Արտերկրում աշխատող ՀՀ դեսպաններից ընդամենը չորսն են կին

Մարտի 2-ը Հայաստանում նշվում է  որպես Դիվանագետի օր: Տոնն ամրագրված է  «ՀՀ հիշատակի օրերի մասին»  օրենքով 2012 թվականից: Մասնագիտական տոնն ընդունված է կապակցել այն կարևոր իրադարձության հետ, որը լավագույնս է փոխանցում դրա խորհուրդը: Այնպես որ օրը խորհրդանշական է. 1992 թ. հենց  մարտի 2-ին  Հայոց Եռագույնը սկսեց ծածանվել Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջև ու  Հայաստանը կրկին ինքնիշխան պետությունների մեծ ընտանիքի մաս կազմեց:

 

 

ԱԳՆ-ի  տվյալներով,  2017թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 175 պետության հետ: Արտերկրում Հայաստանն ունի հավատարմագրված 43 ռեզիդենտ դեսպան, ովքեր համատեղության կարգով հավատարմագրված են ընդհանուր առմամբ 73 երկրում: ՀՀ մշտական ներկայացուցիչներ են նշանակված 22 միջազգային կազմակերպություններում: Արտերկրում գործում են ՀՀ 9 գլխավոր հյուպատոսություն, 1 հյուպատոսական կետ և 39 պատվավոր հյուպատոս :

 

 

Հայաստանի տարբեր երկրներ գործուղված  դեսպանների թվում կանայք  ընդամենը չորսն են, ինչը մոտ  7% է կազմում:  Մինչդեռ,  դիվանագիտության պատմության մեջ  հենց  հայ կինը՝   Դիանա Աբգարը, ով  1918 թվականին  նշանակվեց  Ճապոնիայում Հայաստանի առաջին հանրապետության պատվավոր դեսպան,  հիշատակվում է  որպես  աշխարհում  առաջին կին դեսպան: Այս պահին կին դեսպաններ են նշանակված Իտալիայում, Վիետնամում և Ինդոնեզիայում:

 

 

Ի դեպ, երեկ ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով դեսպանների փոփոխություն է կատարվել, ինչի հետևանքով այդ պաշտոնում նշանակված հինգ  կանանցից մնացել են չորսը:  Կին դեսպաններից մեկն ազատվել է պաշտոնից, մյուսը տեղափոխվել այլ երկիր:  Խոսքը Ձյունիկ Աղաջանյանի ու Աննա Աղաջանյանի մասին է: Վերջինն ազատվել է Ինդոնեզիայում ու Մալայզիայում ՀՀ դեսպանի պաշտոնից: Առայժմ որևէ այլ պաշտոնում նշանակվելու մասին լուրեր չկան: Նա Ինդոնեզիա էր գործուղվել 2013-ի դեկտեմբերին, այդ երկում ՀՀ դեսպանատունը պաշտոնապես գործում է  2014-ի հունվարից:

 

 

Հարցազրույցներից մեկում Աննա Աղաջանյանը բավականին հետաքրքիր դիտարկումներ էր արել  հատկապես  կին դիվանագետի խնդիրների վերբերյալ, նշելով , որ դրանք տարբերվում են ցանկացած այլ բնագավառում առաջխաղացման ձգտող կանանց խնդիրներից:  «Միայն այն, որ բարձր պետական կամ խոշոր միջազգային ընկերության ղեկավար պաշտոնում կնոջ նշանակումը դառնում է մամուլի ուշադրության առարկա, ինձ թվում է, վկայում է հենց այն մասին, որ նման երևույթները դեռ առօրյա չեն դարձել: Գաղտնիք չէ նաև, որ դիվանագիտության մեջ շատ հարցեր լուծվում են պաշտոնական բանակցությունների սենյակից դուրս, և որ «տղաները» միշտ հնարավորություն ունեն հանդիպելու ոչ պաշտոնական մթնոլորտում: Ջակարտայում, օրինակ, շատ հարցեր կարգավորվում եմ գոլֆ խաղալու ժամանակ: Այդուհանդերձ, պետք է ասեմ, որ այսօր Ջակարտայում հավատարմագրված է 13 կին դեսպան, և մենք փորձում ենք որոշ իրավիճակներում միմյանց աջակցել` մանավանդ, հաշվի առմելով, որ դիվանագիտական կորպուսի դուայենը նույնպես կին է: Ուշագրավ է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո դիվանագետների հետ իր առաջին պաշտոնական հանդիպումը նախագահ Ջոկո Վիդոդոն կազմակերպեց հենց «կին դիվանագետներ» խմբի հետ», – ասել է նա:

