Հայաստանում ներդվող տարեցների խնամքի նոր մոդելը՝ ծերության խնդիրներին նոր վերաբերմունքի սկիզբ է

jina-tsragirՄԱԿի գնահատականներով`  տարեցների թիվը ողջ աշխարհում  աճելու է  900  մլն 2015 թվականին մինչև  ունի 1,4 մլրդի 2030 թ. և   2.1 մլրդի 2050 թ., երբ կհավասարվի տարեցների և  մինչև 15 տարեկան երեխաների թիվը: Այս միտումները հաշվի առնելով, ողջ աշխարհում այսօր փոփոխության է ենթարկվում  տարեցների նկատմամբ վերաբերմունքըԱռաջնային են դառնում  այնպիսի ծրագրերի  իրականանցումը, որոնք  չենք սահմանափակվում միայն տարեցների խնամքի կազմակերպմամբ, այլ  հնարավորություններ են ընձեռում  օգտագործելու տարեց մարդկանց ներուժը ի նպաստ երկրների զարգացմանը, դրանով իսկ հաղթահարելով  տարեցների նկատմամբ հասարակության  կանխակալ վերաբերմունքը և  խտրականությունը, այսպես կոչված «էյջիզմը»:  

 

Այս նոր  մոտեցմամբ է  իրականացվելու Հայաստանում Հայկական և Շվեյցարական Կարմիր խաչերի նախաձեռնությամբ  «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագիրը, որի մեկնարկը տրվեց երեկ   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և  Առողջապահության նախարարությունների հետ փոխըմբռնման հուշագրերի ստորագրմամբ: Ծրագրն իրագործվում է Շվեյցարական և Մոնակոյի Կարմիր խաչերի հետ համագործակցությամբ ու ֆինանսավորմամբ:

 

Ծրագրի նպատակն է  ներդնել  Շիրակի և Լոռու մարզերում տարեցների սոցիալ-առողջապահական խնամքի նոր մոդել, որը  Հայկական կարմիր խաչի նախագահ  Մխիթար Մնացականյանի ներկայացմամբ,  թույլ կտա ոչ միայն  որակյալ առողջապահական տնային խնամքի ծառայություններ մատուցել  տարեց և սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար, այլ նպաստել  նրանց ներգրավածությունը համայնքի կյանքում՝ հնարավորություն տալով ներդնել իրենց փորձն ու գիտելիքները ի նպաստ համայնքի:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ  Ջեմմա Բաղդասարյանի խոսքերով՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի բնակչության ծերացումը մեր առջև նոր խնդիրներ, նոր մարտահրավերն է դնում: «Բնակչության ծերացումը գլոբալ խնդիր է, որը սոցիալական պաշտպանության համակարգի վրա բացասական ազդեցություն է ունենում: Ուստի կարիք կա սոցիալական առողջապահական ծառայությունների տեսակներն ու ծավալներն ավելացնել»,- ասաց փոխնախարարը:  Ըստ նրա՝ վերջին տարիներին ընդունվել են մի շարք իրավական ակտեր, իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են տարեց մարդկանց կյանքի որակի բարձրացմանը: Նախարարությունը,  ըստ նրա, առավել մեծ ուշադրություն է դարձնում տնային պայմաններում սոցիալական և առողջապահական ծառայությունների տրամադրմանը:

 

Հայաստանում Շվեյցարական Կարմիր Խաչի ներկայացուցիչ Ջինա Սարգիզովան մեզ հետ զրույցում նշեց, որ 2016թ-ին Շվեյցարական Կարմիր խաչը որոշում է կայացրել ընդլայնել իր աջակցությունը աշխարհի տարբեր երկրներում,  այդ թվում՝ Հայաստանում: «Այս ծրագիրը այսօր սպասված և պահանջված է։ Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը առաջին երկիրն է Կովկասի տարածաշրջանում, որն ընդգրկվել է այսպիսի ծրագրում», – ասաց նա:

 

Ըստ նրա՝ ուսումնասիրելով իրավիճակը, ինչպես նաև հաշվի առնելով Շվեյցարական կարմիր խաչի փորձառությունը Շվեյցարիայում և այլ երկրներում, նպատակահարմար գտան Հայաստանում առաջին ծրագիրը նվիրվել հենց  տարեց մարդկանց խնամքին:

