Հայաստանում հեռավար կրթությունն անհասանելի է եղել աշակերտների 20 %-ի, իսկ աշխարհում՝ 30%-ի համար
Հայաստանում հեռավար կրթությունն անհասանելի է եղել աշակերտների 20 տոկոսի համար, փաստում են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության տվյալները: Յունիսեֆի տվյալներով, ողջ աշխարհում երեխաների առնվազն մեկ երրորդը զրկված է եղել հեռավար ուսուցման հնարավորությունից, երբ դպրոցները փակ էին…
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության՝ WomenNet.am-ին տրամադրած տվյալների համաձայն, մարզերից պարբերաբար ստացվող տեղեկատվության, Կրթության տեսչական մարմնի ուսումնասիրության և IRI կազմակերպության իրականացված հետազոտական արդյունքների հիման վրա ձևավորված նախնական տվյալները փաստում են, որ 2019-2020 ուսումնական տարվա ավարտին, տեխնիկական սարքերի և ինտերնետ հասանելիության բացակայության պատճառով հեռավար ուսուցմանը չեն մասնակցել սովորողների ընդհանուր թվի 15-20 %-ը։
Այս թիվն ավելի է, քան ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում անցկացված «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում» թեմայով քննարկման ժամանակ ապրիլի դրությամբ հնչեցված գնահատականները: Հիշեցնենք, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշված քննարկման ժամանակ հայտնել էր, որ հանրապետության 38 հազար ուսուցչից 32 հազարն է ներգրավված հեռավար կրթության գործընթացում, իսկ 390 հազար աշակերտից հեռավար դասերի մասնակցում է 354 հազարը:
ԿԳՄՍ նախարարության տվյալներով, Հայաստանում գործող բոլոր խոշոր, միջին և փոքր ՏՏ ընկերությունների համագործակցությամբ, ստեղծվել է պահեստային կետ, որտեղ տեխնիկական միջոցներ են հավաքագրվել և ուղարկվել ՀՀ մարզեր և Երևանի քաղաքապետարան՝ ըստ անհրաժեշտության քաղաքացիներին տրամադրելու համար:
«Իրականացված միջոցառումների շրջանակում հավաքագրվել և դպրոցներին է տրամադրվել շուրջ 3500 տեխնիկական միջոց: Քաղաքացիներին տրամադրված տեխնիկական միջոցները, ուսումնական տարվա ավարտից հետո, վերադարձվել են դպրոցներին (բացառությամբ բջջային հեռախոսների)՝ անհրաժեշտության դեպքում դարձյալ տրամադրելու նպատակով: Այս պահի դրությամբ, տեխնիկական միջոցների և ինտերնետ հասանելիության խնդիրներ ունեցող սովորողների թիվը, ըստ Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում լրացված տվյալների, կազմում է 3. 645: Նման խնդիրներ ունեցող սովորողների ամբողջական ցանկը ճշգրտելու նպատակով դպրոցները շարունակում են համապատասխան տվյալների մուտքագրման աշխատանքները»,-նշում են ԿԳՄՍ-ից։
Նշենք, որ հեռավար կրթությունից դուրս մնացած երեխաներին տեխնիկական միջոցներ տրամադրեցին ինչպես պետական մարմինները, այնպես էլ միջազգային ու տեղական տարբեր կազմակերպություններ, կուսակցություններ, այնուամենայնիվ խնդիրն, ըստ էության, վերջնական լուծում չի ստացել:
Ըստ նախարարության, միջոցառումներ են իրականացվում տեխնիկական անհասանելիության պատճառով հեռավար կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու, վերոնշյալ ժամանակահատվածում ի հայտ եկած խնդիրները գույքագրելու և նոր ուսումնական տարում՝ հեռավար ուսուցում իրականացնելու պարագայում, ըստ առաջնահերթության համակարգված լուծումներ տալու համար։ Նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը կազմակերպել է խորհրդատվություններ և դասեր։
«Այս գործընթացն իրականացնելու նպատակով՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին նախապես տրվել էր հանձնարարական՝ Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում հեռավար դասերից դուրս մնացած երեխաների տվյալները մուտքագրելու, ինչպես նաև դասերին չմասնակցելու պատճառները նշելու վերաբերյալ։ Նախարարության և մարզպետարանների աջակցությամբ լուծում է տրվել հեռավար դասերին չմասնակցած աշակերտների ինտերնետ հասանելիության և տեխնիկական սարքավորումների ապահովման խնդրին՝ օգտագործելով ԿԳՄՍՆ նախաձեռնության շրջանակում ապրիլ-հունիս ամիսներին հավաքագրված տեխնիկական սարքավորումները»,-նշում են նախարարությունից։
