Համայնքապետի թեկնածու կանայք պարտվել են խոշորացված համայնքներում 

 

Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գյուղապետի թեկնածու երեք կանանցից երկուսը  պարտվել են: Ընտրվել է միայն մեկը, այն էլ ոչ խոշորացված համայնքում:

 

Հիշեցնենք, որ  ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 104 քաղաքացիներից 3-ն էին կանայք: Կին գործիչները պայքարում էին Լոռու մարզի խոշորացված Օձուն, Գեղարքունիքի մարզի խոշորացված Գեղամասար ու Գեղաքար համայնքներում:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները: Ըստ այդմ, Գեղամասար համայնքում Զոյա Գևորգյանը պարտվել է մրցակցին: Խոշորացված գյուղի ղեկավարումը ստանձնելու համար պայքարում էր երկու հանրապետական գործիչ: Կուսակցությունն առաջադրել ու սատարում էր Գևորգյանին, ով նախկինում ղեկավարել  է Շատջրեք համայնքը: Նրա օգտին քվեարկել է 1392 ընտրող: Նրա մրցակից, ինքնաառաջադրված Հակոբ Ավետյանի օգտին՝  2078 ընտրող:  ԿԸՀ պաշտոնական էջից WomenNet.am-ը  տեղեկացավ, որ խոշորացված Գեղամասարում ընտրելու իրավունք ունի 5 311 մարդ: Քվեարկությանը մասնակցել է  3 534 ընտրող, անվավեր է ճանաչվել 64 քվեաթերթիկ:

 

Գեղարքունիքի հաջորդ համայնքում՝ Գեղաքարում առաջադրված կին թեկնածուն հաղթել է:  Գործող գյուղապետ Կարինե Մարտիրոսյանի օգտին քվեարկել է 67 մարդ, նրա մրցակիցը՝ անկուսակցական Ռաֆիկ Սաֆարյանը ստացել է 19 ձայն: Կարինե Մարտիրոսյանը գյուղը ղեկավարում է 2012-ից:

 

Լոռու մարզի Օձուն համայնքում ինքնառաջադրված ամկուսակցական Դոնարա Հախինյանի օգտին 64 ընտրող է քվեարկել: Այստեղ հաղթել է գործող գյուղապետ, ՀՀԿ-կողմից առաջադրված Արսեն Տիտանյանը: Նրա օգտին քվեարկել է 1885 մարդ: Երրորդ թեկնածուն Բարսեղ Այվազյանը ստացել է 1852 ձայն:

 

ԿԸՀ հրապարակած տվյալներով,  69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների նախնական թիվը 243 335 է կամ 50.06 %: 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 2181

Գլխավոր էջ