 

«Մենք առաջին անգամ Հայաստանում նոր մոդել ենք փորձարկելու,  որը լինելու է՝ ինտեգրված բժշկա-սոցիալական աջակցություն տարեց մարդկանց, հաշմանդամություն ունեցող անձանց և քրոնիկ հիվանդներին: Սա ենթադրում է , առաջին հերթին,  տան պայմաններում պրոֆեսիոնալ խնամք՝ բուժքույրերի, ինչպես նաև տան օգնողների և կամավորների աջակցությամբ: Ծրագրի երկրորդ կարևոր բաղադրիչը  առողջ ծերացում է ենթադրում: Այսօր մենք մեծ թվով բնակչություն ունենք, որը դեռևս ակտիվ է, բայց, տանն է գտնվում, զբաղվածություն չունի: Դրա համար բազմաթիվ միջոցառումներ են իրականացվելու, որպեսզի տարեցները ևս կարողանան մասնակցել հանրային կյանքին և աջակցեն  բնակչության մյուս խմբերին»,- նշեց Ջինա Սարգիզովան:

 

Իսկ թե ինչու է ընտրվել այս երկու մարզերը, Ջինա Սարգիզովան ասաց, որ իրենց ուսումնասիրությունները մեկ անգամ ևս փաստել են՝ թե Շիրակում, թե Լոռիում բարձր է աղքատության մակարդակը, երկրաշարժից հիմնականում այս մարզերն են տուժել և մեծ թվով հաշմանդամություն ունեցող մարդիկ ապրում են Լոռիում և Շիրակում: Բացի այդ, շատ են նաև արտագնա աշխատանքի մեկնողները, ուստի միայնակ տարեցների թիվն  այս մարզերում ավելի մեծ է: Նա վստահեցրեց, որ առաջին փուլի ավարտից հետո՝ ծրագիրը կիրականացվի նաև Հայաստանի մյուս մարզերում:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և Շվեյացարական կարմիր խաչի աջակցությամբ  հետազոտություն են իրականացրել, որի նպատակն էր  տարեցների կարիքների գնահատումը և նրանց սոցիալական ծառայություններ տրամադրելու նոր մոդելների նկատմամբ պահանջարկի ուսումնասիրությունը: «Պարզվեց, որ ավելի շատ վստահություն կամ հավանություն կա սոցիալական օգնականի ինստիտուտի նկատմամբ, ինչպես նաև տարեցները կարիք ունեն տնային շուրջօրյա խնամողի, որն այսօր մենք չունենք»:,- ասաց Անահիտ Գևորգյանը:

 

Միաժամանակ նա խոստովանեց, որ ծառայությունների հիմնական մասը մեծ քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում են կենտրոնացված: Ավելին, Վայոց Ձորում, Տավուշում և Արագածոտնում ընդհանրապես տարեցների խնամքի կենտրոններ չկան: Նախարարությունն այս մարզերին աջակցելու համար ծրագիր է մշակել, սակայն այն իրագործելու համար բարի կամեցող մարդկանց են փնտրում:

 

Նշենք, որ «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագրի շրջանակում ներդրվող նոր մոդելի  հիմնական բաղադրիչներն են՝ ինտեգրացված տնային խնամքի կայուն համակարգի կառուցումը` բուժքույրերի, տնային խնամք իրականացնողների և կամավորների միջոցով, համայնքի մոբիլիզացումը և ակտիվ, առողջ ծերացման գաղափարի տարածումը: Առաջին փուլում ներգրավվելու են 2 մարզերի միայնակ կամ մենակ ապրող տարեցներ, սահմանափակ կարողություններով, քրոնիկ հիվանդություններ և հաշմանդամություն ունեցող առավել խոցելի անձինք՝ ընդհանուր առմամբ 200 շահառու:

 

Մ. Մարգարյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Տարեցները Կայուն զարգացման օրակարգում

Յուրաքանչյուրիս ապագան՝ այսօրվա տարեցներն են. երկու պատմություն

Արժանապատիվ ծերության սպասելիս

«Լռության հետ դեմ առ դեմ…»

«Չգիտեմ էլ, երկար ապրելը լա՞ վ է, թե՞ վատ»…

 

Դիտումների քանակը` 2818

Գլխավոր էջ