Սպասում են դպրոցների վերաբացմանը
Ուսումնական տարվա՝ հայտարարված մեկնարկին հաշվված օրեր են մնացել, սակայն դպրոցահասակ երեխաների, նրանց ծնողների, ուսուցիչների շրջանում հարցերն ու անորոշությունները ոչ միայն պահպանվում են, այլև ավելանում։
Չնայած, բոլորն էլ ուրախությամբ ընդունեցին լուրը սեպտեմբերի 15-ից դասերի վերսկսման մասին, ոչ մի երաշխիք չկա, որ կրկին չենք վերադառնա առցանց ուսուցմանը։
WomenNet.am-ը ծնողների շրջանում փոքրիկ հարցախույզի արդյունքում պարզեց, նրանց մեծ մասը վստահ չէ, որ սահմանված պայմաններում դասապրոցեսը երկար կշարունակվի։ Այս օրերին նրանք խիստ խնայողաբար են կատարում դպրոցական գնումները՝ սպասելով դպրոցների բացմանն ու իրենց անհանգստացնող հարցերի հստակեցմանը։
«Գնել եմ միայն խիստ անհրաժեշտ պարագաները, մեկական տաբատ ու վերնաշապիկ։ Ինձ թվում է՝ հայտարարված սահմանփակումներով դաս անելն ուղղակի տանջանք է լինելու թե երեխաների, թե ուսուցիչների համար, որոնց ուսերին է դրված պատասխանատվության ողջ բեռը։ Այս պայմաններում, կարծում եմ, շուտով վերադառնալու են հեռավար ուսուցմանը»,- մեզ հետ զրույցում ասաց երևանաբնակ Լաուրան, ով դպրոցահասակ երեք երեխա ունի։
Էջմիածնում ապրող Հայարփին պատմեց, որ հեռավար կրթությունը լրացուցիչ ծախսեր է առաջացրել իրենց ընտանիքի համար։ Հարկադրված պարապուրդի պայմաններում տան դպրոցական միակ երեխայի՝ դասերին մասնակցությունն ապահովելու համար ստիպված են եղել նոր հեռախոս գնել, ինտերնետի հզորությունն ավելացնել…
Հեռավար ուսուցման ժամանակ լուրջ խնդիրներ են ունեցել բազմազավակ ընտանիքները, որոնք չեն կարողացել ապահովել միաժամանակ բոլոր երեխաներին անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
Ընդհանուր առմամբ, անցումը հեռավար ուսուցմանը ստիպված քայլ էր եղել, կրթական համակարգն ի սկզբանե պատրաստ չէր դրան, քանի որ դրա համար անհրաժեշտ է ունենալ կատարյալ տեխնոլոգիաներ, համակարգչային ապահովվածություն, բարձր որակի ինտերնետ, վերապատրաստված ուսուցիչներ, էլեկտրոնային նյութեր, սակայն այդ ամենը չկար կամ շատ քիչ կար։
Դրա հետ մեկտեղ, մասնագետների դիտարկմամբ, նույնիսկ գերազանց տեխնիկակական ապահովածության դեպքում հեռավար ուսուցումը ոչ մի պարագայում չի կարող փոխարինել դեմ առ դեմ ուսուցմանը: Այն կարող է լինել այլընտրանքային, լրացնող, բայց ոչ փոխարինող, որովհետև կրթության ու դաստիարակության պրոցեսում շատ կարևոր է երեխաների միմյանց հետ շփումը, անմիջական ներկայությունն ու կապն ուսուցչի հետ։
Այդ իսկ պատճառով ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ կոչ անելով բոլոր երկրներին վերացնելու թվային անջրպետը և հասանելի դարձնելու հեռավար ուսուցումը յուրաքանչյուր երեխայի համար, այնուամենայնիվ համարում է, որ ամենակարևոր խնդիրն այս պահին դպրոցների անվտանգ վերաբացումն է:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը հեռավար ուսուցման հասանելիության մասին
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն անհապաղ գործողությունների կոչ է անում՝ թվային անջրպետը վերացնելու, հեռավար ուսուցումը յուրաքանչյուր երեխայի համար հասանելի դարձնելու և ամենակարևորը՝ դպրոցներն անվտանգ վերաբացելու համար։ Դպրոցների վերաբացմանն ընդառաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նոր զեկույց է հրապարակել, որում հստակ երևում է հեռավար կրթության հասանելիության անհամաչափությունը: Առցանց կրթվելու հնարավորությունն անհասանելի է եղել աշխարհի երեխաների մեկ երրորդի համար:
«Առնվազն 463 միլիոն երեխայի համար հեռավար ուսուցում հասկացողությունը գոյություն չի ունեցել, երբ կորոնավիրուսի պատճառով դպրոցները փակվեցին։ Երեխաների այսքան մեծ թվի կողմից ամիսներ շարունակ կրթության չստանալը համաշխարհային կրթական ճգնաժամ է։ Դրա հետևանքները կարող են իրենց զգացնել տալ տնտեսության մեջ և հասարակության շրջանում գալիք տասնամյակների ընթացքում»,-նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։
