Կինոռեժիսոր. «Հայ կնոջ կերպարը սխալ է ներկայացվում աշխարհին»
Դժբախտաբար հայ կինը մեր կինոարվեստի միջոցով սխալ է ներկայացվում աշխարհին: Կարծիքը կինոռեժիսոր Արշակ Զաքարյանին է, որի հեղինակային «Կինը» ֆիլմը ներկայացվել է Լեհաստանում անցկացվող «Zoom Zblizenia» միջազգային փառատոնում: 12 րոպե տևողությամբ «Կինը» ընդգրկվել է 114 լավագույների ցանկում և կմասնակցի փառատոնի վերջնական մրցանակային փուլին:
«Դժբախտաբար հայ կինը մեր կինոարվեստի միջոցով սխալ է ներկայացվում աշխարհին, լրագրողներն էլ չգիտես ինչու, ողջ օրը խոսում են մատների վրա հաշվվող «վատ մասնագիտություն» ունեցող կանանց մասին, փոխարեն խոսեն 1.5 մլն մեր առաքինի կանանց մասին, ովքեր հայ օջախը շեն պահելու ողջ ամբողջ բեռն իրենց ուսերին են կրում, դա կլինի պատերազմի ժամանակ, երբ տղամարդը տանը չէ, իսկ նրանք տունն են պահում ու երեխաներին են դաստիարակում»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արշակ Զաքարյանը:
Նրա խոսքով, «Կինը» ոչ միայն նպատակ ունի ներկայացնել հայ կնոջ կերպարը, այլև ուղերձ է մեր թշնամիներին: «Ֆիլմը ցույց է տալիս, որ մեր ընկած տղերքի փոխարեն նրանց որդիներն են կանգնած նույն տեղում և նույն հերոսությամբ ու քաջությամբ պատրաստ են դիմակայելու ցանկացած ոտնձգությանը թշնամու կողմից»,-ասաց Զաքարյանը:
Ռիժիսորին դժգոհություններ են հասել, թե ինչպես է, որ ազատամարտիկի տունն այդքան լավն է: «Այդ տնից երեք հոգի ծառայել է հայկական բանակում, և այդ ծառայած տղաներն էլ այս տունը կառուցել են »,-ասաց կինոռեժիսորը:
Մշակույթի նախարարությունն էլ օգնել է հեղինակներին, տրամադրել տոմսի գումարը, որպեսզի մեկնեն Լեհաստան` մասնակցելու փառատոնին:
Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի նախագահ Արտաշես Հովհաննիսյանը «Կինը» ֆիլմը հաջողված է համարում, հենց նա էլ ֆիլմը ներկայացրել է փառատոնին: «Չնայած ոչ կոմերցիոն ֆիլմերի տևողությունը կարճ է` 12-15 րոպե, բայց ասելիքը սուր է»,-նկատեց նա, ավելացնելով, որ Հայաստանում ոչ կոմերցիոն ֆիլմերի թիվը գնալով ավելանում է:
Դերասանուհի Զառա Հակոբյանն ասում է, ինքն էլ որդի ունի ու անպայման, թեկուզ վախով, բանակ է ճանապարհելու: «Մեր սահմանները պահում են մեր որդիները, ուրեմն մեր աղոթքներով պետք է սատար կանգնենք: Ֆիլմում մայրը կորցրել է ամուսնուն, մի պահ կանգնում է փաստի առաջ, որ որդին պետք է բանակ գնա: Չոր աչքով պետք է ճանապարհել, չոր աչքով ընդունել»,-ասաց դերասանուհին:
Հ. Կարապետյան
Կարդացեք եւ դիտեք ֆիլմը մեր կայքում .
«Կինը» հայկական ֆիլմը` լավագույների ցանկում/ վիդեո
Դիտումների քանակը` 5544