Կուսակցությունները խոստացան համագործակցել ՀԿ-ների հետ
Ի՞նչ չափով են նպաստում Ազգային ժողովի գալիք ընտրություններին մասնակցող կուսակցությունները քաղաքացիական հասարակության կայացմանը, ինչպե՞ս են նրանք պատրաստվում աշխատել հասարակական սեկտորի հետ խորհրդարանում հայտնվելու դեպքում եւ վերջապես, քաղաքացիական հասարակությանը վերաբերող ինչպիսի՞ դրույթներ են ներառել իրենց նախընտրական ծրագրերում :
Թերեւս այս հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով էր «Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ-ն հարցում նախաձեռնել ՝ ԱԺ ընտրություններին առաջադրված կուսակցությունների շրջանում: Հարցումն ու նրա արդյունքների հրապարակումը տեղի է ունեցել «Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստան» կազմակերպության և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:
Հարցման արդյունքում պարզվեց, որ ընտրություններին մասնակցող 9 կուսակցություններից միայն 4-ն իրենց նախընտրական ծրագրերում հասարակական կազմակերպությունների մասին ծրագրային դրույթ ունեն: Մյուսներն էլ խոստանում են լրացնել այդ բացը: Համենայն դեպս, «Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ-ի կողմից վերջերս հրավիրված ֆորումում բոլոր ուժերը միացան հռչակագրին, որով իրենց պատրաստակամությունը հայտնեցին ձեւավորվելիք խորհրդարանում հայտնվելու դեպքում նպաստել քաղաքական կուսակցություններ-քաղաքացիական հասարակություն գործընկերության զարգացմանը:
Ֆորումին մասնակցած մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ իրենց քաղաքական ուժերի անունից պատմեցին, թե ինչպես են իրենք պատրաստվում նպաստել մեր երկրում քաղաքացիական հասարակության զարգացմանը եւ համագործակցել ՀԿ-ների հետ: Համագործակցության այդ խոստումն ավելի քան արդիական է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ անելու համատեքստում, որոնց վերաբերյալ ՀԿ-ները իրենց մոտեցումներն ունեն:
Ի դեպ, իրենց ելույթների ժամանակ կուսակցությունների ներկայացուցիչները բոլորն անխտիր նշեցին, որ իրենք ունեն լայնածավալ համագործակցության փորձ հ/կ-ների հետ, որն անշուշտ շարունակվելու է:
Հարց ու պատասխանի ընթացքում, Համալսարանանկան կրթությամբ Ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը նկատեց, որ կուսակցությունները, կարծես թե շրջանցեցին կանանց իրավունքների պաշտպանության ոլորտը: «Ինձ, օրինակ ,անհանգստացնում է, որ ոչ մեկը կանանց իրավունքներով զբաղվելու մասին խոսք չասաց, այն դեպքում, երբ քաղաքացիական հասարակության մեծ մասը կանայք են կազմում», – ասաց նա, նշելով, որ թեև այժմ կանանց ներգրավվածությունը 20 տոկոս է կազմում կուսակցությունների համամասնական ցուցակներում, բայց նրանք կամ ոչ անցողիկ հորիզոնականում են գտնվում, կամ էլ ընտրելվուց հետո կուսակցությունների պարտադրանքով կամ հորդորով հրաժարվում են մանդատներից:
«Արդյունքում 20 %-ը դառնում է 9 %»,- փաստեց Հասրաթյանը: Նա նաեւ հիշեցրեց, որ Հայաստանի ավագանիների կազմում կանայք ընդամենը 6.2 տոկոս են կազմում, հարց բարձրացնելով՝ բավարարում է արդյո՞ք այդ ցուցանիշը ապագա պատգամավորներին եւ ի՞նչ են պատրաստվում անել նրանք այս ուղղությամբ:
«Կանանց ներգրավածության տոկոսը հասցնել 20 տոկոսի կարծում եմ դա արդեն քայլ էր առաջ և երկրորդ քայլն ենք մշակում, որ նրանք ոչ միայն ընդգրկված լինեն, այլև մեխանիզմ մշակվի, որ անպայման դառնան պատգամավոր և այլն: Ի՞նչ վերաբերում է տեղական ինքնակառավարման համակարգին ես համամիտ եմ, որ ղեկվարների թվում շատ քիչ տոկոս են կազմում կանայք, որ անշուշտ պետք է փոփոխվի ու շտկվի», – նշեց Արայիկ Հովհաննիսյանը ՀՀԿ –ից:
ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արտյուշ Շահբազյանն էլ հիշեց, որ տասնյակ տարիների ընթացքում են կանայք մեծ թիվ կազմել իրենց կուսակցության մեջ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Նատալյա Մարտիրոսյանը երաշխավորեց, որ ոչ մի կին դուրս չի գալու իրենց շարքերից եւ կոչ արեց ,«Պետք է բոլորս պայքարենք այն գաղափարի ու կարծրատիպի դեմ, որ ղեկավարը չգիտես ինչու պետք է անպայման տղամարդ լինի և ոչ թե կին»:
ՕԵԿ-ական Պողոս Շահինյանը նկատեց, որ «մենք միակ կուսակցությունն ենք, որտեղ կանայք կազմում են 60 տոկոս»:
«Ժառանգության» ներկայացուցիչ Թևան Պողոսյանն էլ նշեց, որ իրենք գործով են ապացուցել, որ կանայք պետք է լինեն ԱԺ-ում:
«Ժառանգությունը, եթե չկարևորեր կանաց դերն ու նշանակությունը, ապա կուսակցության կազմում կանայք 45 տոկոս ներգրավածություն չէին ունենա: Բացի այդ սա ինձ համար առաջնահերթ ծրագիր է, քանի որ կանայք մեծամասնություն են կազմում իմ ընտանիքում ու ես համարում եմ ինձ Հայաստանի ամենամեծ ֆեմինիստներից մեկը»,- ասաց Թեւան Պողոսյանը, ով, ինչպես հայտնի է հինգ դուստր ունի…
Նինել Հովհաննիսյան
ե
Դիտումների քանակը` 4046