Կրկին մանկապարտեզների աշխատանքային ժամերի մասին. պատասխան քաղաքապետարանից
Վերջերս WomenNet.am-ը անդրադարձել էր Երևանում մանկապարտեզների աշխատանքային ժամերի խնդրին՝ նշելով, որ սահմանված աշխատաժամերը լուրջ խնդիր են առաջացնում այն ծնողների համար, որոնք ցանկանում են աշխատանքի վերադառնալ: Հիշատակել էինք, որ Երևանի ավագանու նախորդ կազմն այս հարցը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել՝ առաջարկելով փոփոխություններ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում, ըստ այդմ, մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողներից մեկին իրավունք տալ աշխատանքն ավարտել սովորականից շուտ: Սակայն այդ առաջարկը մերժվել էր: Առաջարկի հեղինակն, ի դեպ, ներկայումս ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն էր:
WomenNet.am-ը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան, որպեսզի պարզի, թե որքանո՞վ է ներկայիս քաղաքային իշխանությունը հետաքրքրված այս խնդրով, արդյոք այն իրենց օրակարգում է, հատկապես քաղաքապետ Հայկ Մարությանի մանկապարտեզների մասով հայտարարությունների ֆոնին: Մենք ցանկանում էինք պարզել կա, արդյոք, քաղաքապետարանի օրակարգում մանկապարտեզների աշխատանքային ժամերի երկարացման հարցը: Ինչպիսի՞ լուծում պետք է ստանա այս հարցը, որպեսզի չխախտվեն նաև մանկապարտեզների աշխատակիցների աշխատանքային իրավունքները: Մենք նաև փորձեցինք ճշտել, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունեն այս հարցում ներկայիս Երևանի ավագանու անդամները:
Ի զարմանս՝ քաղաքապետարանից պատասխանը եկավ շատ արագ, բայց իր բովանդակությամբ ոչինչ չասող: Պատասխանում քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից ուղղակի հիշեցրել էին այն, ինչ մինչ այդ էլ հայտնի էր, բայց բուն հարցերի էությանը անդրադարձ չէր արվել: Ահա պատասխանը.
«Երևանի քաղաքապետի 2011թ. հունիսի 30-ի 2833-Ա որոշմամբ, համայնքային ենթակայության մանկապարտեզներում երեխաներին պահելու ժամերը սահմանվել են 8.30-17.30-ը: Աշխատող ծնողներին ընդառաջելու նպատակով՝ թվով 39 նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին պահելու տևողությունը սահմանվել է մինչև ժամը 19.00: Թվով 13 մանկապարտեզներում գործում են երկարօրյա խմբեր՝ վերոնշյալ որոշման համաձայն: Որոշմամբ հաստատված ցանկում ներառված մյուս մանկապարտեզներում երկարօրյա խմբեր չեն գործում՝ պահանջարկ չլինելու պատճառով կամ ծնողները հրաժարվում են երեխաներին ընդգրկել տարբեր տարիքային խմբերից կազմված խառը խմբում՝ դաստիարակի փոփոխությամբ»,- ասված էր պատասխանում:
Ինչպիսի դիրքորոշում ունի ավագանին
Նմանատիպ պատասխան քաղաքապետարանից նույն այս խնդրի առնչությամբ ստացել էր նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը: Facebook-ի իր էջում նա անդրադարձել է խնդրին , ինչպես նաև հրապարակել իր կողմից ստացված պատասխանը.
«Այսօր մանկապարտեզ հաճախող երեխաների աշխատող մայրերի համար խնդիր են հանդիսանում մանկապարտեզի աշխատանքային ժամերը։ Բանն այն է, որ մարդկանց աշխատանքն ավարտվում է հիմնականում 18․00-ին, իսկ մանկապարտեզը փակվում է 17․30-ին։ Գաղտնիք չէ, որ Երևանի որոշ մանկապարտեզներ ունեն երկարօրյա խմբեր, որոնք ստեղծվել են հենց այս խնդրին լուծում տալու համար։ Ես հասկանում եմ, որ սա համակարգային լուծում չէ, այս ուղղությամբ պիտի աշխատանքներ տարվեն։ Բայց եղած երկարօրյաներն այս պահին արդեն կարող էին աշխատող մայրերի թեկուզ մի մասի համար լուծում հանդիսանալ։ Սակայն ես վաղուց նկատել էի, որ այդ խմբերից շատերը փաստացի չեն գործում։ Այդ պատճառով որոշեցի հարցում ուղարկել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն՝ պարզելու համար, թե որ մանկապարտեզներում կան երկարօրյա խմբերը, արդյո՞ք դրանք առհասարակ գործում են։ Պարզվեց, որ այո, ինչպես և