր տղերքին…»,-գրել էր նա: Արձագանքնելով այս գրառմանը ԵՊՀ գենդերային հետազոտությունների ու առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ), որն այս օրերին խոշորացույցի ներքո էր պահում հնչող հայտարարությունները,  հիշեցրեց.  «Այս շարժման հենց առաջին օրերից շարժման առաջնորդին շրջապատել են ոչ միայն հրաշալի ու լուսավոր ՏՂԵՐՔ, այլ նաև ոչ պակաս հրաշալի ու լուսավոր կանայք՝ կին ակտիվիստներ ու քաղաքական գործիչներ»… 

Ի դեպ,  կենտրոնը շարժման առաջին օրերից  սկսած  փաստեց,  որ շատ կանայք այսօր տանում են կրկնակի և անգամ եռակի պայքար, պայքար հանուն արդար և բարեկեցիկ Հայաստանի ապագայի, սոցիալական արդարության, կնոջ դերի վերաիմաստավորման ու հանրային տարածքում սեփական դերի հաստատման, և վերջապես, հասարակության մեջ կնոջ արժանապատվության հաստատման համար:  Նշվում էր, որ շարժումը ներառական և մասնակցային է կանանց տարբեր խմբերի ներկայացուցիչների համար, ովքեր իրենց գործողությունների միջոցով մերժում են հաստատված հայրիշխանական նորմերը և պայքարի ձևերը, որ  կանայք չեն վախենում դուրս գալ և հակադրվել հաստատված հայրիշխանական նորմերին, ինչի արդյունքում արդեն իսկ կոտրում են շատ կարծրատիպեր: 

 

«Բայց համակարգը կարծր է և հեշտ չի զիջում իր դիրքերն, ինչի արդյունքում շատ կանայք, ովքեր ընդվզում են այս համակարգին պիտակավորվում են, ենթարկվում բռնության տարբեր դրսևորումների բարիկադների երկու կողմերում կանգնած անձանց կողմից: Սեռական բնույթի վիրավորանքները, առաջարկները, հպումները և կանանց առարկայացումը կիրառվում են այս պայքարում կանանց ձայնը կտրելու և պայքարողներին ապամոտիվացնելու համար: Մասնավորապես, կոչ ենք անում զերծ մնալ տարբեր համատեքստերում հնչեցնել «պոռնիկ», «բոզ» և այլ նման բառեր, ինչպես նաև քաղաքական գործիչներին ձեր կարծիքով «նսեմացնելու» համար պատկերել նրանց կանանց հագուստով: Կամ օրինակ գրել «ԳարեԿին Բ»:  Բոլոր այս գործողությունները՝ լինելով կնատյացության և սեքսիզմի դրսևորումներ, համարում ենք անընդունելի և կոչ ենք անում կիրառել պայքարի այլ՝ կնոջը չնսեմացնող ձևեր», – նշվում է  Գենդերային հետազոտությունների ու առաջնորդության կենտրոնը  ֆեյբուքյան գրառումներում:

 

Գնալով սեքսիզմի դրսևորումները  շատացան՝ տեսանելի դառնալով  սոցցանցերի ավելի  մեծ թվով օգտատերերի համար, ովքեր ուշադրություն էին  հրավիրում  «սեքսիզմի խրախճանքին հեղափոխական սիրո ֆոնին»: «Կին պատգամավորների նկարները հայհոյախառը գրառումներով տարածում են հարյուրավոր հեղափոխականներ,  բա քոմենթներն ինչ արժեն», – մտահոգվեց  իր ֆեյսբուքյան էջում ակտիվ օգտատեր  Վահան Ասատրյանը: 

 

 

Լրագրող Իրինա Յոլյանի  դիտարկմամբ,   բարիկադների մյուս կողմում հայտնված կանայք արժանացան  «հեղափոխության ամենադաժան հարվածին»: «Այս օրերին հետևում էի. թե ինչպիսի հնարավոր և անհնար հայհոյանքներ հնչեցվեցին կին պատգամավորների հասցեին. դա էլ քիչ է. ամեն տեսակ ծաղրանկարներ են շրջանառվում… Հասկացանք հանրապետական են. հանրապետական են բժիշկների. մանկավարժների. պետական ապարատի աշխատողների ……. երևի 70 % տոկոսը. ինչ անենք բոլորին կրակի տա՞նք։ Հանցագործներին արժանի պատիժ է պետք տալ. բայց այն ինչ արվում է տգեղ է շատ ու հեչ չի սազում հեղափոխության էն լուսավոր ֆոտոների ֆոնին», – գրել է նա։

