Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարը իր դրական արդյունքներն է տալիս
2012-ից մինչ 2014թ-ի առաջին կիսամյակը ներառյալ Հայաստանում թրաֆիքինգի հատկանիշներով հարուցվել են 31 քրեական գործ, որոնցով հայտնաբերվել և տուժող է ճանաչվել 39 անձ, իսկ մեղադրանք է առաջադրվել 29 անձի: ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանը՝ ներկայացնելով լրագրողներին այս տվյալները, նշեց, որ հարուցված գործերի շրջանակում հայտնաբերված թրաֆիքինգի զոհերի մեծամասնությունը` 28-ը կանայք են, 10-ը տղամարդիկ, ընդ որում զոհերից 14-ը հանցագործության կատարման ժամանակ եղել են անչափահաս::
Ասուլիսին, որը նվիրված էր հուլիսի 30-ին նշվող թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվան, ներկա էին նաեւ ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուվետտոն, ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը:
Հարուցված գործերից 12-ը վերաբերվել են Հայաստանի Հանրապետությունում կանանց սեռական շահագործմանը, 8 –ը՝ վերաբերվել են Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Թուրքիայում ՀՀ քաղաքացի հանդիսացող կանանց սեռական շահագործմանը: Մնացած գործերով մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային շահագործմանը, ընդ որում հիմնականում աշխատանքային շահագործման ենթարկվում են տղամարդիկ: Եվս երկու քրեական գործ հարուցվել է օրգաններ և հյուսվածքներ վաճառելուն:
«Կարող եմ փաստել, որ միտումն դրական է, այսինքն տարեց տարի պակասում է թրաֆիքինգի զոհերի թիվը: Նաեւ եթե նախկինում մեկ գործով հայտնաբերված զոհերի թիվը շատ էր, ապա հիմա մեկ-երկուսն են: Դեպքերի նվազումն, ըստ իս, պայմանավորված է ոչ թե հանցագործությունները լավ կոծկելու հանցագործների գործելաոճով, այլ նրանով, որ մարդիկ այսօր ավելի իրազեկված են ու լավ են հասկանում, թե ինչ է թրաֆիքինգն ու —-ճանաչում են իրենց իրավունքները»,- նշեց Ռոբերտ Գրիգորյանը:
Բացի այս, ինչպես նշեց ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը, բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանը թրաֆիքինգի առումով հանդիսանում է սկզբնաղբյուր երկիր, թեև վերջին տարիներին արձանագրվում են նաև ներքին թրաֆիքինգի դեպքեր, ինչպես նաև արձանագրվել են դեպքեր, երբ Հայաստանը տրանզիտ տարածք է հանդիսացել թրաֆիքինգի զոհերին տեղափոխելու համար:
ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանն իր հերթին նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում տարվող աշխատանքները թրաֆիքինգի դեմ պայքարում իրենց դրական արդյունքներն են տալիս, ինչն ամրագրում են ոչ միայն մեր պատկան մարմինները, այլև ավելի հեղինակավոր կառույցներ: Օրինակ բերելով ԱՄՆ-ի կողմից ամեն տարի հրապարակվող զեկույցը պաշտոնյան տեղեկացրեց, որ համաձայն աշխարհում թրաֆիքինգի իրավիճակի վերաբերյալ տարեկան այդ զելույցի` Հայաստանը այս տարի արդեն երկրորդ անգամ ընդգրկվել է երկրների առաջին խմբում.
«Այս խմբում ներկայացված են այն երկրները, որոնք լավագույնս են իրականացնում թրաֆիքինգի դեմ պայքարը և աշխատանքները: 192 երկրներից միայն 32-ն են դասվել այդ խմբում և Հայաստանը միակն է ոչ միայն մեր տարածաշրջանից, այլև ԱՊՀ բոլոր երկրներից, որ ընդգրկված է դրանում: Մեր հարևանները` Վրաստանն ու Ադրբեջանը, ներկայացված են երկրորդ խմբում»,- տեղեկացրեց Վ.Կաժոյանը` հավելելով, որ այն քայլերը, որոնք իրականացվում են Հայաստանում այս խնդրի հաղթահարման համար ճիշտ են և համապատասխանում են միջազգային հանրության ակնկալիքներին ու չափանիշներին, այսինքն Հայաստանը ճիշտ ուղու վրա է:
Իր հերթին ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն նշեց, որ ամբողջ աշխարհում թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է, որպեսզի մարդկանց իրազեկվածությունը այս խնդրի վերաբերյալ բարձրանա, ինչպես նաև հնարավոր լինի օգնել զոհերին և աջակցել նրանց: ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծեց` թրաֆիքինգն իր համար աշխարհում գոյություն ունեցող ամենանողկալի, չար ու սարսափեցնող հանցագործություններից մեկն է:
Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Բ.Բուզետտոն նկատեց, որ Հայաստանի կառավարությունը վերջին տարիներին զգալի ջանքեր է գործադրել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում.
«Կարևորում եմ այս ուղղությամբ համապատասխան օրենսդրության ընդունումը, այլ երկրների հետ համաձայնագրերի կնքման աշխատանքը, գործող իրավական ակտերի կիրառկումը և դպրոցներում համապատասխան նյութերի ուսուցումը` թրաֆիքինգի մասին իրազեկությունը բարձրացնելու համար: Այդ լուրջ բարելավման գնահատականը տրվել է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակված զեկույցում` Հայաստանը ներկայացված է երկրների առաջին խմբում, ինչը իսկապես առաջընթաց է: Սակայն պետք է մնալ աչալուրջ, հաշվի առնելով տնտեսության վիճակը, օր-օրի մեծացող միգրացիոն հոսքերը եւ դրա հետ կապված խնդիրները»,- հավելեց նա:
Է. Մակարյան
Միացեք #igivehope արշավին այսօր և ցույց տվեք ձեր համերաշխությունը մարդկային թրաֆիքինգի զոհերին. www.unodc.org/endht/
Կարեկից եղեք մարդկային թրաֆիքինգի զոհերին և ներդրում կատարեք ՄԱԿ-ի կամավոր հավատարմագրային հիմնադրամ. www.unodc.org/unodc/human-trafficking-fund.html
Դիտումների քանակը` 5047