գիտեինք շատերս, Երևանի «թվով 39 նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին պահելու տևողությունը սահմանվել է մինչև 19․00-ն, սակայն ծնողների կողմից պահանջարկ չլինելու պատճառով երկարօրյա խմբերը գործում են միայն թվով 13 մանկապարտեզներում (հ․ 5, 15, 23, 25, 26, 31, 43, 44, 50, 61, 114, 126, 133)»։ Կցում եմ 39 մանկապարտեզների ամբողջական ցանկը, որտեղ կարող են լինել երկարօրյա խմբեր։ Եթե ձեր երեխան հաճախում է այդ ցանկի 39 մանկապարտեզներից մեկը, և դուք ունեք երկարօրյայի կարիք, ձեր իրավունքն է պահանջել, որպեսզի երկարօրյայի խումբը սկսի գործել։ Եկեք հասկանանք, առհասարակ երկարօրյայի պահանջարկը կա՞, թե՞ իրոք չկա։ Մանկապարտեզների ցանկը կարող եք տեսնել լուսանկարներում»։
Տիկին Ջավախյանը իրավացի է, երբ պնդում է, որ ծնողները պետք է պահանջեն երկարօրյա խմբերի գործունեության ակտիվացում այն մանկապարտեզներում, որոնք առկա են ցանկում: Խնդիրը պարզապես նրանում է, որ նման դեպքերում ծնողները ենթարկվում են հոգեբանական ճնշման, որը տեղավորվում է «մի երեխայի համար հո խումբ չի գործելու», «բոլորը կարողանում են այս հարցը լուծել, դու ինչի ես խնդիր սարքում», որոշ դեպքերում էլ՝ «ախր երեխան մեղք է ամբողջ օրը առանց ծնողի ու հարազատի»: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք. անգամ օրենքով երկարօրյա խմբեր ունեցող նախադպրոցական հաստատություններում երեխաներին ծնողները ստիպված են վերցնել ամենաուշը 17,30-ին:
Պահանջարկի բացակայության մասին լուրերը չափազանցված են…
WomenNet.am-ի հետ զրույցում 33-ամյա Աննա Կարապետյանը պատմեց, որ իր երեխայի հաճախած մանկապարտեզում երկարօրյա խմբեր թեև չեն գործում, բայց ինքը և իր բալիկի խմբից երեք երեխայի ծնող դիմել են ղեկավարությանը, որպեսզի կարողանան այս խնդիրը լուծել:
«Մենք հասկանում ենք, որ երկարօրյա խումբ մեր մանկապարտեզում չի գործում, այդ իսկ պատճառով առաջարկեցինք մեր կողմից ինչ-որ գումար տալ մանկապարտեզին, որպեսզի դայակը կամ դաստիարակը մինչև 18.30-19.00-ն երեխաներին պահեն: Ես ինքս պատրաստ եմ ամիսը 30-40 հազար դրամ հատկացնել և կարծում եմ, որ դա լավ ավելացում կլինի նաև աշխատավարձին, որը, ինչպես գիտենք բոլորս, բավականին ցածր է այս բարդ աշխատանքի համար: Սակայն տնօրինությունը չհամաձայնվեց»,- պատմեց նա: Իհարկե, սա այն հարցը չէ, որ կարող է լուծել ինքնագլուխ տնօրինությունը, հարկավոր է քաղաքային իշխանության համաձայնությունը: Բայց, ասում է Աննան, ինքը միայնակ չէ, շատ ծնողներ կան, որ պատրաստ են գումար վճարել, միայն թե վստահ լինեն, որ երեխան մնում է մանկապարտեզում, մասնագետների հսկողության ներքո.
«Ես պատրաստ չեմ իմ երեխային վստահել դայակի, ով երեխային կվերցնի մանկապարտեզից և մինչև իմ աշխատանքից վերադառնալը, թեկուզ և իմ տանը, պահի նրան: Բայց ես համաձայն եմ վճարել, որպեսզի երեխան մնա մանկապարտեզում, մասնագետի հետ, մինչև ես ու իմ նման հարյուրավոր ծնողներ աշխատանքից հետո նրանց ետևից կգնան: Զարմանում եմ, թե ինչպես են հայտարարում, որ պահանջարկ չկա ու դրանով այս թեման շրջանցում: Կներեք, բայց եթե պահանջարկ չլիներ, Երևանում գործող տասնյակ մասնավոր մանկապարտեզներ չէին լինի, որովհետև իրականում այդ հաստատություններ հաճախող երեխաների ծնողները պառտադրված են կատարել ընտրությունը մասնավորի օգտին»,- շեշտեց նա:
Աննան դեռ հույս ունի, որ խնդիրը կլուծվի և քաղաքապետարանը իսկապես կմտնի հարյուրավոր ծնողների դրության մեջ ու գոնե երկարօրյա խմբերով հարցին լուծում կտա: Իսկ մինչ այդ երևանաբնակ ծնողները պետք է շարունակեն այս խնդրի լուծումը գտնել իրենց գրպանի, աշխատանքի, շատ դեպքերում նաև նյարդերի հաշվին:
Լիա Խոջոյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Մանկապարտեզների աշխատանքային ժամերի խնդիրը. լուծումների սպասումով
Դիտումների քանակը` 2366