«Հաճույք եմ ստանում ջերմատանն աշխատելուց». Մարիետայի պատմությունը
«Իրականում նրանք են ջերմատան տերերը», ծիծաղելով ասում է Մարիետան՝ ցույց տալով իր 11 և 12 տարեկան դուստրերին, որ վազում էին պղպեղի և լոլիկի բարձր թփերի երկայնքով՝ ցուցադրելով թե ինչպես են ջերմատանն արհեստական փոշոտում անում:
Մարիետան երեք երեխա ունի: Նա մտաբերում է, որ իր մանկությունը բոլորովին այլ է եղել։ 1989թ.-ին, երբ նա ընդհամենը յոթ տարեկան էր, նրա ընտանիքն ապաստանեց Պտղավան գյուղում` ստիպված լինելով լքել իրենց տունը Խորհրդային Ադրբեջանի Վարդաշեն շրջանում: Ծայրը ծայրին հասցնելու համար ութ երեխա ունեցող ընտանիքը զբաղվում էր գյուղատնտեսությամբ:
Մարիետան ստիպված էր թողնել դպրոցը 8-րդ դասարանն ավարտելուց հետո, քանի որ ընտանիքն ի վիճակի չէր այլևս հոգալ դպրոցի ծախսերը: 22 տարեկան էր, երբ հանդիպեց Արմենին: Որոշ ժամանակ անց նրանք ամուսնացան և տեղափոխվեցին Ոսկեվան՝ Արմենի ծնողների հետ ապրելու: Իրենց ամուսնության 13 տարվա ընթացքում բազմաթիվ խնդիրներ են ունեցել, սակայն, ինչպես Մարիետան է ասում, իրենց միշտ հաջողվել է ամուր ընտանիքը պահպանել:
Կյանքը հեռավոր սահմանամերձ գյուղում այդքան էլ հեշտ չէ: Մարզում աղքատության և արտագաղթի մակարդակը բարձր է: Ընտանիքի եկամուտի աղբյուրների մասին խոսելիս Մարիետան առաջին հերթին ամուսնու հաշմանդամության նպաստն ու ամուսնու ծնողների թոշակն է նշում: Ամուսնու տեսողական խնդիրների պատճառով՝ երեք երեխաների երիտասարդ մայրը ստիպված է հիմնականում միայնակ զբաղվել տնային տնտեսությամբ: Սակայն Մարիետան չի դժգոհում: Չնայած բոլոր դժվարություններին, Մարիետան և Արմենը չեն պատրաստվում հեռանալ գյուղից ավելի բարվոք կյանքի փնտրտուքով և մերժել են արտասահմանում բնակվող հարազատների հրավերները: «Հատկապես հիմա, երբ սկսել եմ ջերմատան մշակությամբ զբաղվել» -, ասում է Մարիետան:
Մարիետան գյուղի այն կին շահառուներից է, ովքեր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նախաձեռնությամբ և Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ ստացել են 135 մ2 մակերեսով էներգաարդյունավետ ջերմատուն։ Ջերմատունը հույսի նոր աղբյուր է ընտանիքի համար, ասում է նա:
Կանանց տնտեսական հզորացումը ՄԱԶԾ-ի կողմից վերջին 10 տարիների ընթացքում իրականացվող համայնքային զարգացման ծրագրերի կարևոր մասն է կազմում: Ըստ վիճակագրության, Հայաստանում տղամարդկանց և կանանց եկամուտների անհավասարության մակարդակը շատ բարձր է: Տնտեսապես ոչ ակտիվ տնային տնտեսությամբ զբաղվող կանանց թիվը գերակշռում է նույն խմբում տղամարդկանց թվաքանակը: Միևնուն ժամանակ կին գլխավոր ունեցող տնային տնտեսությունների աղքատ լինելու հավանականությունն անհամեմատ ավելի բարձր է:: Այս համատեքստում ջերմատնային տնտեսությունը բազմաթիվ խնդիրներ է լուծում։ Այն մեղմում է գենդերային անհավասարությունը, վերացնում աղքատության վտանգը և խթանում կանանց տնտեսական ներգրավումը գյուղական համայնքներում։
Մարիետան բացատրում է, որ շատ ավելի հեշտ է բանջարեղեն աճեցնել ջերմոցի կարգավորվող պայմաններում, քանի որ այն պաշտպանված է եղանակային անբարենպաստ պայմաններից, նպաստում է մաքուր գյուղատնտեսությանը և ավելի բարձր եկամուտ է ապահովում՝ շնորհիվ ոչ սեզոնային գյուղատնտեսության: Մարիետայի համար մեծ օգնություն է նաև այն, որ ջերմատունը գտնվում է տան ետնաբակում, որտեղ նա կարող է աշխատել և միաժամանակ հետևել երեխաներին, կամ զբաղվել այլ տնային գործերով: Բացի այդ, ջերմատունը լուծում է համայնքի գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողերի սակավության և անհասանելիության խնդիրը, որոնք ծագել են անվտանգության կամ տեխնիկական հմտությունների բացակայության, ինչպես նաև կանանց համար գյուղատնտեսական արտադրական միջոցների անհասանելիության արդյունքում: Ծրագրի միջոցով Մարիետան ստացել է բարձրորակ սերմեր, ինչպես նաև ջերմատնային մշակության վերաբերյալ վերապատրաստում: «Նա ջերմատան հմուտ մասնագետ է դարձել», – ասում է Արմենը:
Իր արտադրած լոլիկն ու պղպեղը Մարիետան հանձնում է տեղի խանութին: Մարիետայի դուստրերը ցույց են տալիս գրանցամատյանը, որտեղ նշում են վաճառված բանջարեղենի քանակը և ստացած եկամուտը: Մի քանի շաբաթից ուսումնական տարին սկսվում է։ Աղջիկները պատրաստվում են գրենական պիտույքներ և հագուստ գնել: Մարիետան սպասում է ոչ սեզոնային վաճառքին, երբ բանջարեղենի գինը կբարձրանա և նա կկարողանա ավելի շատ վաճառել: «Հիմա, – ասում է նա, – ես ավելի վստահ եմ, որ իմ երեխաները կստանան կրթություն և գուցե մոտ ապագայում մենք կունենանք սեփական տանն առանձին ապրելու հնարավորություն: Ես հաճույք եմ ստանում ջերմատանն աշխատելուց», – ավելացնում է Մարիետան: Նա լիահույս է, որ մոտ ապագայում կկարողանան իրենց տունն ունենալ: «Ես անգամ չեմ մտածում Ոսկեվանից հեռանալու մասին, ինչպես նաև չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ թողնել ջերմատունս»,- ծիծաղելով ասում է Մարիետան: «Այն մեծ նշանակություն ունի մեզ համար: Այն ինձ ստիպում է հավատալ, որ մենք կարող ենք ավելի լավ ապագա ապահովել մեր երեխաների համար: Այն մեզ համար հույսի նոր աղբյուր է»:
Աղբյուրը՝ UNDP in Armenia
Դիտումների քանակը` 3528