«Կինը հասարակության ոչ թե թույլ, այլ ամենաուժեղ օղակն է»:
«Գյուղմթերքի հերոս կին 2017» կոչմանը արժանացած կանայք խրախուսական պարգևներ ստացան
Այս տարի Օքսֆամի հայաստանյան գրասենյակի և ՀՀ գուղատնտեսության նախարարության համագործակցությամբ մարտի 8-ին ավանդաբար անցկացվող «Գյուղմթերքի կին հերոս – 2017» մրցանակաբաշխությունը անցավ «Նոր մոտեցումներ, նոր լուծումներ սննդամթերքի արտադրության ոլորտում» կարգախոսի ներքո: Հատկանշական է, որ «Գյուղմթերքի կին հերոս – 2017» կոչմանը արժանացած կանանցից շատերը մինչ այդ «Կինը և նորարարությունը» նախագծի միջոցով են ներկայացվել հանրությանը:
Արդեն 6 տարի անընդմեջ ՀՀ գուղատնտեսության նախարարության հետ միասին Օքսֆամի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Գյուղմթերքի հերոս կին» մրցանակաբաշխությունը նպատակ ունի խթանել այն ֆերմեր կանանց գործունեությունը, ովքեր սննդամթերքի արտադրության ոլորտում հասել են հաջողության՝ հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, որոնց աշխատանքն անմիջական օգուտ է բերում իրենց համայնքներին, իսկ փորձը կարող է ուսանելի լինել գյուղոլորտում գործունեություն ծավալող սկսնակների համար: Այս տարվա մրցանակաբաշխությունը անցկացվում է Եվրոպական միության և Բրիտանիայի Բիգ Լոթըրի հիմնադրամի աջակցությամբ:
Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը ողջույնի խոսքում կարևորեց կանանց մասնակցությունը գյուղատնտեսության ոլորտում, նրանց տնտեսապես հզորացնելու և իրավազորելու ուղղությամբ տարվող աշխատանքերի արդյունքում քաղաքականության մեջ ներգրավվածությունը: Մ.Հակոբյանի համոզմամբ գյուղատնտեսոթյան ոլորտում ներգրավված բոլոր կանայք հերոսներ են, որովհետև նրանք կարողանում են զբաղվել գյուղատնտեսությամբ և միաժամանակ վարել տնտեսությունը, բայց կանայք պետք է լինեն ավելի շատ հավակնոտ, պայքարեն հավասար իրավունքերի և հնարավորությունների համար:
Կոոպերատիվների զարգացման գործում կանանց ներգրավվածությունը կարևորեց նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Ըստ նրա կանայք որոշուների կայացման մեջ ավելի կազմակերպված են, ավելի պատասխանատու, նրանք մեծ տեղ ունեն գյուղատնտեսության բոլոր ոլորտներում: Միաժամանակ համոզմունք հայտնեց, որ գյուղատնտեսական արտադրանքի որակի և համի համար ոչ միայն նշանակություն ունեն Հայաստանի հողն ու ջուրը, այլև հայ կինը, քանի որ նրա քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ այն դառնում այդպիսին:
Մրցանակների և խրախուման արժանացած կին հերոսները ներկայացրին գյուղոլորտում հաջողության հասած իրենց փորձն ու անցած ուղին:
Այսպես, կին հերոսի կոչմանն արժանացան Տավուշի մարզի Այրում քաղաքի «Լճկաձոր» կոոպերատիվի անդամներ Հանիսյան Սուսաննան, Ներսիսյան Լարիսան և Աբովյան Ժենյան, ովքեր Տավուշի անտառային հատապտուղների հավաքման ցուցանիշներով գերազանցել են իրենց գործընկերներին:
«ArmAs» գինու և կոնյակի գործարանի տնօրեն Վիկտորիա Ասրյանը ներկայացնելով իրենց արտադրանքը նշեց, որ այն արժանացել է 28 միջազգային մրցանակի, արտահանվում է շուրջ 7 երկիր: Նա նշեց, որ լուրջ հույսեր է կապում գործարանի հետագա գործունեության հետ: Այնուհետև իր փորձից պատմեց տղամարդկանց կողմից կին գործարարների նկատմամբ ցուցաբերած անվստահության մի քանի դրվագների մասին:
-Եղել է, որ աշխատանքի համար եկել են և երբ ես մերժել եմ, ինձ ասել են՝ քուր ջան, մի հատ ավելի կարևոր մեկին կասեք, գա խոսենք: Եկեք ծիծաղենք այս ամենի վրա և մեր ուշադրությունը պահենք մեր գործի վրա, որ ունեցած հնարավորություններն օգտագործեն նպատակային: Ես հպարտ եմ, որ հասել եմ լուրջ հաջողությունների և այս հարթակից հնարավորություն ունեմ ձեզ հետ կիսելու իմ փորձը, մեկս մյուսից սովորելու, զարգանալու շատ բան ունենք,- ավարտելով խոսքն ասաց Վիկտորիան:
Կին հերոսի կոչմանն արժանացած կանանցից է նաև «Ritea» թեյի արտադրության հիմնադիր տնօրեն Ռիտա Մարտիրոսյանը, ում համոզմամբ հանրության կողմից գնահատված լինելու գրավականը աշխատասիրությունն է, հարկավոր է չվախենալ դժվարություններից և առաջ գնալ: Ռիտան հրավիրված կանանց հորդորեց սեփական ուժերի հանդեպ ունենալ հավատ և համբերություն:
