Հակաեվրոպական քարոզչությո՞ւն, թե՞ «գենդերի» դեմ պայքար
Այս վերնագրի ներքո Առավոտ օրաաթերթը անդրադարձ է կատարել Հայաստանում սկիզբ առած հակագենդերային քարոզչությանը, բացահայտելով դրա հիմքում ընկած ապատեղեկատվությունն ու իրական մոտիվները :
Վերջին ամիսներին, երբ Հայաստանում դեռ բարձրաստիճան պաշտոնյաները համոզում էին հասարակությանը, որ «եւ-եւ»-ի քաղաքականությունն ընդունելի է Եվրամիության համար, եւ դեռ հայտարարված չէր Մաքսային միությանը անդամակցելու մասին, պարբերաբար հակաեվրոպական քարոզներ էին տեղի ունենում: Ընդ որում, թիրախը ընտրված էր, այսպես ասած՝ «գենդերային օրենքը», որն, ըստ օրենքի դեմ պայքարողների, եվրոպական այլասերվածության քարոզչության հիմք է տալիս: Ավելի պարզ ասած՝ այդ հակաեվրոպական քարոզչությունը հիմնականում այն էր, որ Եվրոպայից պարտադրված օրենքը նույնասեռականների ամուսնության թույլտվության հիմք կլինի եւ այլն:
«Եւ-եւ»-ի եւ «կամ-կամ»-ի ակտիվ քննարկման ժամանակաշրջանում Հայաստանում հայտնվեց ռուսաստանաբնակ Սերգեյ Կուրղինյանը, որը ներկայանում էր որպես քաղաքագետ: Սակայն չէր նշվում, որ պարոն Կուրղինյանը Ռուսաստանում հանդիսանում է «Суть времени» կազմակերպության նախագահը, որը հակաեվրոպական հայտարարություններ է անում, ընդ որում՝ փորփրելով համացանցը պարզեցինք, որ այս կազմակերպության միջոցառումներն ուղեկցվում են СССР-ի կարմիր դրոշներով եւ մշտապես հնչող լոզունգով` «до встречи в СССР»:
Մեկ այլ ուշագրավ փաստ էլ՝ ծնողական կոմիտեներ սկսեցին գործել հետխորհրդային այն երկրներում, որոնք եւս պետք է ընտրություն կատարեին` կամ մուտք դեպի Մաքսային միություն, կամ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի կնքում: Օրինակ` Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում կան ծնողական կոմիտեներ (թեեւ Վրաստանում ու Մոլդովայում այս կոմիտեներն իրենց գործունեությունը վերջերս պասիվացրել են): Ռուսաստանում գործող ծնողական կոմիտեների գաղափարախոսությանը հարող կազմակերպությունը կոչվում է «Родительское Всероссийское Сопротивление». այս կազմակերպության ղեկավարը Սերգեյ Կուրղինյանի կինն է` Մարիա Մամիկոնյանը:
Հատկանշական է, որ 2013 թվականի փետրվարին այս երկու կազմակերպությունների համատեղ ուժերով կազմակերպված հիմնադիր համագումարին ներկա է գտնվել ոչ միայն ֆինն քաղաքական գործիչ Յոհան Բեկմանը, այլեւ նույնիսկ հենց ինքը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ի դեպ, նույն Յոհան Բեկմանը այս տարվա հոկտեմբերին այցելել է Հայաստան եւ ստորագրել համագործակցության հուշագիր` այս անգամ Համահայկական ծնողական կոմիտեի հետ: Ռուսաստանում կազմակերպված համաժողովից հետո պարոն Կուրղինյանը այցելել է նաեւ Հայաստան. այստեղ տեղի ունեցած ասուլիսներին պարոն Կուրղինյանը կրկին քարկոծեց ներկայիս Եվրոպան:
Որպես հակաեվրոպական քարոզ մեջբերենք մայիսի 27-ին պարոն Կուրղինյանի արած հայտարարությունը. «Կարեւոր հարցադրում է նաեւ, թե ուր է այսօր գնում Եվրոպան ու ինչ կանոններ է առաջ քաշում: Եվրոպական ընտանիքը կրիմինալի զոհն է այսօր: Եվ դեռ հարց է՝ մենք պատրա՞ստ ենք մտնել այդ ընտանիք, կամ գիտե՞նք՝ ինչ կլինի դրա հետ մի քանի տարի հետո: Սա եվրոպական ընտանիքի ընտրության հարց է, ոչ թե սովորական խառն ամուսնության: Նոր Եվրոպան ոչ այլ ինչ է, եթե ոչ կայսրություն, միասնական բանկ, միասնական փոխարժեք, միասնական նախագահ: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ստացվում է՝ բոլոր երկրները համախմբում են աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական կապիտալը: Եվ յուրաքանչյուր պետություն իր սեփական շահերից ելնելով պետք է կողմնորոշվի՝ որտեղ են ազգի շահերը»:
