Հայաստանի իշխանությունները բավարար չափով չեն պաշտպանում կանանց ու երեխաներին ընտանեկան բռնությունից. Human Rights Watch
Հայաստանում ընտանեկան բռնություն վերապրած կանանց և երեխաների կյանքն ու բարօրությունը վտանգված են, քանի որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում բավարար չափով երաշխավորել նրանց պաշտպանությունը: Այդ մասին է հայտարարում Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն օրերս լույս տեսած հրապարակման մեջ, որը հիմնված է ընտանեկան բռնությունից տուժած կանանց հետ զրույցների վրա:
2017 թվականի դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանն ընտանիքում բռնության վերաբերյալ օրենք է ընդունել, բայց կանայք և երեխաները շարունակում են մնալ վտանգի տակ, քանի դեռ իշխանությունները չի փոխել բռնության բողոքներին ոստիկանության արձագանքման պրակտիկան:
«Նոր օրենքը կարևոր քայլ է, բայց մինչև իշխանությունները լրջորեն չընդունեն ընտանեկան բռնության մասին հաղորդումները և չերաշխավորեն իրավական, բժշկական և սոցիալական օգնությունը, որն անհրաժեշտ է կանանց և երեխաներին, վտանգը կպահպանվի»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրենի օգնական Ջեյն Բուչանանը:
Կազմակերպությունը զրուցել է Հայաստանում ընտանեկան բռնության 12 «զոհի» հետ: Հարցազրույցներին մասնակցածները պատմել են, որ ոստիկանությանը կամ այլ տեղական մարմինների բռնության մասին հաղորդելուց հետո իշխանությունները ոչինչ չեն արել հետագա բռնությունը կանխելու, գործը հետաքննելու կամ հարձակվողներին պատասխանատվության ենթարկելու համար: Որոշ դեպքերում իշխանությունները խրախուսել են կանանց հրաժարվել բողոքներից և հաշտվել իրենց նկատմամբ բռնություն կիրառողների հետ:
Համաձայն «Կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայկական կազմակերպության՝ 2017 թվականի առաջին կիսամյակում չորս կին սպանվել են իրենց ամուսինների կամ սիրեցյալների կողմից: 2010 թվականից մինչեւ 2017 թվականը զոհերի թիվը կազմել է 50 մարդ, նշում է կազմակերպությունը:
Հրապարակմանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ
Դիտումների քանակը` 2576