-Իմ գործունեությունը սկսել եմ 3 տարի առաջ, սկսել եմ ամենափոքր ներդրումից՝ 2000 դրամից, թեյի փոքր հավաքածուն հյուրասիրել եմ իմ հարազատներին, հյուրերին, հետո ստացել եմ առաջարկ, որն ինձ ոգևորել է, այդ պահից որոշեցի ավելի լուրջ զբաղվել թեյի արտադրությամբ: Ինձ հաջողվեց ձեռք բերել արտոնագիր, որից հետո իմ արտադրանքն արտահանել եմ Ռուսաստանի Դաշնություն: Երեք տարվա գործունեությունից հետո թեյի սպառման շրջանակներն ընդլայնվել են, արտադրանքը ներկայացվում է նոր փաթեթավորմամբ, այն հույսով, որ դրանք մեծ պահանջարկ կունենան Եվրոպայում, ինչու ոչ, նաև ԱՄՆ-ում:
«Եթե ամուր են սահմանամերձ համայնքերը, ուժեղ է նաև մեր հայրենիքը»,- այս կարգախոսով առաջնորդվող Վայոց ձորի մարզի Գոմք համայնքի «Վանքաձոր» կոոպերատիվի նախագահ Նունե Ավագյանը: Ներկայացնելով իր գործունեությունն ու փորձը նա նշեց, որ իրենց կոոպերատիվի հաջողությունները պայմանավորված են Օքսֆամի գործուն աջակցությամբ, ինչի արդյունքում կոոպերատիվը համայնքում ոչ միայն սոցիալական հարցեր լուծեց, այլև համախմբեց կանանց: Նունե Ավագյանը հույս հայտնեց, որ այդ ներուժով Գոմքը համայնքը կդարձնեն փոքրիկ Շվեյցարիա:
-Իմ համայնքը մի փոքրիկ մանուկ էր, որը ծնվել էր, և կարոտ էր աջակցության և խնամքի: Այն Օքսֆամի շնորհիվ ստացավ այդ աջակցությունն ու խնամքը, այսօր որպես պատանի կանգնած է ամուր ոտքերի վրա: Ճիշտ է, փոքրիկ քայլեր է անում, բայց անում է այդ քայլերը, իսկ ապագան պատկերացնում եմ այսպես՝ Հայաստանի Հանրապետության կայացած քաղաքացի, ով ոչ մի խոչընդոտի առջև այլևս կանգնելու իրավունք չունի: Շնորհակալ եմ, որ այսօր գնահատված ենք, հասկացանք, որ մենք կարող ուժ ենք և անշուշտ հասնելու ենք մեծ հաջողությունների,-ասաց Նունեն:
Սյունիքի մարզի Աշոտավան համայնքի ազնվամորու արտադրությամբ զբաղվող կանանց նախաձեռնող խումբը առաջադրվել է մրցանակաբաշխության Վորլդ Վիժըն կազմակերպության կողմից: Խմբի հաջողության գաղտնիքը բացահայտեց ծրագրերի համակարգող Իռենա Բադալյանը: Իր խոսքում նա նշեց, որ խումբն ընդգրկում է Աշոտավան համայնքի 10 ֆերմերների: Խմբի անունն «Վիկտորիա», ինչը խորհրդանշում է նրանց հաղթանակի ձգտումն ու հաղթողի ոգին: Խմբի կարգախոսն է «Ուժեղ կանայք, ուժեղ աշխարհ», իսկ նպատակը՝ բարելավել ամբողջ համայնքի կենսամակարդակը համայնքում՝ տարածելով ազնվամորու արդյունավետ մշակման կուլտուրան, մեծացնելով արտադրության ծավալները և գրավելով նոր շուկաներ:
Հաջորդ մրցանակակիրը Լոռու մարզի Վարդաձոր համայնքի հինգ կանանցից բաղկացած խումբը զբաղվում է ոչ ավանդական մշակաբույսերի արտադրությամբ: Խմբի ղեկավար Ալվարդ Դավոյանը նշեց, որ ԵՄ-ի ծրագրերի շրջանակներում կարողացել են հասնել հաջողությունների, իսկ հաճախակի կազմակերպվող միջոցառումների և դասընթացների շնորհիվ կանայք գյուղատնտեսական աշխատանքերի վերաբերյալ ստացել են նոր գիտելիքներ:
Բնական փաթեթավորմամբ մեղր և մեղրամոմից մոմեր առաջարկող BeeArt ընկերության հիմնադիրը՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ապրող Գայանե Տեր-Սիմոնյանն է, ում համոզմամբ ցանկացած գաղափար կարելի է իրագործել նվիրվածության և աշխատասիրության շնորհիվ: Իր ելույթում նա նշեց, որ ֆինանսական ճգնաժամային պայմաններում, եթե մարդը կարողանում է իր մեջ ուժ գտնել ինչ-որ բան ստեղծելու, արդեն հերոս է: Խոսելով հետագա ծրագրերի մասին Գայանեն ասաց, որ դրանք բավականին լուրջ ու հեռանկարային են: « Կնոջ ներուժը շատ մեծ է, այսօր մեր պետությանն իրոք անհրաժեշտ է այդ ուժը: Կինը հասարակության ոչ թե թույլ, այլ ամենաուժեղ օղակն է»:
Միջոցառման ընթացքում հյուրերին նվիրեցին «ArmAs» գինու և կոնյակի գործարանի քաղցրահամ գինին, <«Ritea» ապրանքանիշի անուշաբույր թեյը, BeeArt ընկերության մեղրամոմե բուրումնավետ մոմեր:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 3307