Կին պատգամավորները կարծում են, որ առաղջապահության նախարարի հրամանը ժամանակավրեպ է

Ազգային Ժողովի բոլոր կին պատգամավորներին առաջարկվել է քննարկման առարկա դարձնել Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանը, որով ծննդօգնության և երեխայի առողջության պետական հավաստագրերը տեղայնացվել են և յուրաքանչյուր կին այսուհետ պետք է ծննդաբերի միայն իր փաստացի գրանցման մարզում: Նման առաջարկով  է դիմել իր գործընկերներին  ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, ով հակված է գնահատել ծննդօգնության տեղայնացման մասին որոշումը որպես  քաղաքացու ազատ ընտրության սահմանափակում:

 

 

Այս մասին WomenNet.am-ին հայտնեց հենց ինքը, Էլինար  Վարդանյանը, ավելացնելով, որ բացի այդ, առաջարկել է կին պատգամավորներին նաև համատեղ այցելություններ իրականացնել մարզային բուժհաստատություններ տեղում հասկանալու, թե որքանո՞վ են մեր ծննդատները համապատասխանում կանանց ծառայություն մատուցելու համար և  ինչո՞վ են պայմանավորված  այն դժգոհությունները, որ հնչում են հատկապես մարզաբնակ կանանցից, թե պայմանները չեն բավարարում նախարարի հրամանը ոգևորությամբ ընդունելու համար:

 

Էլինար Վարդանյանն ասաց, որ ինքը չի բացառում նաև հանրային քննարկումներ այս խնդրի շուրջ, քանի որ հետաքրքրությունը մեծ է: Բայց դա դեռ առջևում է, իսկ այս փուլում հանձնաժողովի նախագահը համամիտ է նաև այն գնահատականի հետ, որ այս դրույթը որոշակիորեն նաև մարդու իրավունքի խախտում է.

 

 

«Ես որոշակիորեն հակված եմ  գնահատել դա որպես մարդու իրավունքների խախտում է, քանի որ գործ ունենք քաղաքացու ազատ ընտրության սահմանափակման գործընթացի հետ: Ի վերջո այն, որ կինը, ով ցանկանում է ծննդաբերել ոչ թե իր մարզում, որտեղ գրանցված է, այլ, ենթադրենք, մայրաքաղաք Երևանում և պետք է դրա դիմաց վճարի, սա ևս մտահոգվելու տեղիք է տալիս: Թեև ես հասկանում եմ, որ նախարարի նպատակը ոչ թե անհարմարություններն էին, այլ, հակառակը, բուժհաստատությունների ապակենտրոնացումը, քանի որ այսօրվա դրությամբ ամեն ինչ կենտրոնացած է Երևանում»,- ասաց Էլինար Վարդանյանը:

 

 

Նրա խոսքով, հարցը լուրջ ուսումնասիրության կարիք ունի, քանի որ պետք է հասկանալ` արդյո՞ք մարզային հաստատությունները համապատասխանում են այս գաղափարը  կյանքի կոչելու համար, թե այն ժամանակավրեպ է.

 

 

«Այդ իսկ պատճառով ես առաջարկել եմ, որպեսզի մենք այցելենք մարզեր և ծանոթանանք պայմաններին: Դրանից հետո ավելի հեշտ կլինի խոսել խնդրո առարկայի մասին»,- նշեց նա:

 

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը անդրադառնալով մեզ հետ զրույցում ծննդօգնության տեղայնացման մասին որոշմանը, ասաց, որ դա պետք է փուլային կատարվեր:  «Իմ կարծիքով  առաջին հերթին պետք է վերազինվեին Հայաստանի մարզային հիվանդանոցները, հետո նոր  պահանջ դրվեր, որ պարտադիր  մարզերի ծննդաբերող կանայք ծննդաբերեն իրենց բնակվայրերում: Բայց առաջնային խնդիրը այստեղ բուժհաստատությունների  վերազինումն է», – ասաց  Հեղինե Բիշարյանը, հիշեցնելով, որ իրենց  կուսակցության հեղինակած օրենքի շնորհիվ է, որ հայ կանայք այսօր ծննդաբերում են հավաստագրով` օգտվելով անվճար ծննդօգնության համակարգից:

 

Նրա խոսքով, որևէ մեկի համար գաղտնիք չէ այն հանգամանքը, որ ունենք մարզեր, որտեղ բուժհաստատություններում բացակայում են նվազագույն պայմանները, որպեսզի մատուցվի պատշաճ ծառայություն ծննդկաններին ու առհասարակ քաղաքացիներին: Հենց այդ պատճառով է, շարունակեց նա, կանայք մտավախություն ունեն ու ամեն գնով փորձում են գալ Երևան, որովհետև այդպիսով վստահ են, որ կապահովագրվեն խնդիրներից.

 

«Գիտեք, սրա մեջ կա ճշմարտություն և ճշմարտության հենքի վրա են մարդիկ այդպես մտածում: Այդ պատճառով ես կոչ կանեի, որ համապատասխան գերատեսչությունը անմիջապես սկսեր վերազինումը և հսկողությունը մարզերի ծննդատների: Սա առաջին հերթին: Բացի այս, խոսքը միայն տեխնիկապես զննելու մասին չէ, նաև լավագույն մասնագետներ են հարկավոր»,- ընդգծեց տիկին Բիշարյանը` հորդորելով օրինակ վերցնել թեկուզև նույն ԽՍՀՄ-ից, թե ի՞նչ եղանակներով են  համաչափ զարգացումն ապահովել: Իսկ մերօրյա իրականության մեջ նա առաջարկում է ուղիներ գտնել, մասնագետներին մարզերից չվանելու, այլ հակառակը` նրանց այնտեղ ուղեգրելու և շահագրգռելու համար:

 

«Գուցե հարկավոր է պայմանագրեր կնքել, բարձր վարձատրել, այլ կերպ շահագրգռել նրանց, բայց շատ կարևոր է մարզերում էլ լավ մասնագետ ունենալ: Այդպիսով կլուծվի նաև  այդ անվստահության խնդիրը, որ մարզերում կա իրենց բուժհաստատությունների նկատմամբ»,- նշեց նա` ևս մեկ անգամ շեշտելով մասնագետների վերապատրաստումը:

 

Հ.Բիշարյանը նշեց նաև, թե մենք անընդհատ խոսում ենք համայնքների համաչափ զարգացման մասին, բայց մյուս կողմից ամեն ինչ անում դրան հակառակ` բոլոր ռեսուրսները, միջոցները, նաև պետպատվերը բերում-կենտրոնացնում  ենք Երևանում: Նա նաև հավելեց, որ այս խնդրին անհրաժեշտ է լուրջ մոտեցում ցուցաբերել, քննարկել, որովհետև կարելի է ասել, որ այն, որքան էլ լավ գաղափար իր մեջ չի պարունակում,  ժամանակավրեպ էր:

 

Էնզելա Մակարյան

 

 

Դիտումների քանակը` 3808

Գլխավոր էջ