«Կինը քաղաքականության մեջ ուժ է տալիս, նոր որակներ է տալիս». Արթուր Բաղդասարյան
«Այստեղ տղամարդ ենք ես եւ օպերատորները,», այս խոսքերով Մարտի 8-ի առիթով կանանց հետ հանդիպումը սկսեց «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՀՎԿ) առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Մինչ կներկայացներ իրենց նախընտրական ծրագիրը շնորհավորեց կանանց: « Այսօր շատ ընտանիքներում հենց կանանց ուսերին է դրված օջախը պահելու բարդ ու դժվարին առաքելությունը, և մենք ցանկանում ենք, որ կանայք իրենց ամուր զգան»:
Բաղդասարյանը բարեմաղթանքից հետո խոսեց կուսակցության նախընտրական ծրագրում կանանց վերաբերող դրույթներից և այս ոլորտում կուսակցության արած աշխատանքների մասին. «Մենք միշտ կողմնակից ենք եղել գենդերային հավասարությանը, հեղինակն ենք եղել ընդունված կանանց և տղամարդկանց հավասարության մասին օրենքին: Մենք ջատագովն ենք եղել ընտրական օրենսգրքում այն փոփոխությունների իրականացմանը, համաձայն որոնց՝ այսօր Հայաստանում կանայք ունեն մեծ ներգրավվածություն ընտրական ցուցակներում»,- ասաց նա՝ նշելով, որ կանայք պետք է էլ ավելի ակտիվ մասնակցություն ունենան ու իրենց վճռորոշ դերակատարումն ունենան երկրի կառուցման բարդ ու պատասխանատու գործում:
Արթուր Բաղդասարյանը մեկ անգամ ևս կրկնեց, որ իր թիմով վճռական ոչ է ասում կնոջ նկատմամաբ բռնություններին. «Հայաստանում պետք է վերջ դրվի ընտանեկան բռնություններին, պետք է հասնենք նրան, որ կնոջ նկատմամբ խտրականությունը վերանա»:
Նա խոսեց նաև գյուղաբնակ կանանց մասին,ասաց,որ գյուղի կանայք, օր ու գիշեր հողի հետ կռիվ տալով, բերք ու բարիք են ստեղծում՝ պետության կողմից չարժանանալով պատշաճ վերաբերմունքի: «Մենք առաջարկում ենք, որպեսզի պետությանը հողի հարկ վճարող ընտանիքների կանանց գյուղատնտեսական աշխատանքը դիտարկել աշխատանքային ստաժ»:
Կուսակցության հաջորդ առաջարկը մայրական կապիտալին է վերաբերվում: «Հայաստանում պետք է ձևավորվի մայրական կապիտալ. Մեր հեղինակած օրենքով՝ այսօր ընտանիքը ծնված 3-րդ և 4-րդ երեխայի համար պետությունից ստանում է 1,5 մլն դրամ: Այսօր օրենքը անցել է 8 տարվա ճանապարհ, 8 տաի քննադատություններ են հնչել, բայց այսօր մենք հպարտությամբ արձանագրում ենք, որ այդ օրենքն ընդունվել է, գործում է»,- ասաց Արթուր Բաղդասարյանը՝ նշելով, որ իրենց նոր նախընտրական ծրագրում առաջարկում են, որպեսզի առաջնեկին ու երկրորդ երեխայի համար տրվող գումարների չափը մեծացվի:
ՀՎԿ առաջնորդը նաև ասաց, որ առաջարկում են, որպեսզի bազմազավակ ընտանիքներին պետական աջակցության մասին հատուկ օրենք ընդունվի, ինչի համար պայքարում են արդեն 6 տարի. «Բայց մենք վստահ ենք, որ առաջիկայում այս օրինագիծը դառնալու է օրենք»:
Ինչ վերաբերում է նորաստեղծ ընտանիքներին, ապա Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ իրենց առաջարկով նման ընտանիքներին պետությունը պետք է միանվագ տրամադրի 500,000 դրամ գումար, իսկ անապահովներին՝ 1 մլն. դրամ՝ իրենց առաջին քայլերը կատարելու համար:
Խոսելով քաղաքականության մեջ կանանց դերակատարման մասին ասաց, որ իրենց 100.000 անդամներից ավելի քան 60 տոկոսը կանայք են։ Նա մի քանի կին պատգամավորության թեկնածուներին առաջարկեց ոտքի կանգնել, որպեսզի վերջիններիս նկարեն: «Տեսեք, եթե վաղվա խորհրդարանում 25-30 կին է լինելու, սա տղամարդկանց ստիպելու է իրենց ավելի հավասարակշիռ պահել, ավելի ներդաշնակ, քաղաքական բանավեճի մշակույթը բարձրացնել նոր սանդղակի: Ընդհանրապես՝ այնտեղ, որտեղ կան կանայք, այնտեղ կա երջանկություն, հաջողություն, ներդաշնակություն: Քաղաքականությունը չի կարող առանց կանանց լինել, որովհետու կինը քաղաքականության մեջ ուժ է տալիս, նոր որակներ է տալիս, դրա համար մենք միշտ հաղթում ենք, իսկ ընդհանրապես պայքարող կանայք ավելի հզոր են», – ասաց նա: Վերջում էլ կեսկատակ, կեսլուրջ ասաց. «Շատ կանանց մեջ դժվար ա, ճիշտն ասած…կանանց ճնշմանը ոչ մեկ չի կարող դիմանալ»:
Արմինե Գեւորգյան
Դիտումների քանակը` 3137