Հայաստանի բնակչության 14.4 տոկոսը 60-ից բարձր տարիքի է

 

Հոկտեմբերի 1-ը՝ Տարեցների միջազգային օրն է: Այս  առիթով ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը համատեղ մամլո ասուլիս էին կազմակերպել   «Հենարան» մամուլի ակումբում:

 

 

Ըստ բանախոսների ներկայացրած տվյալների` Հայաստանը դասվում է աշխարհի արագորեն ծերացող երկրների շարքին: Արդեն այսօր երկրի բնակչության 14.4 տոկոսի տարիքը 60-ից բարձր է: Տարածաշրջանի տվյալներով` Ադրբեջանում տարեցների  թիվը կազմում է 8.5 տոկոս, Վրաստանում` մոտ19, Թուրքիայում` 10 տոկոս:

 

 

Գարիկ Հայրապետյանի խոսքով` ՄԱԲՀ փորձագիտական վերլուծության կանխատեսումները ցույց են տվել, որ 2050 թ. Հայաստանի բնակչության մեկ երրորդը` 31.5 տոկոսը, կարող է լինել 60-ն անց: Մինչդեռ, միջազգային գնահատականներով, ծերացող է համարվում այն հասարակությունը, որտեղ տարեցների թիվը կազմում է 13 և ավելի տոկոս:

 

 

Երևույթին նպաստում են ինչպես ծնելիության անկումը և ակտիվ տնտեսական ու վերարտադրողական տարիքի բնակիչների արտագաղթը, այնպես էլ կյանքի միջին տևողության երկարաձգումը, ինչը պայմանավորված է ժամանակակից  բժշկության ձեռքբերումներով:

 

 

«Բնակչության կազմում տարեց բնակիչների բաժնի նման աճը սոցիալ-տնտեսական մեծ բեռ է ենթադրում պետության համար, և այստեղ շատ կարևոր է կանխավ պատրաստվել և համապատասխան քաղաքականություն ներդնել մինչև այդ համամասնությանը հասնելը: Լուծումներից մեկն, օրինակ, կարող է լինել, այսպես կոչված, «ակտիվ երկարակեցության» հայեցակարգի իրականացումը, ըստ որի` տարեց մարդիկ հնարավորինս երկար են մնում հասարակության, իրենց համայնքների և ընտանիքների ակտիվ, գործուն և բեղմնավոր անդամներ»,-ասաց Գ. Հայրապետյանը:

 

 

Գարիկ Հայրապետյանը նշեց, որ եթե այսօրվա ցուցանիշները պահպանվեն` արտագաղթ, ցածր ծնելիություն, ապա 2017 թվականին Հայաստանի աճը կդառնա նեգատիվ: “Այսինքն` էլ բնականորեն չենք աճի, ազգաբնակչությունը կտրուկ կնվազի”,- ասաց նա:

 

 

Ի դեպ, բանախոսը նշեց նաև, որ Հայաստանը ներկայումս սեռով պայմանավորված աբորտների թվով աշխարհում երրորդ պետությունն է` Չինաստանից ու Ադրբեջանից հետո: Սա էլ իր հերթին  հետագայում լուրջ ժողովրդագրական  խնդիրների  կհանգեցնի, քանի որ աղջիկները տղաներից շատ ավելի քիչ են:

 

ԱՍՀՆ Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանն էլ, իր հերթին նշեց, որ  Հայաստանի բնակչության նշանակալի հատվածի ծերացման հետ մեկտեղ  նվազում է  63-ից բարձր մեկ տարեցի հաշվով աշխատող մարդկանց թիվը կամ աջակցության գործակիցը:

 

 

Նրա խոսքով,  այս գործակցի դրական փոփոխության համար ամենանպաստավոր միջոցը ՝  ծնելիության բարձրացման և բնակչության զբաղվածության ապահովման համակցումն է:

 

 

«Սակայն   եթե գործազրկության հաղթահարումը կարելի է համարել համեմատաբար իրատեսական խնդիր, ապա ծնելիության բարձրացումը բավականին դժվար հասանելի է` հաշվի առնելով վերջինի ծախսատարությունը և Հայաստանի բնակչության բնական հավելաճի մոտալուտ բացասականացումը»,-նշեց Անահիտ Գևորգյանը:

 

Դրա հետ մեկտեղ  ներկայացնելով խնդրի վերաբերյալ պետական քաղաքականությունը, Գևորգյանը  ասաց,  որ պետության պարտավորությունները տարեցների նկատմամբ գնալով ավելանում են:

 

Հայաստանում ներկայումս 8 ծերանոց է գործում` 4 պետական և 4 մասնավոր, որոնցից 2-ը` Երևանում: Ծերանոցներում ապրում է 1 200 հոգի այն դեպքում, երբ Հայաստանում 65-ից բարձր տարիք ունեցող  մարդկանց թիվը 364 հազար է:  Ա. Գևորգյանի խոսքով` 1 200-ը բավական փոքր թիվ է, և սա խոսում է այն մասին, որ մենք հարգում ենք մեր ծերերին, նրանք ապրում են ընտանիքներում:

 

 

Նշենք, որ Հայաստանում  կենսաթոշակի միջին ամսական չափը 2013-ին կազմել է  31,4 հազ դրամ:  Գալիք տարվա պետբյուջեի նախագծով նախատեսված է բարձրացում միջինում 15%-ով՝  2014թ. հունվարի 1-ից միջին կենսաթոշակը կկազմի 36 հազ. դրամ՝ սպառողական նվազագույն զամբյուղի 56 հազ. դրամ արժեքի պայմաններում։ Այնպես որ  տարեցների  գոյատեւման  հարցը կրկին լուծվելու  է նրանց  նկատմամբ ընտանիքներում գոյություն  ունեցող հարգանքի հաշվին…

 

 

Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

«Աշխարհում շատ երկրներ կան, որտեղ տարեցներին չեն սիրւմ այնպես, ինչպես…»/ վիդեո

 

Միխայիլ Ժվանեցկի. «Մի ողջ սերունդ անհայտացավ , և ոչ ոք չի հարցնում` ուր են նրանք»…

 

Երկրի բնակչությունը ծերանում է…

 


Խոսքը ժողովրդագրական ճգնաժամի մասին է …

 

 

 

 

Դիտումների քանակը` 3812

Գլխավոր էջ