Հայաստանի հաշմանդամ երեխաների 65 տոկոսը ապրում է աղքատության մեջ/ վիդեո

Ըստ պաշտոնական վիճակագրության Հայաստանում ապրում է 8 հազար հաշմանդամ երեխա, նրանցից 65 տոկոսը ապրում է աղքատության մեջ: Այս մտահոգիչ վիճակագրությանը ներկայացվեց դեկտեմբերի 3-ին՝  Հաշմանդամ անձանց  միջազգային օրը  «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում: Ուշագրավ էր ասուլիսի ֆորմատը՝ ի պաշտոնե հաշմանդամ երեխաների խնդիրներով զբաղվող ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը եւ նրանց կողքին՝  Մերի
Մարտիրոսյանը՝ մայր, ով ունենալով իր  խնամքի տակ հաշմանդամություն  ունեցող երկու երեխա առավել քան որեւէ մեկը գիտի թե ինչ դժվարությունների հետ են բախվում իրենք: ի դեպ, նա ասուլիսի էր եկել իր  12-ամյա անվասայլակով տեղաշարժվող դստեր հետ:

 

UNICEF . «4  հազար երեխա սոցիալական պաշտպանության համակարգից դուրս են մնում»

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսն  անդրադառնալով վիճակագրությանը նշեց, որ թեպետ պաշտոնական տվյալներով հաշմանդամ երեխաները թիվը 8 հազար է,  իրենց հաշվարկներով այն կարող է  շուրջ 12 հազար լինել՝ հաշվի առնելով նաեւ տարբեր պատճառներով չգրանցված երեխաներին:  Իսկ դա նշանակում է, որ շուրջ չորս հազար երեխա սոցիալական պաշտպանության համակարգից դուրս են մնում: Նրանք  զրկված են  բոլոր այն ծառայություններից օգտվելու հնարավորությունից, որոնք միտված են իրենց իրավունքների պաշտպանությանը՝ սոցիալական, առողջապահական և կրթական ոլորտներում:

 

UNICEF-ի ներկայացուցչի մեջբերած ամենացավալի ցուցանիշը վերաբերում էր հաշմանդամություն ունեցող երեխաների աղքատությանը: Հայաստանի հաշմանդամ երեխաների 65 տոկոսը ապրում է աղքատության մեջ կամ օրական ընդամենը 3 ԱՄՆ դոլարով (Հայաստանում աղքատության շեմը կազմում է 97,1 դոլար` ամսական մեկ շնչի հաշվով): Երեխաների 8 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, կամ էլ  օրական երկու դոլարից պակաս ծախսով (ծայրահեղ աղքատության շեմը կազմում է ամսական 57,2 դոլար):

 

«Նախընտրել եմ զբաղվել իմ երեխաների դաստիարակությամբ»

 

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը նշեց, որ  երեխայի հաշմանդամության նպաստը կազմում է  ամսական 18,2 հազար դրամ, այդ ընտանիքների մեծամասնությունն ստանում է նաեւ ընտանեկան անապահովության նպաստներ:  Բացի դրանից,  մինչեւ տասը տարեկան հաշմանդամ երեխայի դաստիարակությունը հաշվվում է որպես աշխատանքային ստաժ:

 

Մերի Մարտիրոսյանի ներկայացմամբ հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքների իրավիճակը շատ ավելի  ավելի հեռու է բարվոք լինելուց, քան դա կարող է թվալ:

 

«Բացի նրանից, որ պետությունը տալիս է 18.200 դրամ թոշակ իմ ընտանիքը պետության կողմից որևէ այլ տարբերակով աջակցություն չի ստանում: Կան բարերարներ, ովքեր ինձ օգնում են, որովհետև մենք ապրում ենք վարձով, ես չեմ աշխատում, թեև ունեմ բարձրագույն կրթություն, բայց նախընտրել եմ զբաղվել իմ երեխաների դաստիարակությամբ… հավատում եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել»,- ասաց  Մ.Մարտիրոսյանը՝ հպարտությամբ նշելով, որ իր  երեխաները  բացարձակ հաջողություններ ունեն ուսման մեջ:
Դուստրը օրերս ԱՄՆ դեսպանից պատվոգիր է ստացել լուսանկարչական մրցույթի մասնակցելու համար, վերջինս առաջադիմում է նաև երաժշտության ոլորտում` լավ դաշնամուր է նվագում:

 

«Օրվա առաջին կեսը ես զբաղվում եմ երեխաների կրթությամբ, իսկ երկրորդ կեսը նվիրում եմ դռնեդուռ ընկնելուն, որպեսզի հայթհայթեմ միջոցներ, որովհետև անհրաժեշտ է բնակարանի վարձը վճարել ու գոյատևել: Ես բազմաթիվ նամակներ եմ գրել, ուր ասես, բայց ոչ մի տեղից արձագանք չեմ ստացել… »,- պատմեց նա, նշելով , որ իրենց ընտանիքը նաև «Փարոս»-ից չի օգտվում, որովհետև Մ.Մարտիրոսյանի հայրը ունի «զապոռոժեց», անվճար բուժօգնությունից էլ օգտվում են մասամբ, քանի որ դեղամիջոցները, որ անհրաժեշտ են  աուտիզմ ունեցող  իր որդուն չափազանց թանկ են:

 

«Խոսքը ներառման մասին է»

 

Թեպետ Մերի Մարտիրոսյանի դեպքում երեխաների կրթության հարցը կարծես էե լուծված է, սակայն  կրթության մատչելիության խնդիրը  հաշմանդամ երեխաների համար դեռեւս առկա է:

 

«Հաշմանդամություն ունեցող 5 երեխաներից 1-ը կամ 18 տոկոսը բոլորովին դպրոց չի հաճախում, իսկ գյուղերում իրավիճակն այս առումով ավելի վատ է՝ ամեն չորսից մեկը չի հաճախում դպրոց, ընդ որում ամենից շատ տուժում են աղջիկ երեխաները: Ամենացավալին նա է, որ դպրոց չհաճախող և գյուղական համայնքներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների 51 տոկոսը, իսկ Երևանում ապրող երեխաների ծնողների 36 տոկոսը հավատացած են, որ իրենց երեխաները չեն էլ կարող դպրոց հաճախել»,- հայտարարեց UNICEF-ի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, վկայակոչելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի  2012-ին հրապարակված «Խոսքը ներառման մասին է» զեկույցի տվյալները:

 

Նրա  համոզմամբ՝ թեև շատ բան արվում է և ներառական կրթական համակարգի ներդրմամբ Հայաստանը բավականին առաջընթաց է ապահովել, բայց հիմնախնդիրներն ու մարտահրավերները չեն պակասում: Դրանց հաղթահարելու համար անհրաժեշտ է բոլոր պետական ատյանների, գերատեսչությունների համակարգված աշխատանքը, և միայն այդ ժամանակ արդյունքն իրեն սպասել չի տա:

Էնզելա Մակարյան

 

Հ.Գ. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի  2012-ին հրապարակված «Խոսքը ներառման մասին է» զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ.

http://www.un.am/res/Library/UNICEF%20Publications/

UNICEF%20Disability%20Report%20ARM.pdf

 

 

Դիտեք նաեւ «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը հաշմանդամ երեխաների մասին.

 

 

 

 

Դիտումների քանակը` 5516

Գլխավոր էջ