Բացի այդ, պարոն Կուրղինյանը մշտապես նշում էր, որ եվրոպական օրենքները այլասերվածություն են թույլատրում, միասեռականների ամուսնություն եւ այն: Այսինքն՝ ըստ այդ հայտարարությունների՝ իբր եվրոպական նման այլասերված արժեքներն են մտնելու մեր հասարակություն, եթե մենք էլ ընտրենք Եվրամիությունը, այլ ոչ թե Մաքսային միությունը: Մեկ այլ ուշագրավ փաստ էլ. Կուրղինյանի այս հայտարարությունների ֆոնին եւ հենց այդ շրջանում ի հայտ եկավ «Համահայկական ծնողական կոմիտեն», որը պայքարում էր «գենդերային օրենքի դեմ» եւ նույն, կարելի է ասել, «կուրղինյանական» հակաեվրոպական այլասերվածության մասին հայտարարություններ էր անում: Եվ կրկին փորփրելով համացանցը՝ պարզվեց, որ կոմիտեի բոլոր ասուլիսներն ու հայտարարությունները հաջորդում էին Ռուսաստանում գործող նույնանման կազմակերպության միջոցառումներին:
«Համահայկական ծնողական կոմիտեի» ղեկավար Արման Բոշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել իրենց գործունեության մեջ, կազմակերպության ստեղծումն ու հայտարարություններն ուղղակի համընկել են «գենդերային օրենքի» ընդունման ու հասարակության կողմից ակտիվ քննարկման ժամանակաշրջանի հետ: Կարելի է ասել՝ հակաեվրոպական քարոզչության տարածման թիրախը «գենդերային օրենքն» էր ընտրված` տարածելով այն կարծիքը, որ դա այլասերվածության տարածման հիմք է տալիս: Լինելով «թասիբի մեռած», իհարկե, հայ հասարակությունը բուռն կարձագանքեր նման երեւույթին, եւ, բնականաբար, հակաեվրոպական տրամադրություններ կտարածվեին: Սակայն թե իրականում ինչ է կատարվում Եվրոպայում, եւ իրականում որոնք են եվրոպական արժեքները՝ նման քարոզչություն կարծես թե տեղի չունեցավ: Միայն որոշ հասարակական կազմակերպություններ փորձեցին շտկումներ մտցնել «գենդերային օրենքի», այն է՝ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովամն մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հասարակության թյուր պատկերացումների մեջ:
«Առավոտի» հետ զրույցում պարոն Բոշյանն ասաց, որ աշխարհում գործող մոտ 37 ծնողական կոմիտեների հետ կապ ունեն, բայց դա քաղաքական նպատակ չի հետապնդում. կա հուշագիր՝ ստորագրված Ուկրաինայի եւ Ռուսաստանի կազմակերպությունների եւ ֆիննական կազմակերպության հետ. ֆինն Յոհան Բեքմանը, որը նաեւ Ռուսաստանում է, աջակցելու է նյութերի տարածման եւ կոնֆերանսներ կազմակերպելու հարցում. «Ես ողջունում եմ բոլոր երկրների ծնողական կոմիտեներին, որոնք պայքարում են գենդերի դեմ, երեխաների ապագան են փրկում, բոլորի հետ շփվում ենք, նյութեր ենք փոխանցում միմյանց»:
Թե ինչպե՞ս է ֆինանսավորվում հայկական կոմիտեն, քանի որ գոնե ամիսներ տեւած ֆեյսբուքյան գովազդներից կարելի է ենթադրել, որ հսկայական ծախսեր են կատարվում, մեր հարցին պարոն Բոշյանն ասաց, որ ամբողջությամբ ինքնաֆինանսավորվում է, իսկ կազմակերպությունն ըստ էության մեծ ծախսեր չի անում: Պարոն Բոշյանն ասաց, որ իրենք ոչ թե հակաեվրոպական քարոզ են տանում, այլ պայքարում են «գենդեր» եզրույթի դեմ: Մեր այն հարցին էլ՝ արդյոք Ռուսաստա՞նն է ուղղորդում «Համահայկական ծնողական կոմիտեին», պարոն Բոշյանն ասաց` ոչ. «Հունիսին սկսեցինք, մեր համախոհները չէին համաձայնվում, ես միանձնյա որոշում կայացրեցի շարժում սկսելու: Ես գիտեի՝ գենդերը ինչ է, եւ դրա սպառնալիքներից վաղուց տեղյակ էի: Շարժման անունն էլ մտքիս մեջ եռում էր, արդեն ծանոթ էի Ուկրաինայում գործող կոմիտեից ու այդպես անունն ընտրեցի: Այդ լեգենդները, որ Ռուսաստան-Եվրաասոցացման