 

 

Աննա Աղաջանյանի փոխարեն Ջակարտայում կաշխատի Ձյունիկ Աղաջանյանը, ով մինչ այդ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանն էր: Հոլանդիայում դեսպանի պաշտոնում նա աշխատել է յոթ տարի:  Նախագահի հրամանգրով նա ազատվել է նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: Նիդերլանդների Թագավորությունում դեսպան է  նշանակվել Գարեգին Մելքոնյանը, ով մինչ այդ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալն էր:

 

 

Այսպիսով, Հայաստանից տարբեր երկրներ գործուղված դեսպաններից  ընդամենը չորսն են կին:

 

 

Վիկտորիա Բաղդասարյանը , Իտալիայում ՀՀ դեսպան է նշանակվել 2016-ի մայիսին: Ծնվել է 1976թ. սեպտեմբերի 22-ին:  Նորանշանակ դեսպանը  սովորել է Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանում (1994 թ.), Լոնդոնի առևտրի և արդյունաբերության պալատում (1996 թ.), Սորբոնի համալսարանում՝ բիզնեսի իրավունք/միջազգային իրավունք մասնագիտացմամբ (2000թ.), Վերսալի փաստաբանների դպրոցում (2002թ.):
2000-2005 թթ. որպես փաստաբան աշխատել է Deloitte & Touche ընկերությունում: 2006-2016 թթ. Accor խմբում (ներկայում՝ Edenred) զբաղեցրել է միջազգային զարգացման տնօրենի պաշտոնը: Տիրապետում է իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին:  Ֆրանսիայում հայ իրավաբանների միության անդամ է:

 

 

Ձյունիկ Աղաջանյանը ,   Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2011 թ. փետրվարի 8-ին, մինչ այդ՝   2010-2011 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի խորհրդական 0 թթ. ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, 2007-2011 թթ. Կանանց հարցերով խորհրդի անդամ, Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, ՀՀ-ում մարդականց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար:

 

 

Ռաիսա Վարդանյանը    Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել  ՀՀ Նախագահի 2013 թ. հուլիսի 16-ի հրամանագրով: Նա Քաղաքական գիտությունների թեկնածու: Հակամարտությունների կարգավորման և միջազգային հարաբերությունների շուրջ մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է: Զեկույցներով հանդես է եկել բազմաթիվ միջազգային համաժողովներում: Երկու որդի ունի:

 

 

Էսթերա Մկրտումյանը  ներկայացնում է Հայաստանը  Արգենտինայում, 2017-ին  համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև Ուրուգվայում, Չիլիում և Պերուում։ Ավարտել է  Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը: Աշխատանքային կարիերան սկսել է  2002 թվականից ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության առաջատար մասնագետից: 2012թ.  ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով: Ունի մեկ դուստր:

 

 

 

Հ. Կարապետյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Դիանա Աբգար – աշխարհի առաջին կին դեսպանը

«Պատմությունն ուրացել է հայ կնոջը »

Առաջին հանրապետության կին պատգամավորները/ տեսանյութ

10 հայուհիներ, ովքեր փոխեցին  պատմության ընթացքը…

Առաջին կինը Բրիտանիայի խորհրդարանում: սրամտությունն ու սկանդալները 

 

Դիտումների քանակը` 2803

Գլխավոր էջ