«Հայաստանը Հալեպեն ավելի սիրեցինք». երկու ընտանիքի պատմություն

 

«Կինս  բոլոր հարցերում իմ կողքս է, քաջալերում է» 

Փոքրիկ Հրակը դեռ չէր ծնվել, երբ Կոշկերյան ամուսնիններն փոքրիկ դստեր հետ Հալեպից Հայաստան եկան: Ուզում էին, որ որդին՝ Հրակն ապահով վայրում ծնվի՝ թնդանոթներից ու կրակոցներից հեռու:  Ամեն ինչ թողեցին ու հայրենիք եկան: Տուն, աշխատանք, ունեցվածք, հիշողություններ… Հալեպում Գեւորգ Կոշկերյանն  արծաթեղենի մեծ խանութ ուներ, սիրելի գործի վարպետն էր, պատվերների ու մշտական հաճախորդների պակաս չէր զգում:

 

Այսօր սիրիահայ արծաթագործն իր պատրաստած գեղեցիկ զարդերով հայաստանցիներին ու Երեւանի հյուրերին է գրավում: Գեւորգ Կոշկերյանը Վերնիսաժում տաղավար ունի: Ճիշտ է, Հալեպի մեծ շուկայի հետ համեմատելի չէ, բայց ընտանիքի կարիքները փորձում է հոգալ: Ասում է՝ երբ 2012-ին եկանք,  առաջին մի քանի ամիսներն էին շատ ծանր, աշխատանք չկար, ապրում էին միայն խնայողություններով:

 

«Արդեն երեք տարի է Հայաստանում ենք, մի քանի ամսով եկանք, որ զավակս ծնվեր եւ անձնագիր վերցնեինք: Ավելորդ ոչ մի բան չկար մեզ հետ, այստեղ հաստատվելու ծրագիր չունեինք, բայց Հալեպում վիճակը վատացավ ու մենք մնացինք: Երբ Հայաստան եկանք, համարյա չորս-հինգ ամիս նստել էի, գործ չունեի, հետո որոշեցի արծաթեղենի խանութ բանալ, բայց խանութին վարձը տունին հետ շատ թանկ էր, դրա համար Վերնիսաժում սկսեցի աշխատել»,  – պատմում  է նա:

 

Գեւորգ Կոշկերյանի խոսքով, Սիրիայում միայն իր աշխատանքով ընտանիքի բարեկեցությունն առանց որեւէ խնդրի ապահովում էր: Կինը Հալեպում չէր աշխատում՝  դրա կարիքը չկար.  «Սիրիայում կանայք չեն աշխատել, էնտեղ տղամարդը կրնար հանգիստ իր աշխատանքով ընտանիք պահել, ադոր համար սովորություն չկար, որ կանայք աշխատեին, վերջին տարիներին Սիրիայում տնտեսական վիճակի վատացման հետ կանայք սկսեցին աշխատել»:  Նրա խոսքով,  Հայաստանում  շուկան փոքր է,  տնտեսական վիճակն՝ այլ: Ընտանիքը միայն մեկ անդամի աշխատանքով դժվար է պահել, բայց  կինն ամեն ինչում օգնում է ամուսնուն : «Տիկինս երկու երեխաներուն է նայում եւ իմ հորս, որը ութսուներկու տարեկան է, չի կարող աշխատել, ժամանակ չունի եւ պայմաններն էլ թույլ չեն տա, բայց բոլոր հարցերում իմ կողքս է, քաջալերում է»,-ասում է Գեւորգը:

 

Կոշկերյանները Հայաստանում վերջնականապես հաստատվելու որոշում դեռ չեն կայացրել, թեեւ սիրեցին Երեւանը:  ,Իմ անձնական կարծիքով, քիչ մը մտահոգիչ է այստեղի վիճակը: Ես կուզեմ մնալ, Հայաստանը Հալեպեն ավելի սիրեցի, եթե նյութական պայմանները խնդիր չլլան, անշուշտ կուզենք մնալ, բայց վերջնական չգիտենք, դժվար է», – ասում է Գեւորգ Կոշկերյանը:

 

 

«Խրախուսում եմ նրան, աշխատանքն ամոթ չէ»

 

Հալեպահայ ոսկերիչ Արման Չիրիշյանը նույնպես Վերնիսաժում առեւտրով է զբաղվում: Նա  իր տիկնոջ՝ Լուսինե Բարսումյանի ու երեքամյա դստեր հետ եկան  Հայաստան, Լուսինի երկրորդ երեխան այստեղ  ծնվեց:  Այս ընտանիքը նույնպես, մինչեւ սիրիական պատերազմը Հալեպում բարեկեցիկ ու անհոգ կյանքով էր ապրում:

Հալեպում Արման Չիրիշյանը սեփական խանութ ուներ, որտեղ իր պատրաստած ոսկյա,  ադամանդե ու մարգարտե զարդերն  էր վաճառում, իսկ Լուսինը Հալեպում ուլունքագործության դասեր էր տալիս, թեւ մասնագիտությամբ հաշվապահ է: Հայաստան ժամանելու առաջին իսկ շաբաթվանից Լուսին Բարսումյանը   սկսեց ամուսնուն օգնել:

 

« Ես մինչեւ Երեւան գալիս էլ, ոչ մի րոպե կեցած չեմ, ամեն րոպե աշխատել եմ, մինչեւ ամուսնանալս էլ, երբ որ համալսարան ավարտեցա, աշխատանք ունեի: Այստեղ առաջին շաբաթվանից ես ցուցահանդեսների մասնակցեցի, իմ բիժուտերիաները վաճառեցի: Կամաց-կամաց հաճախորդներ ունեցա: Երեխաներս մանկահասակ են, երբ տղաիս մսուր ուղարկեմ, մտադիր եմ հաշվապահության մեջ խորանալ»,-ասում է Լուսին Բարսումյանը:

 

Արման Չիրիշյանն սկզբում շուկան ուսումնասիրեց, ծանոթացավ տեղի ճաշակին: Որոշ ժամանակ նա Ոսկու շուկայում էր իր զարդերը վաճառում, հետո տեղափոխվեց Վերնիսաժ ու մասնագիտացավ արծաթեղենի վաճառքում:  «Քիչ -քիչ ճաշակը իմացա, հաճախորդներս շատացան: Հիմա մարդիկ կան, հատուկ իմ համար կգան Վերնիսաժ: Կինս ոչ մի ցուցահանդես- վաճառք բաց չի թողնում, անպայման մասնակցում, ես խրախուսում եմ նրան, աշխատանքն ամոթ չէ», – ասում է Արմանը:

 

Հայաստանում ամենաբարդը այս ընտանիքի համար ամեն ինչ նորից սկսելն էր: «Ամեն ինչ էնտեղ թողել ենք, էստեղ չենք գիտեր խանութ բացենք, որտեղ ապրենք, հոգնեցանք, մինչեւ մեր գործը դասավորվեց, հաճախորդներ ունեցանք:  Հասարակության մեջ խնդիրներ չեն ունեցել շատ քիչ եղել է, որ մեզ օտարի պես են նայել, մենք էլ հարմարվել ենք շրջապատին, իրենք էլ՝ մեզ»,- ասում Լուսին Բարսումյանը:

 

Մարիաննա Ղահրամանյան

Դիտումների քանակը` 5268

Գլխավոր էջ