Հայաստանը դեռևս չի մշակել թիվ 1325 բանաձևի կատարումն ապահովող ազգային ծրագիր
Հոկտեմբերի 31-ին Երեւանում Խաղաղության, անվտանգության ու կանանց կարիքների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ներկայացվեց «Կանայք միանում են ընդդեմ հակամարտության՝ պատասխանատվություն ստանձնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325, 1820, 1888, 1889 բանաձևերի իրականացման համար » ՄԱԿ-ի կանանց կազմակերպության («UN WOMEN») միջտարածաշրջանային ծրագիրը: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Միջտարածաշրջանային ծրագիրը նպատակ ունի հզորացնել կանանց, իրավապաշտպան ակտիվիստների և գենդերային հավասարության ջատագովների հնարավորություններն ու ցանցերը՝ ներգրավելով նրանց խաղաղասիրական գործընթացների ու երկխոսության մեջ:
ՄԱԿ-ի կանանց կազմակերպության միջտարածաշրջանային ծրագրի ղեկավար Գրազիելա Պիգան նշեց, որ հանձնարարվել է ուսումնասիրել գոյություն ունեցող ազգային բոլոր ինստիտուցիոնալ ռեսուրսները և մարդկային ներուժը, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների առկայությունը Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում: Քննության են ենթարկվել գոյություն ունեցող ռեսուրսները, օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակները, քաղաքական իրավիճակը և խոցելի կողմերը՝ Վրաստանում, Հայայստանում և Ադրբեջանում հակամարտություններից տուժածների ուղղորդման համակարգը ներդրելու նպատակով: Իրականացվել է նախնական քարտեզագրում գենդերային տեսանկյունից:
Ըստ նրա՝ Հայաստանում ուսումնասիրությունը սկսվել է 2011թ-ի նոյեմբերին և ավարտվել է 2012թ-ի մարտին: Գրազիելա Պիգան տեղեկացրեց, որ ուսումնասիրել են ոչ միայն կառավարության կարողությունները, այլև փորձել են հասկանալ, թե ինչպիսի միջազգային կազմակերպություններ կան Հայաստանում, որոնք նույնպես զբաղվում են կանանց խնդիրներով:
Նա նշեց, որ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը 50-ից ավելի միջազգային փաստաթղթեր է վավերացրել, այդ թվում՝ փաստաթղթեր ուղղված գենդերային հավասարությանը: Այդ փաստաթղթերով կանանց վերապահված է ոչ միայն «օջախի պահապան»- ի դերը, այլ ակտիվ մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքում:
Գ.Պիգան նկատեց, որ թեպետ Հայաստանում «Գենդերային հավասարության մասին» հայեցակարգն ընդունվել է 2010 -ին, դրանով նախատեսված «Կանանց և տղամարդկանց հավասարության մասին» օրենքը դեռ խորհրդարանում է:Նա հույս հայտնեց, որ շատ շուտով այն ևս ԱԺ-ն կընդունի: Բացի այդ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարվեց, որի համաձայն կանանց և տղամարդկանց համար սահմանվեց միևնույն՝ մինչև 18 տարեկան ամուսնական տարիքը: Հայաստանը նաև պատրաստ է վավերացնել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների մասին» վերջերս ընդունված եվրոպական կոնվենցիան, բացի այդ՝ ստեղծվել է գործողությունների ծրագիր՝ թրաֆիկինգից տուժածների համար, թվարկեց նա:
Անդրադառնալով քարտեզագրման արդյուքներին, Գ.Պիգան նշեց, որ դրա նպատակը երեք երկրներում գենդերային հարցերին առնչվող ծրագրերի կազմման աշխատանքների ընդհանուր պատկերի ստացումն էր: Պարզվել է, որ շատ կազմակերպություններ ունեն գենդերային քաղաքականություն և ծրագրային պլաններ, ինչը կարող է դրականորեն ազդել հետագա պլանավորման վրա՝ ՄԱԿ-ի ԱԽ թիվ 1325 բանաձև իրականացման առումով:
Միջտարածաշրջանային ծրագրի խորհրդատու Մանե Բեգլարյանը խոսելով Հարավային Կովկասի երկրներում իրականացված քարտեզագրման ուսումնասիրությունից, նշեց, որ Հայաստանը դեռևս չի մշակել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևի կատարումն ապահովող միջոցառումների ազգային ծրագիր, կամ՝ քննարկել այն մշակելու հնարավորությունը, չնայած որ քարտեզագրման ուսումնասիրության շրջանակում հարցվածները տեղյակ էին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևի մասին:
Ապագա միջոցառումների իրականացումը գնահատելու համար որպես ելակետ ընտրվել է հենց այս սկզբնական վիճակը: «Սույն գնահատման հիման վրա որպես օրինակ դիտարկվել է վրաստանյան փորձը, որը կարող է նպաստել ուսուցմանը, տարածաշրջանային համագործակցությանը և գործընկերությանը, ինչպես նաև՝ կյանքի բոլոր բնագավառներում գենդերային հավասարության ապահովմանը»,- ասաց Մ.Բեգլարյանը:
Մերի Մարգարյան
Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի
Դիտումների քանակը` 4026