Կին ընտրողները՝ կին պատգամավորներին
Մենք գրեթե մոռացել ենք, որ պատգամավոր բառը «պատգամ» արմատից է առաջացել: Փորձեցինք լրացնել այս բացը` խնդրելով տարբեր տարիքային խմբերի եւ մասնագիտությունների կին ընտրողներին Երևանի և մարզերից ձևակերպել իրենց հարցերն ու առաջարկները կին պատգամավորներին:
Նաիրա Մ., 26 տարեկան
– Կուզեի, որ այս խորհրդարանում ներառվեին ավելի շատ կին պատգամավորներ, որ կանանց իրավունքներին մասին ավելի շատ խոսեին, հատկապես ընտանեկան բռնությունների մասով: Կարծում եմ՝ պետք է մշակել այնպիսի մեխանիզմ, որ ավելի խիստ մոտեցում ցույց տային ընտանեկան բռնությունների ենթարկողներին: Առաջարկում եմ նաև ընտանեկան բռնությամբ հայտնի պատգամավորներն ուղղակի խորհրդարանում չընդգրկվեն:
Օֆել Ի., 35 տարեկան
– Ուզում եմ, որ կին պատգամավորներն ավելի հաճախ շփվեն գյուղի կանանց հետ, նստած չլինեն այստեղ` Երևանում ու, խնդիրներին գործնականում ծանոթ չլինելով, որոշեն՝ ինչ պետք է արվի:
Զոյա Ա. 54 տարեկան
– Կուզեի, որ կանանց համար, հատկապես ռիսկային տարիքից, մամոգրաֆիական հետազոտություններն անվճար լինեին: Թե չէ ընենց գներ են, որ մարդ վախենում էլ ա գնալ: Հետո՝ օրենք են հանել, որ ինչ-որ ապահովագրական փաթեթ կա, որտեղ ներառվում են միայն ինչ-որ մարդիկ, իսկ էն անապահով խավը նորից դուրս է մնում: Թող մի բան անեն, որ նրանց համար էլ լավ լինի:
Անահիտ Մ., 55 տարեկան
– Պետք է վերացնել սելետիվ աբորտները, ու դատապարտվեն այն մարդիկ, ովքեր ստիպում են, որ իրենց կանայք աբորտ անեն: Ես գիտեմ շատ դեպքեր, երբ ստիպել են կնոջն աբորտ անել, քանի որ արդեն երկու աղջիկ ունեն:
Արուսյակ Հ. 56 տարեկան
– Հատկապես աշխատավայրերում կանանց հետ կապված խտրականությանը շատ ենք հանդիպում, ավելին՝ կարող ենք տեսնել հաճախ, որ տարիքային սահմանափակմամբ են ընդունում աշխատանքի:
Շողինե Ս., 19 տարեկան
– Ուզում եմ իմանալ, որ խորհրդարանում նստած են իրոք կին պատգամավորներ, ոչ թե կանայք, որոնք ամեն ինչ անում են տղամարդավարի ու տղամարդկանց կանոններով:
Իրինա Սամուելյան, 29 տարեկան
– Ուզում եմ, որ կին պատգամավորները մտածեն երեխայի նպաստների ինդեքսավորման մասին։ Ծնողներ կան, որոնց եկամուտների մակարդակը բավական բարձր է, և երեխայի նպաստը նրանց ընտանեկան բյուջեում մեծ դեր չի խաղում։ Սակայն ինչ-որ մեկի համար էլ դրանք բավական լուրջ գումարներ են, և արդարացի կլիներ, եթե նրանց երեխայի նպաստների չափը առավել ունևոր քաղաքացիների հաշվին ավելանա։ Այսօր շատ կարևոր է ավելացնել երեխայի նպաստները իրոք կարիք ունեցողների համար, ինչպես նաև փոխհատուցման գումարներ վճարել հաշմանդամություն ունեցող երեխաներին և այն երեխաների համար, որոնց մանկատներից վերցնում են։
Անժելա Ռումելյան, 57 տարեկան,
– Շատերը կհիշեն այն բողոքի ակցիան, որ անցկացրեցին հղի կանայք՝ իրենց նպաստների կրճատման համար։ Այս փաստը մեկ անգամ ևս մեզ համոզում է, որքան կարեւոր է խորհրդարանում կնոջ դերը՝ հատկապես սոցիալական հանձնաժողովում, որն ընդունեց օրենքը եւ որի կազմում, չգիտես ինչու, կին չկար։ Տղամարդիկ հազիվ թե կարողանային այս հարցում ճկունություն հանդես բերել, որ, ի լրումն այդ ամենի, նաև մայր է. կհասկանա և կարձագանքի պատշաճ կերպով։
Սուսաննա Ստեփանյան, 31 տարեկան,
