Հայաստանի կին փոխմարզպետների թիվը ավելացավ եւս մեկով
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նունե Մովսիսյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ։ Այսպիսով, կին-փոխմարզպետների թիվը դարձավ երկուսը: Մինչ օրս Հայաստանի 10 մարզերից ընդամենը մեկ մարզում ՝ Արմավիրում կին փոխմարզպետ ունեինք` Լարիսա Մուրադյանը :
նորանշանակ փոխմարզպետը՝ Նունե Մովսիսյանը ՀՀԿ անդամ է, Աշտարակի Պ.Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցի տնօրեն է աշխատել : 2009-ին ճանաչվել է «,ՀՀ տարվա լավագույն հայոց պատմության ուսուցիչ», 2010-ին արժանացել է ՀՀ Նախագահի Շնորհակալագրի, Ճանաչվել է 2011-2012 ուս.տարվա «ՀՀ Տարվա լավագույն տնօրեն» , 2013 -ին պարգեւատրվել է «,Վազգեն Սարգսյան» մեդալով:
Հիշեցնենք, որ չնայած վերջին տարիներին կանանց թիվը երկրի պետական կառավարման համակարգում աճում է, սակայն այն բավարար չէ: ԱԺ-ում ունենք ընդամենը 14 կին պատգամավոր, կառավարությունում` 2 կին նախարար և 7 կին փոխնախարար:
Տեղական ինքնակառավարման մարմիններում բնակչության ավելի քան 50 տոկոսը կազմող կանայք ավագանիներում ընդամենը 8.4 տոկոսն են, իսկ համայնքների ղեկավարների կազմում` միայն 2.2 տոկոս:
Նշենք, որ ՏԻՄ նախորդ ընտրությունների համեմատ կին ավագանիների թիվը ավելացել է 2,2 տոկոսով, այսինքն առկա դրական շարժընթացը դեռեւս շատ փոքր է: Թեմային առնչվող վերլուծություններն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց ցածր ներկայացվածությունը և նրանց մտավոր ներուժի ոչ բավարար ընդգրկվածությունը ՏԻՄ-երում դանդաղեցնում են մեր երկրում ժողովրդավարության զարգացման ընթացքը:
Ա.Հակոբյան
Դիտումների քանակը` 5327