Կոլումբիայում շատացել են դաժան միջնադարյան ավանդույթի զոհերը
Անհավատարիմ կանանց կամ սիրուհիների երեսին թթու են լցնում՝ դարձնելով նրանց ցմահ հաշմանդամ
Թթուն այրում է այդ դժբախտների աչքերը, քիթը, այտերը… Բռնության այն հրեշավոր ձևերը, որոնք շատերի պատկերացմամբ ընդհանուր առմամբ կապված են Աֆղանստանի, Պակիստանի և Հնդկաստանի հեռավոր ցեղերի վայրի բարքերի հետ, Կոլումբիայում դարձել են սովորական երևույթ: Այս խնդիրը տարեցտարի ավելի է աճում. այս լատինաամերիկյան երկրում տարեսկզբից արդեն շուրջ 150 նման դեպք է արձանագրվել:
Սա շատ էժան և հարմար միջոց է անհավատարիմ կնոջից վրեժխնդիր լինելու համար. ոչ թե խլել նրա կյանքը, այլ վերածել նրա հետագա գոյությունը իսկական մղձավանջի: Թթուն այրում է աչքերը, քիթը, այտերը: Եթե բռնության զոհը ողջ է մնում, ապա հետագայում նա ստիպված է լինում շնչել հատուկ խողովակով և քայլել դիմակով, գրում է ՛՛Washington Post՛՛ թերթը: Ոչ ոք չգիտի, թե ինչու վրեժխնդրության նմանատիպ տարբերակը գրավեց բացառապես Կոլումբիան, օրինակ հարևան Պերուում ոչ մի նման վայրագություն տեղի չի ունեցել: «Women`s Link Worldwide» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մոնիկա Ռոան կարծում է, որ այս պրակտիկան, ամենայն հավանականությամբ, կապված է Կոլումբիայում մաչոական ափազանց ուժեղ մշակութային ավանդույթների հետ:
Երկրում ընտանեկան բռնությունների դեպքերն այնքան շատ են, որ դրանց մասին հաճախ հաղորդում են երեկոյան լուրերը: Բացի այդ, բռնաբարությունների կամ կանանց նկատմամբ այլ հանցագործությունների դիմում են հանցավոր խմբավորումները՝ տեղի բնակչությանը ահաբեկելու նպատակով: Եվ եթե, օրինակ, Պակիստանում կնոջ երեսին թթու են լցնում այն բանի համար, որ նա դուրս է գալիս առանց երեսը ծածկելու, ապա Կոլումբիայում նա կարող է նման դաժան ձևով պատժվել միայն այն բանի համար, որ անկախ է կամ հպարտ, բացատրում է Մոնիկա Ռոան:
Սակայն, շատ դեպքերում պատճառներն ավելի սովորական և տաղտկալի են. ըստ կոլումբիական վիճակագրության՝ թթվով պատժելու տարբերակին են դիմում խաբված ամուսինները, մերժված սիրեկանները կամ ամուսնու սիրուհիները:
Դիտումների քանակը` 5851