Կին պատգամավորը պետք է դրսևորի իր ողջ իմաստությունն ու վճռականությունը, որպեսզի կասեցնի աղանդների գործունեությունը, մասնավորապես, «Եհովայի վկաներինը»։ Եթե մեր եկեղեցին այս հարցում հանդես է բերում կատարյալ անտարբերություն, ապա պետք է հույսը դնել միայն իր վրա։ Բոլորին, որոնց ես ճանաչում եմ, դուր չի գալիս Հայաստանում «Եհովայի վկաների» ծավալած գործունեությունը, սակայն ոչ ոք արմատական միջոցների չի դիմում։ Եվ, որպես հետևանք, հայկական դպրոցներում կան ուսուցիչներ, որոնք առանց թաքցնելու՝ այս աղանդի հետևորդներ են և ազատ քարոզում են մեր երեխաներին։ Պետք է դրան վերջ դնել, և որքան շուտ, այնքան լավ։ Ու մի բան էլ. վատ չէր լինի քննարկել մի այնպիսի ոչ պակաս կարևոր քայլ, ինչպիսին դպրոցների և մանկապարտեզների շենքերի վերանորոգման ֆինանսավորման էական ավելացման հնարավորությունն է։
Նորա Աճեմյան, 67 տարեկան,
– Շատ հաճախ խանութներում և նույնիսկ հայտնի սուպերմարքեթներում կարելի է տեսնել ժամկետանց մթերքներ։ Դրանք հիմնականում կաթնամթերքներ են կամ պահածոներ։ Մի անգամ մենք ընկերուհիներով որոշեցինք, որ վատ չէր լինի ստեղծել մեր, այսպես կոչված, «փորձագետների ակումբը» և պարզել խանութներում հին և ժամկետանց արտադրանքը։ Ու այդ ժամանակ մեզնից՝ թուշակառուներից պետությանը մի օգուտ կլինի։ Այ եթե միայն օրինականացնեին մեր նախաձեռնությունը։ Ի՞նչ կասեք, պատգամավոր տիկնայք։
Արմենուհի Ստեփանյան, գյուղ Դարբաս
– Ե՞րբ կկարողանաք բարելավել կին գյուղացու ապրելակերպը, որ նա մի քիչ լավ կարողանա ապրել: Ե՞րբ կարող ենք մեր մշակած ապրանքը ժամանակին վաճառքի հանել, որ կարողանանք նորմալ ապրել:
Ես ուրախ եմ, որ կանայք այդքան ակտիվ են ու զբաղվում են քաղաքականությամբ, որովհետև, իրոք, միայն կինը կարող է հասկանալ կնոջ հոգսերի ողջ ծանրությունը:
Վերա Գրիգորյան, գյուղ Օշական
– Շատ մեծ համակրանք ունեմ կին քաղաքական գործիչների նկատմամբ: Նրանք ավելի նրբանկատ են, կանանց ուսերին է տնտեսության մեծ բեռը, տուն պահելը… Կարծում եմ՝ կանանց մուտքով խորհրդարան կլուծվի սոցիալական խնդիրը: Փորձը ցույց է տալիս, որ այն գյուղերում, որոնց գյուղապետները կանայք են, այդ համայնքները ավելի քիչ չլուծված խնդիրներ ունեն: Ես կին պատգամավորին կհարցնեի պարզապես, թե ինչպե՞ս են եկել քաղաքականություն, նրա հաջողության բանաձևը:
Ալվարդ Շահնազարյան, գյուղ Թթուջուր
– Կցանկանամ կին պատգամավորին հաջողություն, աշխատանքի բարելավում, թող ժողովրդի համար բարի գործեր անեն: Պայմաններն անբարենպաստ են լինում, հույսը դրել ենք բաղ ու բախչի վրա էն էլ, դա էլ չկա, եղանակը լավը չի լինում, ու ժողովուրդը մնում ա սոված: Սրտացավ աշխատանք չկա, եթե նրանք սրտացավ լինեն, ամեն բան ավելի լավ կլինի:
Հայկանուշ Ենոքյան, գյուղ Ակնաշեն
– Ես ջերմոց ունեմ: Մենք ողջ տարի չարչարվում ենք, բանջարեղենը մշակում ենք, աշխատատեղ ենք ստեղծում: Եվ այն ժամանակ, երբ պետք է հետ ստանանք ներդրած գումարը, փաստի առաջ ենք կանգնում: Բերքը, շուկա հասնելու ժամանակ, դրսից, չգիտեմ ինչ ճանապարհով, ցածր ինքնարժեքով բանջարեղեն են ներկրում, և արդյունքում մերը մնում է: Մեկ-երկու տարի, այսպես որ աշխատենք, կփակենք մեր ջերմոցը, տանը կնստենք: Ուզում եմ, որ որևէ հսկողություն լինի, և ինչպես կարելի է անել, որ այս երկրում փոքր բիզնես ունեցողը նույնպես կարողանա շահույթ ստանալ:
Նվարդ Հովհաննիսյան, գյուղ Երասխ
– Կանայք խորհրդարանում շատ անելիքներ ունեն. հեռատեսություն ունեն, նվիրված են և՛ իրենց ընտանիքին, և՛ իրենց երկրին: Կարող ուժ են, աշխատանքի են գալիս, բայց և տանը նույն աշխատանքն են կատարում, կարծես հոգնել չունեն:
Ես կուզենամ, որ աշխատատեղերի հարցը լուծվի: Մեր հողերը վատն են՝ աղակալած, ավազոտ, այստեղ հողագործությամբ այնքան էլ շահավետ չէ զբաղվելը, իսկ մեր գյուղը, երիտասարդները աշխատատեղի խնդիր ունեն:
Զրուցեցին
Մարիամ Մուղդուսյանը,
Կարինե Ամիրխանյանը,
Լիլիթ Քոչինյանը
Դիտումների քանակը` 3886