 

Մայիսի 3-ին մեկ այլ կին օգտատեր էլ արձանագրեց. «ՀՀԿ-ական պատգամավորները թերևս արժանի են էն ամենին, ինչ հիմա տեղի ա ունենում՝ թեթև ծաղրանքից մինչև խորը ատելություն: … Բայց ինձ համար հասկանալի չի՝ ինչու տղամարդ պատգամավորների դեպքում բոլորը ֆիքսվում են իրանց ասածների վրա ու թիրախավորում հենց  էդ, իսկ, օրինակ, Արփինե Հովհաննիսյանի դեպքում քննարկվում է անձնական կյանքը, տարածվում է իբր պլաստիկ վիրահատություններից առաջվա լուսանկարը, Շուշան Պետրոսյանի դեպքում բոլոր վիրավորանքները կապված են քաշի հետ, Մարգարիտ Եսայանին ուղարկում են խոհանոց կոֆե խմելու, մեկ այլ կին պատգամավորի սանրվածքն է  ծաղրանքի արժանանում: Չէ լուրջ էլի, պատգամավոր են, ամբիոններից քաղաքական տեքստեր են հնչեցրել, կապ չունի՝ լավ թե վատ, եկեք էդ տեքստերը քլնգենք, չխառնվենք Արփինեի սեռական կյանքին ու պա ֆրեյդու մեր բոլոր չիրականացած ֆանտազիաները չբերենք հեղափոխության դաշտ, դրանով թերևս արժեզրկում ենք նաև կին ցուցարարների էս օրերի պայքարը: Իմ համար անընդունելի է, որ «վուլգար ֆեմինիզմ» արտահայտությունից էդքան տեղին վիրավորված մարդիկ կարան սենց «վուլգար սեքսիզմ» դրսևորեն, հատկապես հենց կանանց կողմից է անընդունելի ու տհաճ: Էսքանը» …

 

 

Հատկանշական է, որ նույն  օգտատերն նաև ավելացնում է, որ  « իր ստատուսը չի դառնա «պոպուլյար», որովհետև հիմա «ժամանակը չի սենց բան գրելու»… 

 

Վերջին օրերին  ԵՊՀ Գենդերային հետազոտությունների ու առաջնորդության կենտրոնը՝ կրկին  անդրադառնալով սոցցանցերում առկա  սեքսիզմի, կնատյացության բազմաթիվ դեպքեր,  դատապարտել է  նման երևույթները և հանդես եկել դրանք դադարեցնելու կոչով՝ նշելով, որ «յուրաքանչյուր ոք կարող է համաձայն չլինել որևէ քաղաքական կամ հասարակական գործչի գործունեության հետ, քննադատել վերջիններիս կողմից թույլ տված սխալները, բայց ոչ նման անընդունելի տարբերակով:

 

 

«Վերջին օրերի ընթացքում կրկին ավելացել են մարդու արժանապատվությունը նսեմացնող նկարներն ու տեսանյութերը սոցիալական ցանցերում, որոնք ոչ այլ ինչ են, քան խտրականության տարածում հատկապես կանանց նկատմամբ: Մասնավորապես, նկարներում հայտնվում են կենդանիների նկարներ, որոնց վրա գրված են ՀՀ կին պատգամավորների անունները: Մեկ այլ դեպքում տղամարդ պատգամավորներին նսեմացնելու և նրանց վրա ծիծաղելու նպատակով նրանց պատկերում են կանանց հագուստով: Կնոջ հագուստը և հետևաբար նաև կերպարը, ծիծաղի առարկա չպետք է լինի, դա մարդու իրավունքի խախտում է: Շատերին դա դուր է գալիս և շատերը դա ընդունում են որպես այդ անհատների քաղաքական գործունեությունը նսեմացնելու սպառիչ միջոց, ինչը ամենատխրեցնողն ու տհաճն է», – նշված է կենտրոնի հայտարարությունում:

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

Դիտումների քանակը` 4358

Գլխավոր էջ