«Կանայք ընտրական գործընթացներում. ամփոփելով 2017 թվականը»

Դեկտեմբերի 18-ին կայացած «Կանայք ընտարական գործընթացներում. ամփոփելով 2017 թվականը» միջոցառման առանցքում էին քաղաքականության մեջ  կանանց մասնակցության հիմնախնդիրները:  Թեման առավել քան արդիական է այս տարի տեղի ունեցած խորհրդարանական, Երևանի ավագանու և ՏԻՄ ընտրությունների արդյունքների համատեքստում: 

 

Նշենք, որ միջոցառումը նվիրված էր «Խթանելով  կանանց  քաղաքական  մասնակցությունը Հայաստանում»  ծրագրի ամփոփմանը, որը իրականացվել էր այս տարվա ընթացքում «ՕքսԵՋեն» Երիտասարդության  և  կանանց  իրավունքների  պաշտպանության  հիմնադրամի, WomenNet.am կայքի և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ,  Շվեդիայի  կառավարության  ֆինանսական աջակցությամբ:

 

Միջոցառման  մասնակիցներին ուղղված  ողջույնի  խոսքում  «ՕքսԵՋեն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը կարևորեց  ծրագրի  դերը տարբեր մակարդակներում  կանանց իրազեկվածության  և  ինքնագիտակցության  բարձրացման, իրենց իրավունքների պաշտպանության,  ինչպես  նաև քաղաքական  ասպարեզում լրջագույն դերակատարներ  դառնալու  գործում: Անդրադառնալով ծրագրի շրջանակներում դեռևս խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պատրաստված «Կանանց օրակարգ»-ին, Մ. Հակոբյանը  նշեց, որ այն շարունակում է ուժի մեջ մնալ , քանի որ հիմնված է  փաստերի և իր մեջ ներառ է  սոցիալական, տնտեսական, քաղաքական բոլոր հիմնախնդիրները, որոնց բախվում են   կանայք իրենց գործունեության ընթացքում:

 

Շվեդիայում  քաղաքականության  մեջ կանանց  ներգրավվածության  փորձի  ամփոփ նկարագիրը ներկայացնեիս Երևանում Շվեդիայի դեսպանության գործերի  հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը նշեց, որ Հայաստանում այս ուղղությամբ արձանագրված արդյունքները կարելի է  հաջոցված  համարել: Ըստ  նրա, Շվեդիայում 1921 թվին կանայք ընտրելու իրավունք ստացան, սակայն միայն  1985 թվականին նրանց հաջողվեց խորհրդարանում ապահովել  19 տոկոս մասնակցություն: Մ. Ֆրեդրիկսոնը հավելեց նաև, որ Հայաստանի Հանրապետության խորհրադարանում  կանանց  ներգրավվածության  ցուցանիշները զգալի  քայլ առաջ են դեպի հավասարություն:

 

«ՕքսԵՋեն» հիմնադրամի Շահերի  պաշտպանության  պատասխանատու Անուշ Խաչատրյանը խոսելով ծրագրի արդյունքերի մասին նշեց, որ ծրագիրն երեք ուղղությամբ է  ընթացել՝ ընտրություններում կանանց մասնակցության  մշտադիտարկում, կին թեկնածուներին  աջակցություն,  «Կանանց օրակարգ»-ի  ներկայացում:  Նրա խոսքով, քաղաքականության  մեջ  կանանց  ներգրավվածության  և ակտիվացման խթանմանն ուղղված  այս   ծրագրի նպատակն էր ոչ միայն ԱԺ-ում և ՏԻՄ համակարգում կանանց թվի ավելացման  աջակցությունն էր,  այլև բարձր ամբիոններից  հասարակական  հնչեղություն ունեցող կանանց հիմնախնդիրների  բարձրաձայնումը:  «Կանանց օրակարգ»-ն այդ համատեքստում  կուսակցությունների և հասարակական սեկտորի համագործակցության հարթակ դարձավ:

 

