Հայաստանի  ո՞ր կառավարությունում են կանայք ամենից շատ ներգրավված եղել

«Փաստերի ստուգման հարթակը» համեմատել է Նիկոլ Փաշինյանի, Կարեն Կարապետյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարությունների կին անդամների թիվը՝ հասկանալու, թե որքանով է կանանց ներգրավվածությունն աճել կամ նվազել։

 

Համեմատության համար առիթ է հանդիսացել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը  կառավարությունում կանանց ներկայացվածության մասին։ «Մեր կառավարությունում 1 կին նախարար կա, 12 կին փոխնախարար: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի երեք տեղակալներից երկուսը կանայք են: ՊԵԿ նախագահի տեղակալներից մեկը կին է, քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը կին է: Բացի դա՝ կանայք են ղեկավարում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Սոցիալական ապահովության ծառայությունը, Զբոսաշրջության պետական կոմիտեն: Այս ցանկը կարելի է շարունակել, բայց կարծում եմ՝ մեր կառավարությունը կանանց ներգրավվածությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր նախկին կառավարություններին»,- գրել էր վարչապետը:

 

Եվ այսպես,  ըստ «Փաստերի ստուգման հարթակի»  կողմից ներկայացվող համեմատության.

 

Նախարարներ

 

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ունի 12 նախարար, որոնցից մեկն է կին, այսինքն՝ կանայք կազմում են նախարարների 8,3 տոկոսը։

 

Կարեն Կարապետյանի կառավարությունն ունեցել է 18 նախարար, որոնցից կրկին մեկը կամ 5,6 տոկոսն էր կին։

 

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը նույնպես ուներ 18 նախարար, որոնցից կին էին 3-ը կամ 16,7 տոկոսը:

 

Փոխնախարարներ

 

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ունի 46 փոխնախարար , որոնցից  12-ն են կին կամ  26 տոկոսը :

 

Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք փոխնախարարները եղել են 57-ը՝ նրանցից միայն 3-ն  էր իգական սեռի, ինչը   5.3 տոկոս է  կազմում։

 

Հովիկ Աբրահամյանի ժամանակ փոխնախարարներն ավելի շատ էին՝ 65-ը, նրանցից 5-ը կամ 7,7 տոկոսն էր կին։

 

 

Այստեղ կարևոր է նկատել, որ Փաշինյանի կառավարությունում, նախարարությունների կրճատմանը զուգահեռ, նվազել է նաև փոխնախարարների թիվը, աճել՝ նրանցում կանանց ներգրավվածությունը։ Փոխնախարարների, այդ թվում՝ կին փոխնախարարների թիվը Հովիկ Աբրահամյանի կառավարությունից հետո նվազել է նաև Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք (նախարարությունների թիվը, սակայն, չի փոխվել)։

 

 

Նյութն ամբողջությամբ այստեղ

 

 

Հ.Գ.  Նշենք, որ , ըստ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի,  և՛ նախարարների, և՛ փոխնախարարների պաշտոնները  համարվում են քաղաքական, սակայն, ինչպես օրենքն է ասում ՝   «Նախարարի տեղակալի քաղաքական պաշտոն և համայնքի ղեկավարի համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը գործում է համապատասխանաբար նախարարից և համայնքի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված չէ»:  Դա նշանակում է, որ նույնիսկ այն պարագայում, երբ կանանց թիվն ընդհանուր առմամբ ավելացել է ՀՀ Կառավարության կազմում,  միևնույնն է  որոշում կայացնող օղակում միայն մեկ կին նախարար ունենք՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:   Նույնիսկ 2018 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանի ձևավորած առաջին կառավարությունում գոնե երկու կին նախարար կար, իսկ նախորդ իշխանության օրոք եղել է կառավարություն, որի կազմում երեք կին նախարար է եղել՝  Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան,  Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Կանայք  իշխանության մեջ. «խայտառակ թվեր» թե՞ «նոր Հայաստանի ձեռքբերում»

 

 

Հայաստանի  ո՞ր կառավարությունում են կանայք ամենից շատ ներգրավված եղել

 

 

 

Դիտումների քանակը` 1195

Գլխավոր էջ