պայմանագիր… ռուսներին շատ պե՞տք է՝ այստեղ գենդեր կա, թե՞ ոչ, իրենք իրենց «վայեննի» բազան ունեն, տանկերն ունեն, որ ուզենան՝ իրենց հարցերը կլուծեն»: Հաստատելու համար, որ իրականում հակաեվրոպական պայքար չէ, այլ ընդամենը գենդերի դեմ, պարոն Բոշյանը հատ-հատ նորից ներկայացրեց օրենքից բխող, իր պատկերացմամբ՝ սպառնալիքները: Ըստ Բոշյանի՝ արդեն ընդունված «Տղամարդկանց եւ կանանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում ընդհանրապես պետք է վերացնել գենդեր եզրույթը: Գենդերն, ինչպես օրենքում է ձեւակերպված, տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարքն է, որը Բոշյանի մեկնաբանությամբ` նշանակում է՝ «Տղամարդը կարող է կնոջ վարք ձեռք բերի եւ հակառակը. սա հենց տրանսվեստիտի արտահայտումն է, գրված չէ, որ նման բան չի կարող լինել, գրված է ցանկացած տիպի վարք, որը կարող է ձեռք բերել մարդ: Նույնասեռականությունը ձեռքբերովի վարք է: Ես դեմ եմ, որ անչափահասներին տրանսվեստիտը դասավանդի, իսկ այս օրենքը դա թույլ է տալիս»…
Միջազգային փորձագետների հետ աշխատելու բավականին մեծ փորձ ունեցող կազմակերպություններից մեկն էլ գենդերի մասին պարոն Բոշյանի պատկերացումն ապատեղեկատվություն է համարում եւ օրենքում տրանսվեստը անչափահասին դասավանդելու ոչ մի հիմք չի տալիս: «Առավոտի» հետ զրույցում «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լիդա Մինասյանն էլ ներկայացրեց գենդերի միջազգային ձեւակերպումը. «Օրենքում ձեւակերպվում է, թե ինչ բան է գենդերը եւ գենդերային հավասարությունը: Սեռը վերաբերում է մարդկանց կենսաբանական հատկանիշներին, իսկ գենդերը՝ այն ընկալումներին, զգացմունքներին եւ վարքին, որը տվյալ հասարակությունն ասոցացնում է անձի կենսաբանական սեռի հետ: (www.apa.org/pi/lgbt/resources/sexuality-definitions.pdf): Այլ կերպ ասած՝ գենդերը սոցիալապես ամրագրված, այսինքն՝ հասարակության մեջ ընդունելի վարքն է, որը վերագրում են կանանց եւ տղամարդկանց: Օրենքում գրված է ձեռքբերովի, որովհետեւ եւ տղամարդիկ, եւ կանայք կյանքի ընթացքում սովորում են վարքի նմուշներ, որոնք հասարակությունը վերագրում է տղամարդուն կամ կնոջը: Ասենք՝ կանայք սովորում են ավելի համեստ, հնազանդ եւ ենթարկվող լինել, տղամարդիկ սովորում են ավելի կոպիտ լինել, որոշում կայացնող կամ էմոցիաներն ավելի քիչ արտահայտել: Ինչ վերաբերում է գենդերային հավասարությանը, ապա դա տղամարդկանց եւ կանանց իրավունքների, պարտականությունների եւ հնարավորությունների հավասարությունն է, որը դրսեւորվում է տարբեր ոլորտներում` սոցիալական, քաղաքական, մշակութային, եւ իրենից ենթադրում է իրավական կարգավիճակ: Այսպես է սահմանված նաեւ ՄԱԿ-ի մի շարք փաստաթղթերում»:
Պարոն Բոշանի խոսքերով` ՄԱԿ-ի 1993 թվականի կոնվենցիան է եղել այս օրենքի հիմքում, որտեղ գենդեր բառ չկա: Մեր հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս մեր օրենքում դա հայտնվեց, Բոշյանն ասաց. «Գենդերը Հայաստանը կամավոր է մտցրել, պատճառը՝ Հայաստանը պետք է ինտեգրվի Եվրամիությանը»: Պարոն Բոշյանի ներկայացմամբ` ըստ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի՝ գենդերաին ինքնությունը այս կամ այն անձի գենդերային պատկանելությունն է, որը կարող է համընկնել կամ չհամընկնել բնատուր սեռի հետ, որը կարող է ուղեկցվել բժշկական վիրահատական եւ այլ միջոցներով, վարքի փոփոխության, ներառյալ խոսքը, հագուստը, վարքագիծը. «Այսինքն՝ սրանով սեռափոխության իրավունքն են մտցնում, քանի որ օրենքում նաեւ նշվում է, որ միջազգային նորմերն են գերիշխելու Հայաստանում»: Բոշյանի ներկայացրած այս վտանգավոր կետի վերաբերյալ էլ «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի ներկայացուցիչն ասաց, որ մեր «գենդերային օրենքում» գենդերային ինքնության մասին ընդհանրապես բառ անգամ չկա, եւ ըստ էության, պարոն Բոշյանը անտեղի մեջբերում է կատարում եւ թյուրիմացության մեջ գցում հասարակությանը. «Գենդերի ինքնությունը ոչ մի աղերս չունի գենդերային հավասարության հետ: Չի կարելի ապատեղեկատվություն տարածել բառախաղի միջոցով եւ մանիպուլյացիաներ օգտագործել` մարդկանց շփոթեցնելու համար»:
