Կրկին մայրական նպաստների մասին. պարզաբանում

 2016 -ին  պետության կողմից տրամադրվելիք երեք տարբեր տիպի նպաստների՝ մայրության, երեխայի ծննդյան միանվագ նպաստի և երեխայի խնամքի նպաստի ավելացումներ նախատեսված չեն: WomenNet.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը` նշելով, որ միակ փոփոխությունը, որ կլինի 2016-ից,  վերաբերում է չաշխատող մայրերին տրվող մայրության նպաստի ներդրմանը, ինչն օրենքով ամրագրվել է 2014-ին:

 

Պաշտոնյան  նշեց, որ չաշխատող կանանց տրվող մայրության նպաստը կտրվի միանվագ՝  նվազագույն աշխատավարձի հաշվարկի հիման վրա և կկազմի մոտ 126.600 դրամ.

 

«Աշխատող կանանց տրվող նպաստի կարգում 2016թ-ի հունվարի 1-ից ոչ մի փոփոխություն չի կատարվում: Աշխատող կնոջը տրվող մայրության նպաստի չափը չի կարող ավելի քիչ լինել  չաշխատող կնոջը տրվող նպաստի չափից»,- ասաց նա:

 

Կա մեկ բայց`  ոչ բոլոր չաշխատող կանայք, որոնք երեխա կունենան 2016թ-ին, հնարավորություն կստանան օգտվել այդ նպաստից: Սահմանափակումը կապված է  հղիության եւ ծննդաբերության անաշխատունակության թերթիկի տրման ժամկետի հետ.

 

«Եթե այդ թերթիկում անաշխատունակության սկիզբը կլինի 2016թ-ի հունվարի1-ը և դրանից հետո ընկած ժամանակահատվածը, ապա չաշխատող կինը այդ նպաստը կստանա: Սակայն եթե կինը ծննդաբերելու է 2016թ-ին, բայց թերթիկը իրեն տրվել է 2015թ-ի  նոյեմբերին կամ  դեկտեմբերին՝ չաշխատող այդ կինը  126 600 հազար դրամ մայրական  նպաստը չի ստանա»,- բացատրեց տիկին Գալստյանը:

 

Հիշեցնենք, որ անաշխատունակության թերթիկը կնոջը տրվում է 30 շաբաթականում՝ հղիության 7-րդ ամսում:  Եթե նույնիսկ չաշխատող կինը ծննդաբերում է 2016թ-ի հունվարի 1-ին, 2-ին, 3-ին, ակնհայտ է, որ նրա անաշխատունակության թերթիկը չի կարող սկսվել հունվարի 1-ից, եւ ուրեմն  նա չի ունենա այդ նպաստի իրավունքը:

 

Այսինքն,  գովեստի արժանացած  պետության  նախաձեռնությունը` աջակցություն ցուցաբերել նաեւ  չաշխատող ծննդաբերող կանանց ,  սահմանափակում  է պարունակում:   Իհարկե,  այս սահմանափակումը օրենքի կիրառման միայն մեկնարկին է  վերաբերվում, բայց փաստը մնում է փաստ` 2016-ի սկզբին ծննդաբերող կանանցից  ոչ բոլորն են  ստանալու ակնկալվող նպաստը: Ինչու՞ են նրանք  արժանանում խտրական մոտեցման: Վերջապես, ինչ  կապ ունի, թե երբ է իրեն տրվել անաշխատունակության թերթիկը, չէ որ օրենքի կարգավորման առարկան ոչ թե թերթիկում նշված ժամկետն է, այլ   ծննդաբերող չաշխատող կնոջն  աջակցելը:  Հասկանալի է, որ սահմանափակման միջոցով  կառավարությունը   հերթական անգամ   գումար է խնայում, ինչը սակայն ստվեր է գցում իր իսկ  նախաձեռնության վրա:

 

Եթե հաշվի առնենք, որ  պետության նախաձեռնությունը վերաբերում  է  տարեկան շուրջ 30 հազար չաշխատող մայրերի եւ  տարեկան  մոտ  4 մլրդ դրամի լրացուցիչ բեռ է պետբյուջեի համար , ապա դԺվար չէ  հաշվարկել, որ  նոյոմբեր-դեկտեմբերին  անաշխատունակության  թերթիկ  ստացողների  հաշվին  խնայվելու է մոտ 660 մլն. դրամ:  Այս տարի օրենքից , ըստ էության, չեն կարողանա օգտվել մոտ 5 հազար  չաշխատող կանայք:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցը չհամաձայնեց մեր այն  դիտարկման հետ, որ  փաստորեն  հունվար ու փետրվար ամիսներին ծննդաբերող  չաշխատող կանայք զրկվում են մայրական նպաստից: Տիկին Գալստյանը շտապեց ասել, թե գոյություն ունի նաև վաղաժամ ծննդաբերություն՝ 22 շաբաթականից հետո, այնպես որ միանշանակ չէ, որ բոլորը կզրկվեն.

 

«Դրա համար այդպես չասենք: Առաջնորդվում ենք նրանով, թե բուժհաստատության կողմից տրված թերթիկում անաշխատունակության սկիզբը ինչ ժամկետով է գրված»,- հավելեց նա:

 

 

Նշենք, որ նման սահմանափակումներն ակնհայտ  կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Բավական է հիշել, թե  ինչ արագությամբ   անառողջ մթնոլորտ առաջացավ սելեկտիվ աբորտներն արգելելու  օրենսդրական նախաձեռնության  շուրջ :  Որոշ «վայ էխոիստներ», օգտվելով խնդրի հնչեղությունից, պտղի սեռը ծնողներին հայտնում էին միայն «հույժ գաղտնի պայմաններում», ասելով, թե դա իբր  արգելված է, բայց 5000 դրամը այդ արգելքը հանում էր: Եվ մարդիկ հավատում էին: ՀՀ Առողջապահության նախարարությունը ստիպված եղավ  հանդես գալ բացատրությամբ, որ նման արգելք գոյություն չունի եւ չի էլ առաջարկվում :  Այս պատմության համատեքստում  հռետորական  հարց է առաջանում . արդյո՞ք անաշխատունակության թերթիկում  պահանջվող  ժամկետներ գրառելու անհրաժեշտությունը   չի հանգեցնի խարդախությունների …

 

 

Լիա Խոջոյան

Կարդացեք թեմայի  շուրջ մեր կայքում.

 

 

Չաշխատող կանայք հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան. կարգը հաստատվեց / լրացված

 

 Մայրության նպաստների մասին օրենքն ընդունվեց վերջնական ընթերցմամբ

 

Մայրության նպաստների մասին աղմկահարույց նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ

 

Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող և չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

 

Դիտումների քանակը` 4967

Գլխավոր էջ