«Անցնող տարվա ընթացքում երեք խոշոր ընտրություններ են եղել՝ ԱԺ ընտրություններ, Երևանի ավագանու ու ՏԻՄ ընտրություններ: Մենք փորձեցինք աջակցել ընտրություններում առաջադրված կանանց՝ հարթակ տրամադրելով կուսակցությունների ցուցակներում առաջին տասնայակներում ներկայացված կին թեկնածուներին WomenNet.am կայքում: Նույն կերպ աջակցել ենք նաև ՏԻՄ ընտրությունների մասնակից կանանց», – ասաց  WomenNet.am-ի խմբագիր Թամարա Հովնաթանյանը: Նրա ներկայացմամբ, ծրագրի շրջանակում նաև նախընտրական ու հետընտրական գործընթացներում կանանց մասնակցության մշտադիտարկում էին իրականացրել, բացի այդ  հետևել և վերլուծել են կին գործիչների հասցեին հնչող քննադատությունը՝ փորձ անելով գրավել հանրության ուշադրությունը քաղաքական սեքսիզմի դրսևորումներին: 

 

Ծրագրի շրջանակում կատարված և միջոցառման ընթացքում  ներկայացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ  Ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային քվոտան  էական ազդեցություն թողեց համամասնական ընտրակարգով անցկացված բոլոր ընտրությունների վրա՝ բարձրացնելով կանանց  ներկայացվածությունը ընտրված մարմիններում: Ընդ որում, քվոտան լավագույնս աշխատեց Երևանի ավագանու ընտրություններում, ինչի հետևանքով կանանց ներկայացվածությունն այստեղ  դարձավ 28%: Ազգային  ժողովում ավելի պակաս արդյունք արձանագրվեց տարածքային ցուցակների կիրառման պատճառով: Սակայն այն փաստը, որ Ազգային ժողովում   այսօր կանանց   ներկայացվածությունը նախորդ գումարման համեմատ բարձրացել է և 18 %  է կազմում, արդեն իսկ  անմիջական ազդեցություն է ունեցել երկրի վարկանիշի վրա: Այսպես, Միջխորհրադարանակ միության տվյալներով Հայաստանը 160 րդ տեղից բարձրացավ 110-րդ տեղը, իսկ Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հաշվարկվող Gender Gap Index –ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքերը բարելավել են հինգ տեղով: Այնուամենայնիվ  այդ արդյունքը բավարար համարել չի կարելի՝ աշխարհից հետ ենք մնում, քանի որ խորհրդարաններում ներկայայցվածության  միջին ցուցանիշը 23.4 % է, ԵԱՀԿ անդամ պետությունների շրջանում՝ 26%, իսկ 18 %-ը  – դա արաբական երկրների միջին ցուցանիշն է: 

 

 

Քննարկմանը  մասնակցող ՀՀ ԱԺ  պատգամավոր, «Հայաստանի  Հանրապետական  կուսակցություն» խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանի համոզմամբ քաղաքականության  մեջ  կանանց  ակտիվության  բարձրացման փաստը վկայում է  նրանց  հաստատակամության ու նպատակասլացության  մասին:

 

Իհարկե, որքան էլ այդ ուղղությամբ ունենք առաջընթաց, հատկապես եթե հաշվի առնենք, որ ԱԺում կանանց 6 %  ներկայացվածությունn այսօր բավականին բարձրացել էայնուհանդերձ մենք ունենք անելիքներինչու չէնաև պահանջ, ակնակլիքներայդ թիվն էլ ավելի բարձրացնելու համար: Մենք պետք է շեշտը դնենք ոչ այնքան մարդկանց թվի, այլ ներուժի, կարողությունների վրա, որպեսզի երկրի համար կարևոր որոշումներում  կանայք  և տղամարդիկ ունենան հավասար հնարավորություններ: Մենք ուզում ենք, որ կարևորագույն պաշտոններում կանանց ներկայացվածությունն էլ ավելի մեծանա, քանի որ այդ դեպքում բազմակարծությունն ավելի արդյունավետ լուծումներ կունենա, ուզում ենք ունենալ այն հնարավորությունը, որ կարևորագույն հարթակներում առկա  լինեն կնոջ աչքն ու  խորաթափանց ընկալումը:

 

ՀՀ Ազգային  ժողովի  պատգամավոր, <Ելք>  խմբակցության  ներկայացուցիչ Լենա Նազարյանի  համոզմամբ, թեև  այսօր կանայք  կազմում են Հայաստանի  բնակչության  շուրջ  52 % -ը, այնուհանդերձ  նրանք միմյանցից  օտարված են:

