Կնոջ կերպարը մեդիայում / վիդեո

 

 

« Հայ կանանց 63% – ն ափսոսում է, որ տղամարդ չի ծնվել»:

Այդ մասին են վկայում «Զերծ պահիր ինձ քո կարծրատիպերից» սոցիոլոգիական հարցման արդյունքները:

 

Մարդիկ չեն զգում, բայց մեդիան է իրենց փոխարեն որոշում, թե ինչ մտածեն, ինչ անեն, ինչպիսին լինեն, ինչը պաշտեն ու ատեն, ինչի ձգտեն։ Այն ձեւավորում է հասարակության խաղի կանոնները։ Մեդիան մեսիջ է, որից ոչ ոք չի կարող խուսափել։ Վերջիվերջո, մարդը դառնում է այն, ինչ ամեն օր տեսնում է։

 

 

Կովկասյան հետազոտական ռեսուրս կենտրոնի հայաստանյան գրասենյակի (CRRC – Armenia ) կատարած «Հայաստանի ԶԼՄ-ների մասին 2011 թ. հասարակական կարծիքի ու նախընտրությունների հետազոտության» համաձայն՝ հայաստանցիների 81%-ն ամեն օր հեռուստացույցի առջեւ միջինը երեք ժամ է անցկացնում։ 33%-ի համար հեռուստատեսությունը ժամանցի հիմնական միջոցն է, որը օրական 7-12 ժամ է խլում։ Հայկական սերիալներ դիտում է Հայաստանի բնաչության 80%-ը։

 

Հեռուստաընկերությունները չեն հապաղում հեռուստադիտողին «ուրախացնել» նորանոր օճառային օպերաներով։ Ամեն հերթական սերիալ նախորդից ավելի շատ դաժան տեսարաններ, հայհոյախառը բառապաշար ու բռնություն է պարունակում։ Գրեթե բոլոր սերիալների հեղինակերը կարծես խոսքերը մեկ արած լինեն, օճառային օպերաների համարյա ամեն սերիայում տղամարդ կերպարը հայհոյում, հոգեբանորեն ճնշում եւ ծեծում է իր կնոջը (անգամ հղի կնոջը), քրոջը, մորն ու զոքանչին։

 

Հերոսուհիներն էլ հիմնականում չեն աշխատում, նրանց կերպարները կարծես ստեղծված են միայն ինտրիգներ հյուսելու, անվերջ լացելու եւ բռնության ենթարկվելու համար: «Հասարակություն առանց բռնության» հ/կ վերլուծության համաձայն՝ հայկական սերիալներում կանանց նկատմամբ բռնության, լացի ու ընկճվածության տեսարանները կազմում են 60%։

 

 

Նույն պատկերը արտացոլվում է նաեւ իրականության մեջ։ Հայաստանի կանանց 52%-ը գոնե մեկ անգամ բռնության որեւէ տեսակի է ենթարկվել։ Հայ տղամարդկանց 55%-ը կարծում է, որ կինն է մեղավոր, եթե տղամարդը նրա վրա ձեռք է բարձրացնում («Զերծ պահիր ինձ քո կարծրատիպերից» սոցիոլոգիական հարցում):

 

Կանանց նկատմամբ մեդիայով «խրախուսվող» բռնությունը միակ խնդիր չէ։ Լրատվամիջոցներն ամեն օր մարդկանց ներշնչում են, որ կնոջ արժեքն ուղիղ համեմատական է նրա տեսքի ու սեքսուալության հետ: Երգիչներին շրջապատում են կիսամերկ աղջիկներ, երգչուհիներն էլ իրենց երգը հանրահայտ դարձնելու համար էրոտիկ տարրեր պարունակող հոլովակներ են նկարահանում։

 

Կնոջ մարմինը նաեւ օգտագործվում է ապրանք գովազդելու եւ գնորդին գրավելու համար: Հայկական ամսագրային գովազդներում կանանց 50%-ը կարճ, բաց հագուստով է, ներքնազգեստով կամ էլ բոլորովին մերկ («Կնոջ կերպարը հայկական գովազդում» հետազոտություն):

 

Այն, ինչ ցուցադրվում է, ամրապնդվում է իրականության մեջ։ Հայ տղամարդկանց 60%-ը համարում է, որ կինը երբեք լավ ղեկավար չի լինի։ Հայաստանում18 նախարարներից միայն  2-ն են կին, 131 պատգամավորներից՝ ընդամենը14-ը:

 

Մեդիան կարծրացնում է կնոջ եւս մեկ կերպար՝ տնային տնեսուհի, խոհանոցի տիրուհի, երեխաների պատասխանատու: Գովազդների, սերիալների ու  հեռուստահաղորդումների մեծ մասը ողողված է մեսիջով, որ հայ կնոջ գլուխը միշտ կախ է, որոշում կայացնելու իրավունքն էլ միայն տղամարդունն է։

 

 

Տեքստը եւ տեսանյութը՝ Անի Ստեփանյանի

 

 

Աբյուրը՝ Media.am

 

 

Կարդացեք նաեւ այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Կնոջ կերպարը հայ մամուլում»

 

Կնոջ կերպարը հայկական գովազդում – ինչպիսի՞ն է այն

 

Փրկեք ձեր դուստրերին/ վիդեո

 

«Սերիալում՝ կինը որպես երկրորդ սորտի մարդ է ներկայացվում»…/վիդեո

 

Հայկական սերիալներում տոտալ ագրեսիա է քարոզվում

 

«64 կանանց կերպար եւ միայն մեկ կին, ում ոչ ոք չի ծեծում, նվաստացնում…»

 

«Որոշեք, որ կատեգորիային եք պատկանում»…

 

 

Դիտումների քանակը` 5000

Գլխավոր էջ