Հայաստանում երիտասարդների գործազրկության մակարդակը 40 % է
Երիտասարդների գործազրկության մակարդակը Հայաստանում ավելի քան 40 տոկոս է` մոտ 2.5 անգամ բարձր գործազրկության միջին մակարդակից: Այս մասին են վկայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակում պատրաստված «Երիտասարդների զբաղվածությունը Հայաստանում» զեկույցի տվյալները: Զեկույցի շնորհանդեսը կայացավ այս տարվա հունիսին:
Ամբողջ աշխարհում 15-24 տարեկանները դժվարությամբ են աշխատանք գտնում, սակայն Հայաստանում խնդիրն ավելի սուր է, հատկապես` գյուղական վայրերում, որտեղից վերջին տարիներին արտագաղթը դեպի քաղաքներ ու արտերկիր մեծացել է: Հետազոտության համաձայն` ոլորտում պետական ծրագրերն արդյունք են տալիս. տարեցտարի մեծանում է աշխատանքի ընդունվողների թիվը, նրանց մեջ էլ` երիտասարդների տեսակարար կշիռը: Անելիքներ, սակայն, դեռ շատ կան:
«Կրթական համակարգում մենք անցանք 12-ամյա ուսուցման, սակայն 8-9 դասարանից շատերը դուրս են գալիս դպրոցից: Հետևաբար նրանց համար պետք է ծրագրեր իրականացնել` ներգրավելու ինտեգրելու համար աշխատաշուկային: Օրինակ՝ Ավստրիայում ես տեսել եմ ինչպես էին 6 ամիս տևողությամբ արհեստագործական դասընթացներ անցկացնում 9-ամյակն ավարտածների հետ, 6 մասնագիտություն սովորեցնում, որից հետո երիտասարդներն ընտրում էին դրանցից մեկը: Այսինքն մենք պետք է կարողանանք նաև այնպես անել, որ երիտասարդներն ընտրության հնարավորություն ունենան»,- ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը:
«Երիտասարդների զբաղվածությունը Հայաստանում» զեկույցը մշակվել է Հազարամյակի զարգացման նպատակների արագացման գործընթացի շրջանակում։ 2009-2011 թվականների ընթացքում Հայաստանում երիտասարդների գործազրկության մակարդակը տատանվել է 40,8-42,8 տոկոսի սահմաններում։
Մեկ այլ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) փորձագետների կողմից պատրաստած 2013-ի հունվարին լույս տեսած զեկույցի համաձայն ԱՊՀ–ում մինչեւ 2017 թվականը երիտասարդ տղամարդկանց գործազրկության մակարդակը կկազմի 17.3%, իսկ երիտասարդ կանանցը` 17.7%: Ըստ զեկույցի երիտասարդների գործազրկության ամենաբարձր մակարդակը Հայաստանում է ՝ 39.1%: Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմում է 15.8%:
Եվրամիության անդամ երկրներում երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը մարտին հասել է 23.5 տոկոսի: Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության տվյալներով՝ երիտասարդության շրջանում գործազրկության ամենացածր մակարդակը գրանցվել է Գերմանիայում (5 տոկոս) ու Ավստրիայում (7.6 տոկոս): Երիտասարդների շրջանում գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Հունաստանում՝ 58 տոկոս: Գերմանիայի կանցլեր Անգելա մերկելը իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել է , որ երիտասարդության շրջանում գործազրկությունը Եվրոպայի թիվ մեկ խնդիրն է հանդիսանում:
Դիտումների քանակը` 5765