 

 -Հավաքական  իմաստով կանայք,  ցավոք  սրտի, միմյանց  հանդեպ  սոցիալական  հենարան  չեն: Մարդկայնորեն, իհարկե, շատ հարցերում մենք օգնում ենք միմյանցբայց չենք գիտակցում մեր հավաքական ուժը և  այն  չենք  օգտագործում  մեր  շահերի պաշտպանության համարԿանայք չեն բարձրաձայնում միմյանց խնդիրները, չեն զորակցում միմյանց, չեն բարձրաձայնում իրենց  ընկերուհու,  բարեկամի,  հարևանի հանդեպ  կիրառվող  բռնության  դեպքերի մասին: Սա գուցե հնչի որպես մեղադրանք, բայց ես գտնում եմ, որ կանայք միմյանց օգնելով պետք է աջակցեն բոլոր բնագավառներում իրենց խնդիրների լուծման համար: սակայն այսօր ստիպված ենք փաստելու, որ կանայք  չեն մասնակցում երկրի համար կարևոր որոշումների լուծմանը, նրանք բավարար ներկայացված չեն իշխանության այս կամ այն ճյուղում…
Ինձ հաճախ հարցնում են, թե ինչպես եմ ես զգում ինձ ԱԺում տղամարդկանց միջավայրում, ես պատասխանում եմ, որ շատ լավ, քանի որ գտնում եմ, որ ԱԺն իմ տեղն է : Որքան էլ դժվարություններ կան, սակայն ես ի զորու եմ հաղթահարել դրանք: Երբեք չեմ տրտնջալու, տրամադրված եմ լավ աշխատել, որովհետև գտնում եմ, որ պատգամավորի գործունեությունը հանրային կարևոր նշանակություն ունեցող աշխատանք է: Իմ կարծիքով,  հանրային  շահը  պաշտպանելու  համար  չօգտագործել քո ռեսուրսը,  նշանակում է պարզապես ԱԺ-ում  ժամանակ անցկացնել,  ինչն  ինձ  համար  անընդունելի է:

 

ԱԺ-ում կանանց ներգրավվածության բարձրացման և դրա հետ կապված փոփոխությունների մասին խոսեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը՝ նկատելով, որ ԱԺ-ում  տիրող մթնոլորտը , քաղաքական  մշակույթը փոխվել է և դրանում   մեծ  ներդրում ունեն  կանայք, ովքեր կաշկանդված չեն, կարողանում են ներկայացնել հարցեր և առաջարկել լուծման ուղիներ:

 

– Եթե մտահոգված ենոք կանանց քաղաքական մասնակցության խնդրով, ապա   պետք է սկսենք կրթությունից: Անչափ կարևորում եմ աղջիկ երեխայի դաստիարակությունը: Մենք՝ կանայքս, շատ բան ունենք անելու, որովհետև երեխայի դաստիարակությամբ հիմնականում զբաղվում է մայրը և եթե մայրը աղջկան ասում է, որ քո միակ ամենամեծ նպատակը պետք է լինի դիպլոմն ու հաջող ամուսնությունը, հետագայում մենք այդ երեխայից մենք ոչ մի սպասելիք չենք կարող ունենալ:

 

ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ փոխնախագահ, գենդերային հարցերով փորձագետ Լիլիթ Զաքարյանը՝  անդրադառնալով ՏԻՄ համակարգում կանանց ներկայացվածության  խնդրին  նշեց, որ  այդ  ոլորտում արձանագրվել է հետընթաց, քանի որ խոշորացման  ընտրությունների արդյունքում,  այսօրհանարապետությունում  համայնքապետի  պաշտոնում  ընդամենը 7 կին է մնացել, իսկ այս տարվա կայացած ավագանու ընտրություններում  ընդամենը 5% կին է ընտրվել:

 

Երևանի ավագանի «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը Երևանի ավագանու  ընտրություններում 28 տոկոս ընտրված կանանց  հաղթանակը համարում է լավագույն ցուցանիշ:

