Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը նորանոր դրսևորումներ է ստանում

 Այսօր  երեխաների հանդեպ բռնությունների կանխարգելման համաշխարհային օրն է

… Երևանի Էրեբունու վարչական շրջանում ապրող ընտանիքներից մեկի հարևանները պատմում են, որ ամեն գիշեր արթնանում էին երեխաների լացի, ողբի ձայներից: Արթնանալուց, երեխաներին ծեծող հոր հասցեին հայհոյանքներ կամ քննադատական խոսքեր ասելուց բացի նրանցից ոչ մեկ չէր համարձակվում որևէ տեղ ահազանգել: Երևի ընտանիքում ապրող երկու երեխաների ծեծ ու ջարդը երկար շարունակվեր, եթե ընտանիքի մայրը մի օր սիրտը չբացեր հարևանուհու առաջ: Խղճով հարևանուհին էլ դիմում է ոստիկանություն, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ: Երեխաներին տանում են գիշերօթիկ դպրոց, ի դեպ, դպրոցահասակ երեխաները մինչ այդ ուսումնական հաստատություններ չէին հաճախում: Կնոջը որոշ ժամանակով տեղավորում են կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունում:

 

 

WomenNet.am-ի հետ զրույցում իրավապահներին ահազանգած հարևանուհին պատմեց, որ իրեն մի քանի անգամ ոստիկանություն են կանչել ցուցմունք տալու, սակայն հրաժարվել է գնալ: Հիմա կինը վերադարձել է ամուսնու մոտ, երեխաները գիշերօթիկում են: Ընտանիքը իրավապահների ուշադրության կենտրոնում է, թե որքան կշարունակվի «պարտադրված» խաղաղությունը, դժվար է ասել: Սակայն մեր զրուցակիցն ասում է, որ իրեն թեթևացած է զգում, քանի որ երեխաները հիմա ապահով վայրում են: Պատմում է, որ նրանք ցրտին կիսամերկ հայտնվում էին փողոցում, գզգզված մազերով, վախեցած հայացնքերով…

Խնդրով զբաղվող հասարակական կազմակերպություններն ահազանգում են, որ  Հայաստանում  երեխաների  նկատմամաբ բռնության երևույթն  առկա է,  նվազման միտում չի նկատվում, ընդհակառակը խորացող աղքատության հետևանքով այն նորանոր դրսևորումներ է ստանում:

 

«Զրկանքներով, անտեսված պայմաններում մեծացած երեխաները հետագայում չեն կարողանալու ստանալ իրենց ներուժը զարգացնելու համար լիարժեք պայմաններ: Սրա համար է, որ մենք ահազանգում ենք: Երևույթը կա, չի նվազում, ցավոք սրտի, աղքատության խորացման պայմաններում նորանոր դրսևորումներ է ձեռք բերում»,-«Մեդիա կենտրոն»-ում կայացած քննարկման ժամանակ նշեց Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ, ՀՕՖի երեխաների աջակցության կենտրոնի նախագահ Միրա Անտոնյանը:

 

Նրա խոսքով, Հայաստանում բացի բռնության հայեցակարգի հաստատումից ուրիշ այլ առաջընթաց չենք կարողանում գրանցել, չկան հայեցակարգից բխող ընթացակարգերը, թե ով ինչ պետք է անի, սկսած մանկապարտեզի դաստիարակից ներառյալ բոլոր այն մարդիկ, ովքեր առնչվում են երեխաների հետ:

 

«Հիմա ամեն ինչ թողնված է բարի կամքի վրա: Որևէ մեկի աշխատանքի նկարագրում չկա մի կետ, որ եթե տեսնում ես երեխան կապտուկներով է եկել դպրոց, անխնամ է, սեզոնին անհամապատասխան հագուստով է, ապա ինքը պարտավոր է  ահազանգել»,-ասաց Անտոնյանը:

 

Կենտրոնի տնօրենի խոսքով, այս տարվա ընթացքում կենտրոնում այս տարվա ընթացքում ապաստանվել են 160 երեխաներ:

 

«Մենք հիմնականում կենտրոնացած ենք Արարատի ու Բերդի տարածաշրջաններում: Պետք է նշեմ, որ կենտրոն եկած երեխաների 50 տոկոսից ավելին ունեցել են տրավմաներ միաժամանակ և ֆիզիկական, և հոգեբանական ճնշումների, մեծ մասամբ նաև անտեսման հետևանքով»,-ասաց կենտրոնի տնօրենը:

 

«Հիմա ամեն ինչ թողնված է բարի կամքի վրա: Որևէ մեկի աշխատանքի նկարագրում չկա մի կետ, որ եթե տեսնում ես երեխան կապտուկներով է եկել դպրոց, անխնամ է, սեզոնին անհամապատասխան հագուստով է, ապա ինքը պարտավոր է  ահազանգել»,-ասաց նա:

 

