Հադրութի համն ու հոտը Երևան բերած քույրերը՝ Իննա և Նարինե Սարգսյաններ

 

Հադրութցի Իննա Սարգսյանի կյանքը հիմնովին փոխվեց սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով: Նախորդ երեկոյան ընտանեկան ճաշկերույթը վերջին երջանիկ օրն էր նրանց մեծ ընտանիքի համար.

 

«Այդ օրը քույրս և եղբայրս իրենց ընտանիքներով մեր տանն էին: Բակում մեծ սեղան դրեցինք: Ձմեռվա համար պատրաստած պահածոները տարանք նկուղ, որ տաղավարում ճաշի սեղանի համար տարածք ազատվի: Ի՞նչ իմանայինք, որ ընդամենը երկու շաբաթ անց իմ ձեռքով փակված պահածոները թուրքերն են վայելելու»,- պատմում է տիկին Իննան:

 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Հադրութի վրա ընկած միանգամից 7 արկերը գուժեցին՝ պատերազմ է: Քրոջը և երեխաներին Երևան ճանապարհելուց հետո տիկին Իննան դեռ 10 օր մնաց Հադրութում.

 

«Հադրութ մտնելիս՝ առաջինը մեր խանութը կտեսնեիք: Մենք «Կատարո»-ից հետո երկրորդ ամենախոշոր հարկատուն էինք: 20 տարի մեր ուժերով աշխատել և ընտանեկան բիզնես էինք հիմնել: Առաջին տարիներին ես և քույրս էինք ամուսնուս աջակցում, ամեն գործ ինքներս էինք անում՝ մաքրությունից մինչև հաշվապահություն: Տարիներ անց, երբ արդեն կարող էինք աշխատակիցներ ընդունել, ես որոշ շրջան տանը մնացի: Մտածում էի դպրոց վերադառնալու մասին, քանի որ ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի եմ, բայց ամուսինս խորհուրդ տվեց զբաղվել մի բանով, ինչն ինձ ավելի մեծ հաճույք կպատճառի: Ես թխվածք շատ եմ սիրում ու հաճախ էի թխում: Այդ ժամանակ արդեն ամուսինս ինձ և քրոջս աջակցեց և խանութում մի հատված տվեց մեզ՝ խմորեղենի համար»,- պատմում է տիկին Իննան:

 

Քույրերի խմորեղենի քաղցր համբավը շատ արագ տարածվեց Հադրութով մեկ: Իննան և Մարինեն խոստովանում են՝ Հադրութում իրենց գործն ավելի շատ էր, քան այսօր՝ Երևանում: Պատերազմի 10-րդ օրը վիրավոր եղբոր հետ Հադրութից դուրս գալիս՝ տիկին Իննան վերցրել է միայն փաստաթղթերը և գերմանական մեծ հարիչը. Ուսանող որդու նվերն էր մորը, որ Հադրութ էր հասցրել Գերմանիայից.

 

«Հադրութում ամեն ինչ այլ էր: Հիմա մտածում եմ՝ 20 տարուց ավելի աշխատել ու մեր գործն էինք հիմնել, մեր երազանքների տունը կառուցել: Նոր-նոր սկսել էինք կյանքը վայելել: Եվ հանկարծ, մի օրում, ամեն ինչ կորցրեցինք: Ես, իհարկե, այդ մասին շատ չեմ մտածում, իրավունք չունեմ թողածի մասին մտածելու, որովհետև շատ-շատ ծնողներ Հադրութում իրենց զավակներին թողեցին… Եղբորս տղան էլ անհետ կորած է: Վերջին օրը Շուշիում է կորել…Իսկ մենք… Կարևորը, որ մենք ողջ ենք, իրար կողքի: Կաշխատենք, կապրենք»,- ասում է տիկին Իննան ու հայացքը թաքցնում քրոջից, ով ծածուկ սրբում է թաց աչքերը:

 

 

Hadrut’s Bakery-ն Երևանում իր գործունեության 1.5 ամսում արդեն հասցրել է մշտական հաճախորդներ ձեռք բերել: Ամենապահանջված խմորեղենը քույրերի հայտնի մեղրով փախլավան է: Տիկին Իննան խոստովանում է՝ իր փախլավայի համի գաղտնիքը անարատ մեղրն է. Եթե մեղրը լավն է, ոչ մի համեմունք այլևս պետք չէ.

 

«Այստեղ հաճախորդներ ունենք, որ ամեն անգամ հյուր գնալիս՝ մտնում են, մի տուփ խմորեղեն գնում մեզանից: Ես հասկանում եմ, որ կարող էին այլ բան տանել, բայց իրենք գալիս են մեր խմորեղենը գնելու: Ես դրանից շատ շոյվում և հուզվում եմ: Դա աջակցության շատ կարևոր ու նուրբ ժեստ է, որն այս օրերին շատ անհրաժեշտ է»,- ասում է տիկին Իննան:

 

 

Երևանցի հաճախորդները դեռ սովոր չեն Հադրութի գաթային, որն ավելի փափուկ է և խորիզի մեջ ընկույզ կա: Քույրերը, սակայն, վստահ են. շուտով այս գաթան էլ սիրված կդառնա, որովհետև սիրով պատրաստված ամեն թխվածք համեղ է.

 

«Այո, մենք մեծ բիզնես ենք կորցրել, այստեղ ստիպված ենք ամեն ինչ 0-ից սկսել: Դեռ միայն օրվա հացի փող ենք վաստակում: Բայց ես այդ ամենից չեմ վհատվում: Ես որոշել եմ՝ Հադրութում թողած տնից ավելի մեծն եմ սարքելու, երեխաներիս համար հարսանիքներ եմ անելու: Կաշխատենք, կանենք, միայն թե խաղաղություն լինի»,- ասում է տիկին Իննան:

 

Սոնա Մարտիրոսյան

 

 

 

Դիտումների քանակը` 1249

Գլխավոր էջ