Ես մասնակցել եմ ընտրություններին և հասկացել եմ մի բան, որ երբ կանայք գիտեն, թե ինչ և ինչու են ուզում  մասնակցել  ընտրություններին, ապա  նրանց պայքարն անպայման պսակվում է հաջողությամբ: Եվ երբ նրանք ձգտում են  նպատակին, նրանց  հաջողվում է  հաղթահարել  նաև ընտանեկան բոլոր խնդիրները: Իսկ երբ մարդը չունի մոտիվացիա, չունի իր առջև դրած խնդիր, այդ դեպքում  ինչու՞ պետք է  ցանկանա  դառնալ ավագանու անդամ:

Իսկ, ահա Գոմք  համայնքի  կոոպերատիվի  նախագահ Նունե Ավագյանի կարծիքով մարզային շատ բնակավայրերում հասարակությունը դեռևս  չի  հանդուրժում  ավագանու կին անդամի ներկայությունը:

Կանայք շատ խնդիրների են բախվում  առաջադրվելու դեպքում՝ ընտանիքը համաձայն չի, միջավայրի կարծիքը բացասական է, սակայն կանայք պետք է ինչոր ձևով ակտիվանան, աշխատեն այդ ուղղությամբ: Համայնքներում դա լուրջ խնդիր է: Կարծում եմ, որ գյուղերում պետք է պարբերաբար անցկացնել սեմինարներ, որոնք կնպաստեն  կանանց ինքնագիտակցության և տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը: Պետք է  ուղիներ փնտրել գտնել համայնքային գործունեությանը կանանց  մասնակցությունն ակտիվացնելու ուղղությամբ: Մարդիկ հաճախ չենք էլ պատկերացնում, թե ինչ է ավագանին: Բայց ունենք չէ՞ կանայք, ովքեր շատ ավելի լավ գիտեն օրենքերը, աշխատանքը լավ են պատկերացնում, պարզապես պետք է  փոխել հասարակական ընկալումը:

Եղեգնաձոր համայնքի ավագանի Նարինե Գրիգորյանը համայնքային  խնդիրների լուծման  բանալին  նույնպես տեսնում է  կրթության և կրթվածության մեջ:

-Միայն այդ դեպքում հնարավոր է կոտրել կարծրատիպերը: Դա պետք է սովորեցնել դպրոցից: Ես իմ անձնական փորձով աշակերտներիս ցույց  տվեցի, որ  կարելի է  ունենալ  համարձակություն, լինել երկրի  իսկական  քաղաքացի: Խոշորացված  հանայնքի ղեկավարի կամ  ավագանու անդամի ընտրապայքարում   կանայք  պասիվ են,  պատճառն այն է, որ ընտրական ողջ  պայքարը սկզբունքների ու  գաղափարների  պայքար չէ, ուստի  կանայք հաջորդ  անգամ  չեն  ցանկանում  մասնակցել ընտրապայքարին: Ես  կարծում եմ, որ այդ  ընտրություններում  կանանց  նվազ մասնակցության մեղավորը  նաև մենք՝  կանայքս  ենք,   միգուցե մենք չե՞նք եղել այն օրինակը, որով  կոգեշնչվեին նաև խոշորացված համայնքերի կանայք ու  մեր  օրինակով  կանցնեին այդ ուղին: Պակաս  կարևոր չէ  նաև  խոշորացվող համայնքներում կանանց ճանաչվածության  խնդիրը: Միայն այդ դեպքում հնարավոր է հաղթահարել դժվարությունները և հասնել ցանկալի արդյունքի: 

 

 

Միջոցառումը զուգորդվում էր  «Սեքսիզմ. Նկարի՛ր, մի՛ լռիր, կանխի՛ր» թեմայով ծաղրանկարների ցուցադրությամբ, որոնք արտացոլում էին  մեր  հասարակության մեջ  կանանց  նկատմամբ  խտրականության  ամենատարբեր դրսևորումները: Ծաղրանկարների  մրցույթի արդյունքերը  ներկայացրեց «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ
ներկայացուցիչ  Գոռ Պետրոսյանը: Մրցույթին  մասնակցած 37 մասնակիցներից  հաղթող  ճանաչվեցին  Արսեն Գևորգյանը, Անուշ Գրիգորյանը և Լուիզա Հարությունյանը:

 

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 3291

Գլխավոր էջ