Հայաստանը ներառվել է թրաֆիքինգի դեմ ակտիվորեն պայքարող երկրների առաջին խմբում. զեկույց
Հայաստանը երրորդ տարին անընդմեջ ներառվում է թրաֆիքինգի դեմ ակտիվորեն պայքարող երկրների առաջին՝ Tier 1, խմբում ։ Ինչպես հաղորդում է ՀՀ–ում ԱՄՆ–ի դեսպանատան մամուլի ծառյաությունը, այս մասին նշվում է ԱՄՆ–ի պետական դեպարտամենտի ամենամյա զեկույցում, որը վերաբերում է մարդկանց թրաֆիքինգին։
Ըստ զեկույցի, որը երկուշաբթի օրը ներկայացրեց ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, Հայաստանը նախկին Խորհրդային Միության երկրներից միակն է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ միասին տեղ է գտել մարդկանց թրաֆիքինգի զոհերի պաշտպանության առաջին խմբի երկրների շարքում:
Մարդկանց թրաֆիքինգի մասին 2015թ.–ի զեկույցում դիտարկված են 188 երկրների ջանքերը նվազագույն չափանիշներին համապատասխանելու հարցում, որոնք անհրաժեշտ են տղամարդկանց, կանանց և երեխաների թրաֆիքինգի վերացման համար։ Զեկույցը բաշխում է յուրաքանչյուր երկրի ջանքերը Tier համակարգով` Tier 1–ը` չափանիշներին ամենահամապատասխան երկիր, Tier 3` ամենացածր ցուցանիշ։ Tier 2` ամենաանկայուն կատեգորիա, քանի որ ներառում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ցանկի երկրները, որոնք ձեռնարկում են ոչ բավարար միջոցներ թրաֆիքինգի դեմ պայքարի գործում։
Ըստ զեկույցի` Հայաստանը պահպանել է իր դիրքերը Tier 1 խմբում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշների լիարժեք բավարարման ուղղությամբ կոնկրետ քայլեր ու գործողություններ ձեռնարկելու շնորհիվ:
Այդ գործողությունների ցանկում նշվում է 2014 թ.–ին ՀՀ Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունումը, որով միօրինականացվեցին թրաֆիքինգի կասկածյալ ու բացահայտված զոհերի նույնականացման, աջակցության, պաշտպանության և վերաինտեգրման ընթացակարգերը հանրապետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համար:
Բացի այդ, ՀՀ իրավապահները բացահայտել են Հայաստան թրաֆիքինգի ենթարկված օտարերկրացի զոհերի, ուղղորդել նրանց խնամք ապահովող կենտրոններ: Կառավարությունը նաև պահպանել է ամուր գործակցային ու աշխատանքային կապերը թրաֆիքինգի դեմ պայքարող ՀԿ-ների, տեղական լրատվամիջոցների, դոնոր կազմակերպությունների և տարածաշրջանային գործընկերների հետ:
Դրա հետ մեկտեղ, ըստ զեկույցի, «առաջին խմբի» կարգավիճակը նշանակում է, որ երկիրն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել թրաֆիկինգի դեմ պայքարի ակտի նվազագույն չափանիշներին համապատասխան, բայց դա չի նշանակում, որ մարդկանց թրաֆիքինգը վերացել է: Իրականում մարդկանց թրաֆիքինգը շարունակում է խնդիր մնալ առաջին խմբի սանդղակի բոլոր երկրներում, այդ թվում նաև ԱՄՆ-ում: Ոչ մի երկիր ապահովագրված չէ թրաֆիկինգից և մենք բոլորս էլ սովորում ենք՝ որդեգրելով նոր մեթոդներ և բարելավելով մեր գործողությունները:
Մասնավորապես, Հայաստանը սկզբնաղբյուր և, ավելի փոքր ծավալով, վերջնակետ երկիր է աշխատանքային և սեռական թրաֆիքինգի ենթարկվող տղամարդկանց, կանանց և երեխաների համար: Ահագնացող խնդիր է հայաստանաբնակ կանանց և երեխաների սեռական ու աշխատանքային թրաֆիքինգը երկրի ներսում: Հայ կանայք և աղջիկները սեռական թրաֆիքինգի են ենթարկվում նաև Միացյալ Արաբական Էմիրություններում (ՄԱԷ) և Թուրքիայում: 2014թ. առաջին անգամ գրանցվեց Հայաստանում Չինաստանից բերված կանանց սեռական թրաֆիքինգի ենթարկելու դեպք: Հայ տղամարդիկ հարկադիր աշխատանքի են ենթարկվում Ռուսաստանում և, ավելի փոքր ծավալով, Թուրքիայում:
Հայ կանայք և երեխաները երկրի ներսում խոցելի են համարվում մուրացկանության մեջ ներգրավվելու տեսանկյունից: Որոշ երեխաներ երկրի ներսում աշխատում են գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտներում, որտեղ նրանք նաև խոցելի են աշխատանքային թրաֆիքինգի մասով: Մարդկանց թրաֆիքինգի առումով խիստ խոցելի են մնում գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ և խնամատար հաստատությունների երեխաները: Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ բավարարում է թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին: 2014թ. խորհրդարանն ընդունեց օրենք, որով միօրինականացվեցին թրաֆիքինգի կասկածյալ ու բացահայտված զոհերի նույնականացման, աջակցության, պաշտպանության և վերաինտեգրման ընթացակարգերըհանրապետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համար: Սակայն դեռևս չկար տուժողների կամ վկաների պաշտպանության պաշտոնական մեխանիզմ, ինչպես նաև բացահայտվել էին ավելի քիչ թվով զոհեր:
«ՀՀ–ում ԱՄՆ–ի դեսպանությունը արժևորում է թրաֆիքինգի դեմ պայքարում ՀՀ կառավարության հետ իր գործընկերությունը և ձգտում է շարունակել այն, մասնավորապես աշխատելով վկաների և տուժողների պաշտոնական պաշտպանության ու զոհերի նույնացման հարցերի շուրջ», – նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի Հայաստանին վերաբերող ամբողջական տեքստը կարող եք գտնել այստեղ
«Սա պայքար է փողի դեմ, պայքար չարիքի դեմ։ Անընդունելի է, որ 2015 թվականին մենք դեռևս հանդիպում ենք մեր օրերի ստրկության դեպքերին», – ներկայացնելով զեկույցը՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, կոչ անելով այդ չարիքի դեմ մղվող պատերազմին մեկտեղել ամբողջ աշխարհի պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ջանքերը։
«Դա մի պատերազմ է, որում մենք պարտավոր ենք հաղթել: Դա մեր օրերի մարդու իրավունքների դեմ հսկայական մարտահրավեր է», – ասաց Քերրին ու ընդգծեց. – «Թեև փողով կարելի է շատ բան գնել, սակայն այլևս երբեք հնարավոր չպետք է լինի դրանով գնել մարդու»:
Ի դեպ, ՄԱԿ-ի տվյալներով՝
Ողջ աշխարհում թրաֆիքինգի զահերի 49 տոկոսը կանայք են, 18 տոկոսը՝ տղամարդիկ, 12 տոկոսը՝ տղաներ եւ 21 տոկոսը՝ աղջիկներ:
Յուրաքանչյուր 3 բացահայտված զոհերից մեկը երեխա է: Աֆրիկայում եւ Միջին Արեւելքում երեխաները կազմում են բացահայտված զոհերի 62 տոկոսը:
Աղբյուրը՝ Global Report on Trafficking in Persons 2014
Դիտումների քանակը` 6242