«Համայնքն երիտասարդ կանանց ներուժի կարիք ունի»
Դեկտեմբերի 3-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում Կանանց ռեսուրս կենտրոնը կազմակերպել էր <Ավագանու կին անդամների աշխատանքի արդյունավետության երաշխիքները> թեմայով կլոր սեղան: Այն իրականացվում էր <Գենդերային իրազեկության բարձրացումը կանանց հասարակական և քաղաքական մասնակցության վերաբերյալ մեդիա և սոցիալական արշավների միջոցով> ծրագրի շրջանակներում: Քննարկմանը մասնակցում էին Գանձաքար համայնքի ավագանու կին անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և Իջևանի Կանանց ռեսուրսային կենտրոնի ակտիվիստներ:
Կլոր սեղանի նպատակն էր ներկայացնել և քննարկել վերջին ընտրություններից հետո ՏԻՄ –երում կանանց ներկայացվածության իրավիճակին, կանանց աշխատանքի արդյունավետության երաշխիքներին, ավագանու կին անդամների և կանանց հասարակական կազմակերպությունների համագործակցության ուղիներին վերաբերող հարցեր:
Գենդերային հարցերով փորձագետ, Պրո-Մեդիա-Գենդեր ՀԿ-ի փոխնախագահ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Զաքարյանը մասնակիցներին ներկայացրեց անցած ՏԻՄ ընտրություններում ավագանու կին թեկնածուների մասնակցության արդյունքերը, միաժամանակ նշելով, որ ընտրված կանայք ի զորու են ներազդել ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ ավագանու որոշումների վրա: Լիլիթ Զաքարյանի խոսքով կանայք ընտրական համայնքում կարող են ինչ-որ բան փոխել, ձևավորել համայնքի ղեկավարի, ավագանու կին և տղամարդ անդամների միջև հաշտվողականության մի նոր մակարդակ:
Անդրադառնալով կանանց և տղամարդկանց հավասարության թեմային Լ.Զաքարյանը նշեց նաև, որ այդ եզրույթն ավելի լայն առումով իր մեջ ներառում է իրավունքների, հնարավորությունների և արդյունքերի հավասարություն:
Կլոր սեղանի մասնակից կանայք թեև ընդունում էին կին-տղամարդ հավասարությունը, այնուհանդերձ չէին անտեսում ավանդույթի ուժը, որը կաշկանդում է կանանց: Պատմելով ՏԻՄ ընտրություններում իրենց առաջադրման, համայնքային խնդիրների առկայության և դրանց լուծման ուղիների մասին ներկաներից մեկն ասաց, որ ինքը լուռ համաձայնվել է համայնքի բյուջեի հաստատմանը, քանի որ այն միաձայն ընդունվել էր վերընտրված տղամարդ ավագանինների կողմից:
Իջևանի կանանց ռեսուրսային կենտրոնի երիտասարդ անդամ Արմինե Ավալյանը փորձել էր առաջադրվել ավագանու թեկնածու: Նա որոշել էր իր ծրագրերով թարմ շունչ հաղորդել համայնքին, առաջարկել և իրականացնել բազմաթիվ ծրագրեր, սակայն չստացավ անհրաժեշտ քանակության քվեներ: Մինչդեռ համայնքը երիտասարդ կանանց ներուժի կարիք ունի:
Գանձաքար համայնքի ավագանու երեք կին ավագանիներն առաջին անգամ են առաջադրվել: Լուսինե Ներկարարյանին և Գեղեցիկ Դովլաթբեկյանին համագյուղացիները համոզել էին առաջադրվել, իսկ Էմմա Հակոբյանն ընտրություններին մասնակցել էր ամուսնու առաջարկով: Երեք կանայք որոշել են համագործակցել ու համատեղ ուժերով հաղթահարել իրենց ծրագրերի իրականացման ճանապարհին հանդիպող խոչընդոտները:
Քննարկման ընթացքում կարծիքներ հնչեցին համայնքներում գենդերային հավասարության թյուրըմբռնման, կնոջ զբաղվածության անհրաժեշտության, տղամարդկանց կողմից կնոջ չգնահատված լինելու հարցերի վերաբերյալ:
Քննարկումն ավարտվեց Լիլիթ Զաքարյանի հուսադրող խոսքով. <Գենդերային հավասարությունը ընդունում են միայն որակյալ տղամարդիկ: Միայն թույլ տղամարդն է վախենում կնոջ ակտիվությունից, մինչդեռ ինքնավստահ և ուժեղ տղամարդը խրախուսում է կնոջ ակտիվությունը>:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 2369