Հայաստանը 67-րդն է Սոցիալական առաջընթացի վարկանիշում
The Social Progress Imperative միջազգային հետազոտական կազմակերպության վերլուծական խումբը հրապարակել է 2016 թվականին սոցիալական առաջընթացի վերաբերյալ վարկանիշը(The Social Progress Index): Հայաստանը 160 երկրների շարքում զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը՝ հավաքելով 66,05 միավոր:
Վարկանիշը համալիր ցուցանիշ է, որը դիտարկում է երկրների նվաճումները հասարակական բարեկեցության և սոցիալական առաջընթացի տեսանկյունից: Այն կյանքի որակը գնահատելու նոր մոտեցում է, քանի որ չի ներառում երկրների տնտեսական զարգացման ցուցանիշները, այլ միտված է գնահատելու այս կամ այն երկրում հասարակական բարեկեցության աստիճանը այլ ցուցանիշների հիման վրա: Այս առումով, վարկանիշն, օրինակ, բացահայտում է, որ նույնիսկ ՀՆԱ-ի և տնտեսական զարգվածությամբ մոտ երկրներ կարող են տարբեր կերպ լուծել սոցիալական առաջընթացի հետ կապված խնդիրները:
Գնահատումը կատարվում է 0-ից -100 սանդղակով (որքան շատ են միավորները, այնքան մեծ է կայունությունը): Հաշվի է առնվում ավելի քան 50 ցուցանիշ, որոնք միավորվում են 3 անվանակարգում` մարդու հիմնական պահանջներ, բարեկեցության հիմքեր(wellbeing) , հնարավորություններ(opportunity):
Հայաստանն ընդհանուր առմամբ հավաքել է 66.05 միավոր: Ընդ որում, մարդու հիմնական պահանջներ կատեգորիայում ` 85,26, բարեկեցության հիմքեր ` 69,26, հնարավորություններ ` 43, 63 միավոր:
«Մարդու հիմնական պահանջները» կատեգորիայում մեր երկրի ցուցանիշները հետևյալն են` սննդի և առաջին բուժօգնության մատչելիություն` 96,35, ջրի և սանիտարական ծառայությունների մատչելիություն` 96,39, ապահովվածություն բնակտարածքով` 75,78, անձնական անվտանգության աստիճան` 72,52:
«Մարդու բարեկեցության հիմքերը» անվանակարգում ցուցանիշները հետևյալն են` հիմնարար գիտելիքների հասանելիություն` 88,60, տեղեկատվության և հաղորդակցության միջոցների հասանելիություն` 75,35, առողջապահության մատչելիություն` 51,16, բնապահպանական կայունություն` 61,91:
«Մարդու զարգացման հնարավորություններ» բաժնում Հայաստանն ունի համեմատաբար ցածր ցուցանիշներ. անձնական իրավունքների մակարդակ` 39,73, անձնական ազատությունների մակարդակ` 48,16, հանդուրժողականություն և ներգրավվածություն` 39,96, առաջատար կրթության հասանելիություն` 46,68:
Այս բաժնի ցուցանիշները ցույց են տալիս, որ ցանկացած անհավասարության կամ անհանդուրժողականության դրսևորում, ցանկացած խտրականության առկայություն անմիջական ազդեցություն է թողնում սոցիալական առաջընթացի վրա: Այդ թվում հաշվի են առնվում նաև գենդերային անհավասարության դրսևորումները, խտրականությունը և կանանց նկատմամբ բռնությունը, կանանց ներուժն իրագործելու հնարավորությունները…
ԱՊՀ երկրների թվում Սոցիալական առաջընթացի ցուցանիշով Հայաստանից առաջ են Ուկրաինան (63-րդ տեղ) և Բելառուսը (66-րդ տեղ): Մոլդովան 73-րդն է, Ռուսաստանը` 75, Ղազախստանը` 76-րդն է, Ադրբեջանը` 77-ը: Տարածաշրջանի երկրներից լավագույն ցուցանիշներն ունեն Վրաստանը, որը 54-րդն է, ևԹուրքիան, որը 58-րդ տեղում է: Իրանը 93-րդն է:
Վարկանիշը գլխավորում է Ֆինլանդիան 90,06 ցուցանիշով: Առաջին 5-ում են Կանադան (89,49), Դանիան (89,39), Ավստրալիան (89,13) և Շվեյցարիան (88,87): Վարկանիշը եզրափակում են Չադը, Աֆղանստանը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը:
Նշենք, որ վարկանիշը մշակվել է 2013-ին` Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Փորթերի ղեկավարությամբ, ով մեծ ներդրում ունի մրցակցային ռազմավարության, մրցունակության, ազգերի, պետությունների և տարածաշրջանների տնտեսական զարգացման ոլորտում։
Վարկանիշի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ
Դիտումների քանակը` 2830