Կին փոխնախարարների թիվը ավելացավ ևս մեկով…

Օրերս հայտնի դարձավ, որ   Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ՝ Շամամ (Սոնա)  Հարությունյանը նշանակվել է ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ: Սոնա Հարությունյանը  մինչ այդ զբաղեցրել է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի պաշտոնը: Մասնագիրությամբ տնտեսագետ է (աշխատանքի էկոնոմիկա): Սոցիալական ծառայության  համակարգում աշխատում է 1993 թվականից :

 

Այսպիսով,  դեկտեմբերի 6-ից կառավարության կազմում  աշխատելու են 6 կին փոխնախարար: Մինչ այժմ, 61 փոխնախարարներից կանայք 5-ն են ` աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը և քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունում 18 նախարարներից միայն 2-ն են կին ` սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 

Կառավարությանն առընթեր 7 մարմիններից և ոչ մեկի ղեկավարը կին չէ: Նրանց  տեղակալների շարքում էլ են կանայք բացակայում:

 

 

Հայաստանի 10 մարզերի մարզպետերից ոչ ոք կին չէ, 24 փոխմարզպետներից միայն Արմավիրում է  կին փոխմարզպետ` Լարիսա Մուրադյանը:

 

 

Նշենք, որ 2000-ին  Հազարամյակի զարգացման նպատակների  (ՀԶՆ)  շրջանակում  Հայաստանի կառավարության կողմից  թիվ 3 նպատակով («Օժանդակություն գենդերային հավասարությանը և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնում » )  վերցված պարտավորություններով՝   կանանց մասնաբաժինը  Աժ պատգամավորների, նախարարների, փոխնախարարների և մարզպետների  ընդհանուր թվաքանակում պետք է մինչև 2015 թ. առնվազն 25%  լինի , սակայն  2010 -ին այս ցուցանիշը գնահատվում էր միայն  7%-ի չափով, իսկ 2012-ին ՝ 10 տոկոս է դարձել: Ընդ որում, այս ավելի քան համեստ առաջընթացը  հիմնականում տեղի է ունեցել  խորհրդարանական   ընտրությունների արդյունքում ԱԺ¬ում կանանց թվի` 11-ից 14-ը   ավելացման շնորհիվ:

 

 

«ՀԶՆ 3-ի կատարումն անհնարին է առանց  կանանց նկատմամբ խտրականության վերացմանն ուղղված միջոցառումների լայն շրջանակի: Ներկա իրավիճակը և աջակից միջավայրը բավարար չեն ՀԶՆ 3-ը մինչև 2015 թ. կատարելու համար»,  – այսպիսի եզրակացության էին հանգել փորձագետները ՀԶՆ-ների առաջընթացի երկրորդ՝ 2010-ին լույս տեսած  ազգային  զեկույցում:

 

 

ՀԶՆ-ների առաջընթացի առաջին և երկրորդ ազգային  զեկույցներին կարելի է ծանոթանալ  այստեղ 

 

 

Դիտումների քանակը` 4676

Գլխավոր էջ