Բոշյանը օրենքի մեկ այլ՝ 3-րդ հոդվածն էլ է վտանգավոր համարում` «Գենդերային կարծրատիպեր՝ կանանց եւ տղամարդկանց միջեւ ցանկացած տարբերությունների մասին տվյալ ժամանակահատվածում տվյալ հասարակության մեջ առկա կարծրացած պատկերացումներ: Հ/կ-ներն ասում են` կարծրատիպը, երբ կինը անպայման պիտի խոհանոցում լինի, իսկ այստեղ այդպես չէ գրված, այստեղ գրված է` ցանկացած տարբերություն, այսինքն` իմ եւ ձեր միջեւ տարբերությունը կարծրատիպ է: Կնոջ եւ տղամարդու իրավունքներն եք պաշտպանում, գրեք՝ կնոջ եւ տղամարդու: Մշակույթն ու արժեհամակարգն է շեշտում ու որոշում կնոջ եւ տղամարդու կարծրատիպերն ու տարբերությունը, վարքը»: Ուսումնասիրելով օրենքը, սակայն, պարզեցինք, որ պարոն Բոշյանի նշած կարծրատիպերին վերաբերող հոդվածում «ցանկացած տարբերություն» բառակապակցություն գոյություն անգամ չունի: Ինչ վերաբերում է կարծրատիպերի հասկացությանը, ապա հ/կ ներկայացուցիչ Նոնա Արուճյանն այլ պարզաբանում տվեց. «Օրինակ՝ նույնիսկ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրապարակայնորեն հայտարարում է, որ հայ կինը չպիտի խաղա ֆուտբոլ, որովհետեւ հայ կին է, որովհետեւ հայ հայրը երբեք թույլ չի տա, որ իր աղջիկը ֆուտբոլ խաղա: Եվ սա այն պարագայում, երբ «ոչ կանացի» մարզաձեւում հաղթած կին մարզիկներով հպարտանում է ողջ ազգը: Օրենքը կոչված է պայքարելու հենց նման կարծրատիպերի դեմ: Ինչ վերաբերում է գենդերային հավասարություն եւ գենդերային ինքնություն տերմինների միջեւ զուգահեռներ անցկացնելուն, կեսկատակ-կեսլուրջ ասեմ՝ նույնն է, թե զուգահեռ անցկացնել «զուգարանի թղթի» եւ «շուշաթղթի» միջեւ»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/12/25/418278/
Այցելեք «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի նոր բլոգը՝ նվիրված «Կանաց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի քննարկմանը . http://law57.swv.am/sample-page/
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Հասարակության անտեղյակությունն օգտագործվեց աշխարհաքաղաքական ինտրիգների համար»…
Հիմնվե՛ք փաստերի վրա. Գենդերային հավասարություն/ տեսահոլովակներ
ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հայտարարությունը
«Գենդեր» եզրույթը «սեռ» բառով փոխարինելու առաջարկը մերժվեց
Աշխատանքային հանդիպում Ազգային ժողովում. «Գենդեր»-ի դեմ պայքարը իրավական հիմքեր չունի
«Գենդեր» եզրույթի հետ կապված փոփոխությունները հետաձգվեցին. մանրամասներ քննարկումից
Բազմաչարչար օրինագիծը` կրկին կառավարությունում
Ջեմմա Հասրաթյան. « Օրենքի սխալ ու աղավաղված ներկայացումը հանրությանը անընդունելի է »
Oրենքն անհրաժեշտ է ճիշտ մեկնաբանել և լուսաբանել…/ հարցում
Լարա Ահարոնյան. «Պետք էր ոչ թե հանել «գենդեր» տերմինը, այլ բացատրել դրա նշանակությունը…»
Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի հայտարարությունը
Փորձենք հասկանալ ինչի մասին է օրենքը / «Բանաձեւ» հաղորդում
ՀՀ վարչապետ. «Օրենքի նպատակը հասարակական կյանքում կանանց դերի մեծացումն ու խթանումն է»
Դիտումների քանակը` 4282