Կին սակրավորներ. առանց սխալվելու իրավունքի…

Իտալացի լուսանկարչի արցախցի կին սակրավորների maptia.com-ում հրապարակված ֆոտոշարքին է անդրադառնում   Panorama.am-ը՝ նշելով, որ այդ նկարները առիթ հանդիսացան պարզելու՝  թե ինչ են «քաղում» երկրիդ կանայք ու աղջիկները դաշտերում…։

Նկարի հետքերով պարզեցինք, որ կին-սակրավորների խումբ հավաքագրել է The Halo Trust-ը հումանիտար, ոչ առևտրային, ոչ կրոնական կազմակերպությունը։ Այն զբաղվում է ականների և չպայթած զինամթերքի վնասազերծմամբ հետպատերազմյան տարածաշրջաններում, 2000 թվականից գործունեություն է ծավալում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: The HALOTrus  կազմակերպության Արցախի ծրագրի ղեկավար Էշլի Բոդին Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք սկսեցին աշխատել ԼՂՀ-ում ականների և չպայթած զինամթերքի վրա պայթելու դժբախտ դեպքերը կանխելու և գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքներն անվտանգ օգտագործման համար բնակչությանը վերադարձնելու նպատակով:

 

Ինչո՞ւ կազմակերպությունը որոշեց կին-սակրավորների խումբ կազմել:

-2015 թվականին Լեռնային Ղարաբաղում հավաքագրվեց կանանց առաջին խումբը: Դրա համար մի քանի պատճառ կար: Ամենապարզ պատճառն այն է, որ այս աշխատանքին կանանց չընդգրկելու համար որևէ հիմք չկա: Մեր փորձն այլ երկրներում (Վրաստան, Կամբոջա, Կոլումբիա և այլն) ցույց է տվել, որ կանայք կարող են այդ աշխատանքը կատարել նույնքան արդյունավետ, որքան տղամարդիկ: Ավելին՝ մենք հուսով ենք, որ կանանց հավաքագրումն այն աշխատանքի համար, որը հիմնականում տղամարդու գործ էր համարվում, հնարավորություն կտա  կնոջն ինքն իրեն ու հասարակությանն ապացուցել, որ իրենք էլ կարող են հասնել նրան, ինչը նախկինում անհնար էր թվում: Մեր կազմակերպությունը և մեր հովանավորները գիտակցում են, որ հասարակության մեջ կնոջ իրավունքների և հնարավորությունների ընդլայնումն առաջնահերթ խնդիր է:

 

Քանի՞ կինսակրավոր ունեք և հիմնականում ո՞ր շրջաններից են:

-Այսօր մեր կազմակերպության Լեռնային Ղարաբաղի ծրագրում աշխատում է հինգ կին-սակրավոր, բոլորն էլ Նորաշենիկ գյուղից են: Եվս վեց կին-սակրավոր այս պահին ականազերծման դասընթացների են մասնակցում և կախված դասընթացի հաջող ավարտից և քննության արդյունքներց՝ նրանք հուլիսի սկզբից կսկսեն ականազերծման աշխատանքները: Այս տարվա ընթացքում մտադիր ենք  աշխատանքի ընդունել կանանց  ևս մի քանի խումբ: Ծրագրի հենց սկզբից էլ մենք հավաքագրել և աշխատանքի էինք ընդունել կանանց` գրասենյակային աշխատանքներին աջակցելու համար:

– Արդեն քանի՞ քառակուսի մետր տարածք է ականազերծվել կանանց թիմի կողմից, ո՞ր տարածքներում են աշխատել, հիմա ո՞ր տարածքն են ականազերծում:.

-Այսօր կանանց խումբն աշխատում է Լաչինի շրջանի Վաղազին գյուղում` հակատանկային ականադաշտում: Մինչ այդ, կանանց խումբն աշխատել է Քարեգահ գյուղում: Ընդհանուր առմամբ, նրանք ականազերծել են 20,743 քառակուսի մետր տարածք, ոչնչացնելով 7 հակահետևակային ու 1 հակատանկային ական և 2 չպայթած զինամթերք:

Հե՞շտ է արդյոք ընդգրկել կանանց, հաշվի առնելով աշխատանքի դժվարությունը: Իսկ նրանք ի՞նչ են պատմում՝ ընտանիքներում հեշտությամբ են համաձայնվում, որ իրենք պետք է սակրավոր դառնան և ընդհանրապես ինչո՞ւ են որոշել դառնալ սակրավոր:

–          Ընտանիքի արտահայտած միակ մտահոգությունը վտանգն է, որը, նրանց կարծիքով, իրենից ներկայացնում է ականազերծման ընթացքը: Բայց դասընթացների ժամանակ և աշխատանքը սկսելուց հետո կանայք և նրանց ընտանիքները գիտակցեցին, որ ականազերծման  պրոցեսը վտանգավոր չէ, եթե հետևեն ականազերծման Գործողությունների Ստանդարտ Ընթացակարգերին և աշխատեն անվտանգ կերպով: Մենք չենք կարող ասել, որ կանայք երազում էին դառնալ սակրավոր, բայց նրանք կատարել են իրենց ընտրությունը՝ հիմնվելով այն փաստի վրա, որ առաջին հերթին հումանիտար ականազերծումը բարձրացնում է իրենց ընտանիքների և երեխաների անվտանգության մակարդակը և երկրորդ՝ ապահովում է եկամուտ, որն օգնում է կանանց բարելավել սոցիալ-տնտեսական կարգավիճակը և կայունություն է բերում նրանց կյանք:

– Սովորաբար կանայք ավելի զգույշ և ուշադիր են, ավելի լավ «հոտառություն» ունեն, արդյոք օգնո՞ւմ է դա նրանց աշխատանքի ժամանակ:

 

-Ինչպես ցույց տվեց Լեռնային Ղարաբաղում  և այլ երկրներում մեր կազմակերպության փորձը, տղամարդկանց ու կանանց նկատմամբ ընդհանրացումներն ու կարծրատիպերը ճշգրիտ չեն: Մեր վերահսկիչները, ովքեր այս ասպարեզում աշխատանքի բազմամյա փորձ ունեն, ասում են, որ մեր կանանց ու տղամարդկանց թիմերը նույն մոտեցումն ունեն աշխատանքի նկատմամբ՝ անձնազոհ, բարեխիղճ և հպարտ: Մեր կազմակերպությունը կանանց նույնքան է վճարում, որքան տղամարդկանց, բոլոր սակրավորներն էլ հավասար են: Անկախ սեռից մենք բոլորի նկատմամբ ցուցաբերում ենք նույն վերաբերմունքը և սպասում ենք նույն արդյունավետությունը բոլորից: Չնայած դրան, մենք հատկապես տպավորված ենք կին-սակրավորների  կարգապահությամբ և մանրակրկիտ ուշադրությամբ:

 

Նշենք, որ Halo Trust-ն ականազերծման  աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում,  Կամբոջայում,Մոզամբիկում, Սոմալիում, Շրի- Լանկայում, Էրիտրեայում, Աբխազիայում, Չեչնիայում, Կոսովոյում, Անգոլայում ևԱֆղանստանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 1988թ. և առաջին անգամ սկսել է գործունեություն ծավալելԱֆղանստանում, որտեղ հազարավոր քաղաքացիական անձինք զոհվում կամ վիրավորվում էին հողի տակ թաքնվածականների հետևանքով

 

Աղբյուրը՝ Panorama.am

 

 

Դիտումների քանակը` 3277

Գլխավոր էջ