Ազգային և տեղական արգելափակումների բարձրակետին դպրոցների փակման պատճառով գրեթե 1,5 միլիոն դպրոցականներ են տուժել։ «Հեռավար ուսուցման հասանելիությունը» զեկույցն անդրադառնում է հեռավար ուսուցման թերություններին և ընդգծում ծառայության անհասանելիության մակարդակը։
Զեկույցում օգտագործվել են նախադպրոցական, տարրական և միջին դպրոցի աշակերտներին հեռավար ուսուցման համար տանը անհրաժեշտ տեխնոլոգիաների և գործիքների առկայության վերաբերյալ համաշխարհային վերլուծական տվյալներ 100 երկրներից։ Ներառված են տվյալներ հեռուստատեսության, ռադիոյի, համացանցի հասանելիության, ինչպես նաև դպրոցների փակման ընթացքում այս հարթակների համար մշակված համապատասխան կրթական ծրագրերի առկայության վերաբերյալ։
Չնայած զեկույցում առկա արդեն իսկ մտահոգիչ տվյալներին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է, որ պատկերը կարող է ավելի վատը լինել: Անգամ, տանը համապատասխան տեխնոլոգիաների և գործիքների առկայությունը չի կարող երաշխավորել, որ երեխան հնարավորություն ունի այդ հարթակների միջոցով հեռավար կրթվելու: Տանը կարող են գոյություն ունենալ այլ գործոնները՝ երբ երեխան պարտադրված է տնային գործեր անել, ստիպված է աշխատել, առցանց և հեռարձակվող դասերի պահին բացակայում են սովորելու համար բարենպաստ պայմանները:
Զեկույցը ներկայացնում է տարածաշրջանների միջև առկա նշանակալի անհավասարությունը։ Սահարյի հատվածի աֆրիկայան երկրներում աշակերտներն ամենաշատն են տուժել․ այստեղ աշակերտների կեսին հնարավոր չի եղել ներգրավել հեռավար ուսուցում գործընթացում:
Զեկույցը նաև ներառում է հասանելիության վերաբերյալ տվյլաներ ըստ տարիքային խմբերի․ կրթության և զարգացման համար կարևորագույն այս տարիներին հեռավար ուսուցումը հասանելի չի եղել ամենակրտսերներին:
- Նախադպրոցական տարիքի երեխաների 70 տոկոսին, այն է՝ 120 մլն երեխայի հնարավոր չէ հեռավար կրթություն տրամադրել, հիմնականում փոքր տարիքի երեխաների համար առցանց ուսուցման հետ կապված խնդիրների և սահմանափակումների, կրթական այս տարիքի երեխաների համար հեռավար ուսուցման ծրագրերի բացակաության և հեռավար ոսուցման համար տանն անհրաժեշտ գործիքների բացակայության պատճառով։
- Տարրական դպրոցի աշակերտների առնվազն 29 տոկոսին, այն է՝ 217 միլիոն աշակերտի հնարավոր չէ հասնել։ Միջին դպրոցի ցածր դասարանցիների առնվազն 24 տոկոսին, այն է՝ 78 միլիոն երեխայի հեռավար ուսուցում չի տրամադրվել։
- Հեռավար կրթությունը ամենաքիչը բաց թողնող տարիքային խումբը միջին դպրոցի բարձր դասարանցիներն են։ Այս տարիքային խմբի 18 տոկոսը, այն է՝ 48 միլիոն աշակերտ չի ունեցել հեռավար ուսուցման համար անհրաժեշտ տեխնոլոգիական միջոցները։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին կոչ է անում՝ արգելափակումները թուլացնելու դեպքում առաջնահերթություն տալ դպրոցների անվնտանգ վերաբացմանը։
Անհնարինության դեպքում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է կրթության շարունակականության և վերաբացման ծրագրերում կիրառել «փոխհատուցման մեխանիզմներ»՝ բաց թողած դասերը լրացնելու նպատակով։ Դպրոցների վերաբացման գործողությունների ծրագրերում և գործելակերպում պետք է ներառել կրթության հասանելիության ընդլայնում, այդ թվում՝ հեռավար ուսուցում հատկապես խոցելի խմբերի համար։ Կրթական համակարգերը ևս պետք է հարմարեցվեն և մշակվեն այնպես, որ դիմակայեն ապագա ճգնաժամերին։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Դպրոցների վերաբացմանն ուղղված հայեցակարգը, որ պատրաստվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ ՓԳՀ-ի, ՊՀԿ-ի և Համաշխարհային բանկի հետ համատեղ, ազգային և տեղական իշխանություններին ուղղված գործնական առաջարկություններ է պարունակում։ Ուղեցույցի առանցքում են քաղաքականության բարեփոխումները, ֆինանսավորումը, դպրոցների անվտանգ վերաբացումը, բաց թողած ուսուցման լրացումը, երեխաների բարեկեցությունն ու պաշտպանությունը, խոցելի խմբերի երեխաներին հասնելը։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 1382