Կհրաժարվի արդյո՞ք Զարուհի Փոստանջյանը պատգամավորական մանդատից
Մամուլն ու համացանցը երեկվանից հեղեղված են իրարամերժ տեղեկություններով, որոնց համաձայն «Ժառանգություն» կուսակցության ներսում տարաձայնություններ են ծագել եւ դրանց արդյունքում համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Զարուհի Փոստանջյանը որոշեց հրաժարվել մանդատից:
Դատելով հրապարակումներից հնարավոր չէ որոշակիորեն ասել ՝ ինչ պատճառներով եւ ինչպես՝ ինքնակամ թե ստիպողաբար է նա հանգել նման որոշման, եթե իրոք հանգել է: Համենայն դեպս լրագրողներին երեկ չհաջողվեց պարզել հրապարակված լուրերի իսկությունը, քանի որ եւ ինքը Զարուհի Փոստանջյանը, եւ կուսակցության ուրիշ ներկայացուցիչները, կամ հրաժարվում էին խոսել այս հարցի շուրջ կամ էլ խուսափողական պատասխաններ էին տալիս:
Օրինակ, մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ասաց, որ տեղեկացված չէ Փոստանջյանի մանդատից հրաժարվելու մտադրության մասին, իսկ Ստեփան Սաֆարյանը մի կողմից՝ հերքեց Փոստանջյանի հետ կապված լուրերը, մյուս կողմից՝ չբացառեց, որ ցուցակում կարող են եւ տեղափոխություններ լինել: Բոլոր դեպքերում խորհուրդ տվեց սպասել, մինչեւ կուսակցության անունից հանդես կգա Րաֆֆի Հովհաննիսյանը եւ կհայտնի “Ժառանգություն”-ում ընդունած բոլոր որոշումների մասին”:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում «Ժառանգությունը» ստացել է ձայների 5.79%-ը, այսինքն, ունի հինգ մանդատ, և Աժ պետք է որ անցնեն Րաֆֆի Հովհաննիսյանը («Ժառանգություն»), Խաչատուր Քոքոբելյանը («Ազատ դեմոկրատներ»), Զարուհի Փոստանջյանը («»Ժառանգություն») Ալեքսանդր Արզումանյանը («Ազատ դեմոկրատներ») եւ Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն»):
Ի դեպ, մամուլում նաեւ տեղեկատվություն էր տարածվել, որ մանդատից մտադիր է հրաժարվել ինքը Րաֆֆի Հովհաննիսյանը , իբր իր տեղը զիջելով Ստեփան Սաֆարյանին կամ Անահիտ Բախշյանին, ինչը սակայն քիչ հավանական է, քանի որ նրանք ընդգրկված են ցուցակի 8-րդ եւ 14-րդ տեղերում :
Եթե նույնիսկ նշված ինքնաբացարկների մասին լուրերը իրականություն դառնան, ապա խորհրդարան կարող է մտնեն համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Թևան Պոդոսյանը ու ցուցակի հաջորդ անդամ՝ Այվազյան Մասիսը «Ազատ դեմոկրատներից» : Միայն վերջինի մանդատից հրաԺարվելու դեպքում հերթը կհասնի Ստեփան Սաֆարյանին:
Նշենք, որ “Ժառանգության” ակտիվ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանն ու Արմեն Մարտիրոսյանը, որոնք համապատասխանաբար գտնվում են ցուցակի 8-րդ, 14-րդ եւ 16-րդ հորիզոնականներում, առաջադրվել էին նաեւ մեծամասնականով, բայց չեն անցել: Նույնը Զարուհի Փոստանջյանը, ով մեծամասնական պայքարի մեջ մտնելով Երևանի Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում հավաքեց 6603 ձայն եւ զիջեց միայն հաղթող թեկնածուին՝ Արտակ Սարգսյանին, որը ստացավ 15.381 ձայն:
Այսօր «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը Panorama.am-ի հետ զրույցում ասեկոսեներ որակեց այն տեղեկությունները, թե Զարուհի Փոստանջյանի մանդատից հրաժարվելու մասին կուսակցությունում որոշում է կայացվել: Ցուցակում հնարավոր այլ փոփոխությունների մասին էլ ասաց, որ ինչ-որ քննարկումներ ընթանում են, բայց կոնկրետ որևէ որոշում չկա:
« Կոնկրետ ունենք ցուցակը և դրա փոփոխության մասին որևէ խոսք չկա, ուղղակի դրանք ասեկոսեներ են, չարակամներ կան, որոնք ենթադրություններ ու մեկնաբանություններ են անում, իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց Ռ. Հակոբյանը:
Բոլոր դեպքերում, եթե ինչ –որ բան կուսակցության ներսում իսկապես կատարվում է, ապա դա շատ շուտով ի հայտ կգա, քանի որ օրենքով մանդատները վերցնելու կամ չվերցնելու հետ կապված որոշակի եւ բավականին սեղմ ժամկետներ են ամրագրված:
Դիտումների քանակը` 3777