Հայաստանի ՏՏ ոլորտում կանայք բացառիկ թիվ են կազմում՝ նրանք 40 տոկոս են

 

Հունիսի 21-ին  Երևանում մեկնարկեց «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որին մասնակցում են 62 կազմակերպություններ և ծրագրեր,  43-ը` տեղական, իսկ 19-ը` արտասահմանյան: Ֆորումի նպատակն է աջակցել թվային լուծումների հիման վրա իոնվացիոն տնտեսության ստեղծմանը, ինչպես նաև ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները:

 

Փորձեցինք պարզել, թե տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտում որքանով են կանայք ներգրավված և ինչ է ասում այդ մասին վիճակագրությունը: Այսպես. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն աչքի է ընկնում կանանց բարձր մասնակցությամբ: Զարգացած երկրներում կանանց ներգրավվածությունը ՏՏ ոլորտում 10%-ը չի անցնում, իսկ Հայաստանում գերազանցում է 40%-ը, ինչը բացառիկ երևույթ է ողջ աշխարհի մասշտաբով: Նույնիսկ արտասահմանյան փորձագետները, դեսպաններն են զարմանքով նշում այդ մասին: Վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ԱՄՆ-ում հիմնականում ՏՏ ոլորտում աշխատում են տղամարդիկ, գուցե 10 տոկոսը կանայք լինեն, բայց Հայաստանում այդպես չէ: «Հայ  կանայք շատ տաղանդավոր են»,- նշել էր դեսպանը:

 

«Ամբողջ աշխարհում ՏՏ ոլորտում  կանայք քիչ են ներգրավված, սակայն Հայաստանն այս առումով ևս օրիգինալ է, քանի որ ՏՏ ոլորտում կանայք զբաղեցնում են 40%-ը» , –  WomenNet-ի հետ զրույցում  ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը` հավելելով, որ ընկերություններ կան, որտեղ կանայք կազմում են 60 տոկոս, որը աշխարհի կտրվածքով բարձր ցուցանիշ է:

 

 

Բ.Ենգիբարյանը նշեց, որ ամենամյա հետազոտությունները ցույց են տալիս, որ ՏՏ ոլորտում տղամարդիկ հիմնականում զբաղվում են ծրագրավորմամբ, ստեղծագործ աշխատանքով, իսկ կանայք իրականացնում են ծրագրերի ղեկավարման աշխատանքներ: «Հայ կանայք մեծ պոտենցիալ ունեն և իրենց կայուն տեղն ունեն այս ոլորտում»,- ասաց նա:

 

Հիմանդրամի տնօրենի խոսքերով` ՏՏ ոլորտն այսօր Հայաստանում դիտարկվում է որպես արտահանման կարևորագույն ճյուղերից մեկը. Կալիֆորնիայի Սիլիկոնյան հովտում արդեն գործում է կազմակերպված հայկական ՏՏ միություն, որն իր մեջ այսօր ներառում է 100-ից ավելի կազմակերպությունների, որոնք ցանկանում են համագործակցություն հաստատել Հայաստանի հետ: «Առաջիկայում փորձելու ենք նմանատիպ մոդելներ կյանքի կոչել աշխարհի այլ երկրներում, իսկ դրա համար մեզ հարկավոր են տարբեր լեզուների իմացությամբ մասնագետներ: Կարծում եմ, որ այս հարցում ևս մեզ օգնության կհասնեն կանայք, քանի որ կանայք շատ լավ են տիրապետում լեզուներին և կօգնեն, որպեսզի տեղական կազմակերպությունները մուտք գործեն այլ երկրներ»,- ընդգծեց Բ.Ենգիբարյանը:

 

 

Հարցին, թե չի կարծում, որ բարձր աշխատավարձը ևս պատճառ է, որ կանայք իրենց ուժերը փորձում են ՏՏ ոլորտում, Բ.Ենգիբարյանը չժխտեց` ասելով, որ բարձր աշխատավարձը ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց է գրավում: «Դա նաև ցույց է տալիս, որ կանայք մրցունակ են, հայ կանայք ոչնչով չեն զիջում տղամարդկանց և կարող են ազատ մրցակցել  տղամարդկանց հետ»,- ընդգծեց ՁԻՀ-ի տնօրենը` հավելելով, որ Հայաստանում  վերջին տարիներին ստեղծված ՏՏ ոլորտի բոլոր կենտրոնների ղեկավարները կանայք են. «Չգիտեմ դա լավ է, թե վատ, բայց բոլոր կենտրոնների ղեկավարները կանայք են, ինչը նշանակում է, որ նրանք ունեն ստեղծագործ միտք»:

 

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության պետ Նաիրա Նիկողոսյանը մեզ հետ զրույցում նախ  նշեց, որ իր ղեկավարած վարչությունում միայն կանայք են աշխատում: « 7 կին, 7-ն էլ տարբեր ու հետաքրքիր մտածելակերպով»,- նշեց նա:

Նրա խոսքերով` վերջին շրջանում ՏՏ ոլորտի հանդեպ հետաքրքրությունը գնալով մեծանում է, բազմաթիվ աղջիկներ ընտրում են ծրագրավորողի մասանգիտությունը և իրենց մնում է միայն մի բան` քաջալերել նրանց, որպեսի լավ մասնագետներ դառնան: «Հետաքրքիր,  ստեղծագործ ոլորտ է և, ի տարբերություն այլ ոլորտների , այստեղ երբեք քեզ լճացում չի սպասվում, քանի որ միշտ հանդիպում ես նոր մտքերի, նոր գաղափարների»,- ասաց Ն.Նիկողոսյանը:

 

Մ.Մարգարյան

Դիտումների քանակը` 5233

Գլխավոր էջ