Անտոնյանն ուշադրություն հրավիրեց փաստի վրա, որ բռնությունների պրոբլեմատիկան ավելի շատ սոցիալական ոլորտում է, քան քրեական, մինչդեռ մեր երկրում մեծամասամբ միջամտող կառույցը, աջակցող մասանագետը, ով կարող է բռնել բռնություն գործադրողի ձեռքը, շարունակում է մնալ ոստիկանությունը:

 

«Իսկ դա նշանակում է, որ սոցիալական պաշտպանության համակարգում բալանս չկա: Սոցիալական պաշտպանության մարմինները դեռևս լիարժեք կերպով հանձն չեն առել իրենց պարտականությունները»,-ասաց Մ. Անտոնյանը:

 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանն էլ նկատեց, որ 2013-ի փետրվարից Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում անչափահասների բաժինը վերափոխվել է Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության:

 

«Այս տարվա ընթացքում գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնության  154 դեպք, նախորդ տարվա 152-ի դիմաց:  Այդ  154 դեպքից 11-ը կատարվել է ընտանիքներում, նախորդ տարի այդ թիվը եղել է 8»,-ասաց ոստիկանության ներկայացուցիչը, ավելացնելով, որ հիմնականում գործերը եղել են Քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով՝ ծեծ:

 

«ՍՕՍ» մանկական գյուղեր բարեգործական հիմնադրամի ընտանիքների ամրապնդման ծրագրի ղեկավար Սյուզան Բադեյանն իր հերթին նկատեց, որ երեխաների մոտ բռնությունները համակցված են լինում:

 

«Մենք բոլորս համարում ենք, որ երեխայի համար ամենանվտանգ տեղը իր ընտանիքն է ու տունը: Եվ դա այդպես է, ծնողների, ընտանիքի վրա է դրված երեխաների բարեկեցության ապահովումն ու երաշխավորումը: Բայց ցավոք սրտի շատ դեպքերում հենց ընտանիքի անդամներն են հանդես գալիս որպես բռնավոր»,-ասաց նա:

 

Ս. Բադեյանն ուշադրություն հրավիրեց հատկապես հուզական բռնության վրա, որը կարծես անտեսվում է:

 

«Հուզական բռնության հետևանքերը շատ խորն են լինում: Հուզական բռնություն ասելով մենք նկատի ունենք երեխայի նկատմամաբ շարունակական վիրավորնանքները, սպառնալիքները, որպես պատիժ երեխային որևէ տեղ փակելը, երեխային ձեռ առնելը, երեխայի համար շատ բարձր պահանջներ դնելը, անընդհատ քննադատելը: Իսկ դա հանգեցնում է այն բանին, որ երեխան մեծանում է  իր ուժերի նկատմամբ անվստահ, էմոցիոնալ առումով թերզարգացած, չի կարողանում կառուցել հարաբերություններ»,-ասաց Ս. Բադեյանը:

 

Նա նշում է, որ նման երեխաները սովորաբար ագրեսիվ են լինում, տագնապով լի, չափազանց ամաչկոտ, եղունգներն են կրծում, մազերի հետ անընդհատ խաղում, մատը ծծում:

 

«Ես մի օրինակ եմ ուզում բերել: Մայրը երեխայի ծննդյան օրվանից չէր թաքցնում, որ երեխան ցանկալի չէր իր համար, ցույց է տալիս, որ չի սիրում: Մեզ դիմած մայրը բողոքում էր, որ երեխան անկառավարելի է: Ասում էր՝ ուր տանում եմ, ինքն իրեն լավ չի պահում, մի բան արեք: Ցավոք սրտի, դա չի ուղղվում, երեխաները չեն կարողանում հաղթահարել բարդույթները, որ ձևավորվում է այդ տարիների ընթացքում»,-ասաց նա:

 

«Ընտանիք և համայնք» ՀԿի ղեկավար Քնարիկ Գարանֆիլյանը հիշեցրեց, որ այսօր երեխաների պաշտպանության առաջնային օղակները՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները մեծամասամբ չունեն մասնագիտական որակներ ու բավարար ռեսուրսներ, մինչդեռ հենց այս առաջնային օղակը պետք է բացահայտեր, աջակցեր նման դեպքերում:

 

«Ուրեմն ի՞նչ անել: Մեր կարծիքով, կարևոր է համայնքերում ունենալ սոցիալական աշխատողներ: Սա ոչ միայն ոստիկանի գործառույթ պետք է լինի, այլև սոցիալական արձագանք պետք է ունենա: Պետք է հիշենք ու հասկանանք, որ աջակցության կարիք ունի ոչ միայն զոհը, այլև բռնարարը»,-ընդգծեց նա:

 

Նշենք, որ երեխաների հանդեպ բռնությունների կանխարգելման համաշխարհային օրվա՝ նոյեմբերի 19-ի կապակցությամբ «Երեխաների պաշտպանության ցանց»-ը կազմակերպում է ցուցահանդես՝ «Առանց բռնության միջավայր՝ երեխաների համար» խորագրով, որի  բացումը տեղի կունենա այսօր  ժամը 14:00-ին Երևանի պետական համալսարանի գլխավոր մուտքի դիմաց՝ բացօթյա տարածքում:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 4910

Գլխավոր էջ