Կլարա Բարտոնը նաև մեր հրեշտակն է…

Երեկ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ունեցավ ուշագրավ մի միջոցառում՝ «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գրքի շնորհանդեսը, որը լույս է տեսել  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ:  Շնորհանդեսին մասնակցեց նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

 

Հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանն ու դեսպան Հեֆերնը ընթերցեցին գիրքը երեխաներին: Գրքի հիմքում Կլարա Բարտոնի կենսագրականն է: Ջոն Հեֆերն բացատրեց երեխաներին թե ինչու է ամերիկյան ժողովուրդը Կլարա Բարտոնին անվանում  Ամերիկայի հրեշտակ:

 

«Կլարա Բարտոն շատ բան է արել մեզ` ամերիկացիներիս համար: Մասնավորապես 1860-ական թվականներին, երբ ԱՄՆ նահանգների միջև քաղաքացիական պատերազմ էր, Կլարա Բարտոն սնունդով, հագուստով ու դեղորայքով է ապահովել կարիքավորներին: Իսկ 1890-ականներին Կլարա Բարտոն գնացել է թուրքական կայսրություն` փրկելու հազարավոր հայերի»,- ասաց դեսպանը` հույս հայտնելով, որ Կլարա Բարտոն այսուհետ կդառնա նաև հայերի հրեշտակը:

Բացի ուսուցիչ և ամերիկյան քաղաքացիական պատերազմի տարիներին բուժքույր աշխատելուց, Բարտոնը 1881-ին հիմնադրել է Ամերիկյան Կարմիր խաչը: 19-րդ դարի վերջին այս հրաշալի կնոջ ջանքերի շնորհիվ փրկվեցին ավելի քան 50 000 հայերի կյանքեր:

 

Վարդուհի Վարդերեսյանը  իր հերթին անդրադառնալով  «աշխարհի դուստր» Կլարա Բարտոյի կյանքին ու գործունեությանը, նշեց, որ, երբ իրեն առաջարկեցին  ընթերցել հայերեն տարբերակը, ինքը մեծ սիրով համաձայնվեց.

 

«1886-ի ջարդերի ժամանակ Կլարա Բարտոն ԱՄՆ-ից եկել է Թուրքիա, երբ լսել է հայերի ջարդերի մասին: Սկզբում նրան չեն թողել հայերին օգնելու առաքելությունը կատարել, բայց նրան հաջողվել է հայերին օգնել թե՛ հագուստով, թե՛ դեղորայքով, և թե՛ սնունդով: Մի ամբողջ կյանք այս կինը նվիրել է բարեգործությանը»…

ԱՄՆ դեսպանատունը գիրքը անվճար կտրամադրի գրադարաններին և դպրոցներին: Նշենք, որ այս միջոցառմամբ եզրափակվեց  ԱՄՆ դեսպանատան կողմից անցկացվող Կանանց պատմությանը նվիրված մեկամսյա միջոցառումների շարքը, որոնց նպատակն էր նշանավորել կանանց մեծ ներդրումը աշխարհի տարբեր մասերում:

 

 

Կլարա Բարտոնի մասին առավել մանրամասն կարդացեք.

«Մարտադաշտի Հրեշտակի Հայկական Առաքելությունը»

 

… ԱՄՆ-ի Կարմիր խաչի հիմնադիր և նախագահ Կլարա Բարտոնը 115 տարի առաջ` փետրվարին, ժամանեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս` 1894-96 թթ. կոտորածների զոհ դարձած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար:

 

Կլարիսա Հարլոու Բարտոնը ծնվել է 1821 թ. դեկտեմբերի 25-ին Մասաչուսետս նահանգի Օքսֆորդ քաղաքում: 1852 թ. Բորդենթաունում հիմնադրում է Նյու Ջերսի նահանգում անվճար կրթություն տրամադրող առաջին հաստատությունը: 1854 թ. տեղափոխվում է Վաշինգտոն և աշխատում Միացյալ Նահանգների ապրանքանիշերի արտոնագրային գերատեսչությունում: Սա առաջին դեպքն էր, որ դաշնային կառավարությունում կին էր նշանակվում գրասենյակային ծառայողի կարևոր պաշտոնում: Քաղաքացիական պատերազմի ընթացքում (1861-1865) Կլարան ամբողջությամբ նվիրվում է վիրավոր զինվորներին օգնություն և խնամք ցուցաբերելու գործին: Իր անխոնջ աշխատանքի համար նա հայտնի է դառնում «Մարտադաշտի հրեշտակ» անվամբ:

 

Բարտոնը անձնվիրաբար պայքարել է կանանց իրավունքների պաշտպանության համար:

 

Նյու Յորքում հիմնադրված Հայ ազգային օգնության կոմիտեն 1895 թ. վերջին և Միսիոներների խորհուրդը տուժածների շրջանում օգնության դրամական միջոցների բաշխում նախաձեռնելու խնդրանքով դիմում են Ամերիկյան Կարմիր խաչին և Կ. Բարտոնին:

 

1895 թ. դեկտեմբերի 14-ին Կ.Բարտոնը հայտարարում է, որ Ամերիկյան Կարմիր խաչը կուղարկի օգնություն, հենց որ բավարար չափով միջոցներ հավաքեն` մոտ 350 հազար կարիքավոր և սովի մատնված մարդկանց օգնելու համար:
Փետրվարի 16-ին Կ. Բարտոնը հասնում է Կոստանդնուպոլիս:

 

Բարձր Դուռը բարի համբավ վայելող Ամերիկյան Կարմիր խաչին և նրա նախագահին թույլատրում է օգնություն ցուցաբերել հայկական կոտորածների հետևանքով տուժած բնակչությանը և գյուղատնտեսության վերականգնման ծրագրեր առաջարկել շրջաններին:

 

Մարտի 18-ին Կ. Բարտոնի օգնական և Թուրքիայում Ամերիկյան Կարմիր խաչի բարձրաստիճան սպա Ջուլիան Հյուբելը Կոստանդնուպոլսից ուղևորվում է Ալեքսանդրեթ և այնտեղ հիմնադրում քարավաններ Այնթափ հասնելու համար: Այստեղից նրանք ուղևորվում են դեպի հյուսիս-արևելք` Խարբերդ և Մարաշ, օգնելու հազարավոր փախստականների: Կ. Բարտոնը ֆինանսական տնօրեն Փուլմանի հետ մնում է Կոստանդնուպոլսում` ծրագիրը համակարգելու համար: Կոտորածներին հետևեցին որովայնի տիֆի և բծավոր տիֆի, դիզենտերիայի և ծաղիկի համաճարակները: Զեյթուն և Մարաշ քաղաքներում համաճարակները կանգնեցնելու համար այստեղ հրավիրվեց Սիրիայի Տրիպոլի քաղաքում հաստատված հայտնի համաճարակաբան բժիշկ Այրա Հարրիսը: Երկու քաղաքներում հիվանդների թիվը գերազանցում էր 10.000: Մեծ քանակությամբ մարդիկ էին մահանում: Ամերիկացի մասնագետների ջանքերի շնորհիվ հիվանդության և մահացության դեպքերի թիվը նշանակալիորեն նվազեց:

 

Տարագիրներին բնակեցնում էին տներում, նրանց ապահովում էին հացով, դեղորայքով, հագուստով, սերմացուով, մանգաղներով, ճախարակներով և ջուլհակահատոցներով:

 

Այնուամենայնիվ, ամեն ինչ չէր, որ ընթացավ այնպես, ինչպես Կ. Բարտոնը կնախընտրեր: Բազմաթիվ հոռետեսական հեռագրեր և նամակներ էին գալիս Միացյալ Նահանգներից, որոնք զգուշացնում էին նրան դադարեցնել օգնության առաքելությունը, քանի որ Թուրքիայի կառավարությունը Կարմիր խաչի համար խոչընդոտներ էր ստեղծում:

 

 

Սեպտեմբերի 2-ին Կ. Բարտոնը վերադառնում է Լոնդոն, ուր նա տեղեկանում է օսմանյան բանկում տեղի ունեցած միջադեպի և դրան հաջորդած Կոստանդնուպոլսի հայ բնակչության նոր կոտորածների մասին: Այս անգամ նրան խորհուրդ են տալիս չվերադառնալ Կոստանդնուպոլիս:

 

Կ.Բարտոնը կարծում էր, որ Օսմանյան կայսրության հայ բնակչությանն օգնություն ցուցաբերելու առաքելությունն ավարտված չէր, քանզի քրիստոնյա հայերը թողնված էին կիսավայրենի հասարակության քմահաճույքին, նրանցից 100-200 հազարը դեռ ապաստանի, դեղորայքի, մթերքի և քաղաքակիրթ աշխարհի գթառատ բարերարության կարիքն ուներ: Նա համոզված էր, որ առանց օժանդակության մոտ 50.000 մարդ կմահանար մինչև 1897 թ. մայիսը:

 

1897 թ. վերջին Վաշինգտոնում Կ. Բարտոնի և իր գործընկերների զեկույցները` Օսմանյան կայսրությունում իրենց իրականացրած մարդասիրական առաքելության վերաբերյալ, հրատարակվեցին մի գրքում: Այս զեկույցները հետաքրքիր են այն իմաստով, որ դրանք ներկայացնում են մանրամասն նկարագրություններ կոտորածներից տուժած հայ բնակչության դրության և ամերիկացի արշավախմբերի կողմից նրանց ցուցաբերած օգնության մասին:

 

Արման Կիրակոսյանի` «Մարտադաշտի Հրեշտակի Հայկական Առաքելությունը» հոդվածից

 

Դիտումների քանակը` 5821

Գլխավոր էջ