Կինը` Հայաստանի նախագահ. հնարավո՞ր է արդյոք
Այսօր քաղտեխնոլոգները, սոցիոլոգները և մյուս մասնագետները միաձայն պնդում են, որ կանանց մասնակցությունը գալիք նախագահական ընտրարշավին շատ ցանկալի կլիներ, սակայն ընտրվելու շանսեր նրանք գրեթե չունեն…
Հայաստանի անկախության քսանից ավելի տարիների ընթացքում ոչ մի կին որպես նախագահի թեկնածու չի առաջադրվել… Եվ պատճառը բոլորովին էլ մտածելակերպը չէ: Տարածաշրջանի հարևան երկրներում ղեկավար պաշտոններում կանանց նկատմամբ վերաբերմունքը մեզանից լավը չէ, սակայն երկրի գլխավոր պաշտոնի համար կանանց առաջադրման նախադեպեր եղել են թե՛ Վրաստանում և թե՛ Ադրբեջանում:
Հայ կանայք իրենց քաղաքական հավակնություններում ավելի քան զգուշավոր գտնվեցին, և մինչ այժմ նախագահական ընտրություններում մասնակցելու իր մտադրության մասին հայտարարել էր միայն 1998-ին սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը: Սակայն նախագահի թեկնածու նա այդպես էլ չդարձավ` նահանջելով առանց որևէ բացատրության թեկնածուների գրանցման փուլում:
Հավանաբար, նա չէր կարող բավարարվել «կարևորը ոչ թե հաղթանակը, այլ մասնակցությունն է» սկզբունքով: Նույն կերպ են նաև մտածում բազմաթիվ այլ կանայք, ովքեր ո՛չ կրթության մակարդակով, ո՛չ ինտելեկտով, ո՛չ քաղաքական և մասնագիտական փոր-ձով բացարձակ չեն զիջում և նույնիսկ զգալիորեն գերազանցում են այն տղամարդ-կանց, որոնք հաղթելու ոչ մի հնարավորություն չունենալով` այնուամենայնիվ առաջադրվում են` քաղաքական կապիտալ վաստակելու ակնկալիքով:
2013-ի նախագահական ընտրությունները այս առումով բացառություն չեն, այնպես որ երկիրը ղեկավարելու ցանկացողների պակաս դժվար թե նկատվի: Բնականաբար, առաջին շարքերում կլինեն տղամարդիկ: Սակայն այս անգամ հնարավոր թեկնածուների շարքում հիշատակվում են նաև կանանց անուններ:
Այս պահին որպես ՀՀ նախագահի պոտենցիալ թեկնածուի երեք կնոջ անուն է շրջանառվում. «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյան, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյան և գործարար Սիլվա Համբար-ձումյան, ով հասարակությանը հայտնի դարձավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատ-րյանի հետ «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցած տխրահռչակ միջադեպից հետո…
Ժամանակը ցույց կտա, թե այս կանանցից ո՛վ կհամարձակվի իրացնել իր մտադրությունը: Համենայն դեպս, նրանք դժվար որոշման առջև են կանգնած, քանի որ կին քաղաքական գործիչների նկատմամբ «անվստահության կանխավարկածը» հաշվի առնելով` հասարակությունը նրանց խոշորացույցով կնայի: Բացի այդ, եթե բավարար քաղաքական կապիտալ չունեցող տղամարդկանց ներվում են իրենց չհիմնավորված նախագահական հավակնությունները, և ոչ ոքի մտքով չի անցնում քննադատել նրանց սեռային պատկանելության տեսանկյունից, ապա կանանց դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է: Կանայք, որպես կանոն,պատասխանատվություն են կրում ոչ միայն իրենց, այլև ամբողջ սեռի համար, ընդ որում, իշխանության բոլոր մակարդակներում, սկսած տեղականից:
Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն է հասարակական կարծիքը Հայաստանում կին նախագահ ունենալու վերաբերյալ: Վերջին տարիներին անցկացված գրեթե բոլոր հարցումները, որոնցում շոշափվել է այս խնդիրը, ցույց են տալիս 30%-ից ոչ ավելի հարցվածների, ովքեր հնարավոր են համարում, որ Հայաստանում կին նախագահ լինի: Մնացածների համար դա անհնար է թվում` հիմնականում երկու պատճառով. նախ` հասարակությունը դրան պատրաստ չէ, և երկրորդ` պատրաստ չեն և բավարար քաղաքական կշիռ չունեն նաև հենց իրենք` կանայք: Քաղաքական փորձի մասով նշենք, որ այն բնավ չէր խանգարի նաև քաղաքական մեծ ամբիցիաներ ունեցող շատ ու շատ տղամարդկանց:
Իսկ ինչ վերաբերում է հասարակության պատրաստ լինելուն, ապա հասարակական կարծիքը մշտական կատեգորիա չէ:
1936-ին, երբ Ջ. Գելափը առաջին անգամ ԱՄՆ-ում հարցում անցկացրեց` «կքվեարկե՞ն արդյոք ընտրողները նախագահի պաշտոնին հավակնող կին թեկնածուի օգտին,եթե նա համապատասխան որակավորում ունենա», 65%-ը բացասական պատասխան էր տվել: 2008-ին ամերիկացիների գերակշիռ մասը` 80-90%-ը, ներառյալ տղամարդիկ, հայտարարել էին, որ իրենք պատրաստ են աջակցելու երկրի նախագահի պաշտոնում կին թեկնածուին: Ուրիշ հարց է, որ 2008-ի ԱՄՆ-ի ընտրություններում գենդերային կարծրատիպն ավելի ուժեղ գտնվեց, քան ռասայականը: Կարևորը այսօր ԱՄՆ բնակիչների մեծ մասը համարում է, որ իրենց երկիրը կարող է կին նախագահ կառավարել, և միայն 7%-ը, ըստ հարցումների, համոզված է, որ կինը երբեք չի դառնա երկրի ղեկավար:
Վերջին տասը տարիներին այս գաղափարը դադարել է արտառոց թվալուց ոչ միայն ԱՄՆ-ում: Ի դեպ, նաև Հայաստանում, որտեղ հասարակական կարծիքը, թեև շատ դանդաղ, սակայն փոխվում է: Եթե մի քանի տարի առաջ նախագահի պաշտոնում կնոջը տեսնում էր հարցվածների միայն 25%-ը, ապա 2011-ի հարցումների տվյալներով` նրանց թիվն աճել է մինչև 30%: Դրա հետ մեկտեղ, այդ պաշտոնին համապատասխանող կանանց մի քանի անուններ թվարկելու խնդրանքին հարցվածների մեծ մասը դժվարանում է արձագանքել: Պատճառն ակնհայտ է` իշխանության բոլոր մակարդակներում կանանց թերի ներկայացվածությունը և որպես հետևանք` հրապարակայնության պակասը:
Բացի այդ, նույնիսկ շատ պատրաստված կանանց մոտ նկատվող ամբիցիաների պակասը՝ պայմանավորված գերպատասխանատվության զգացումով, գրեթե անհնար է դարձնում նրանց առաջադրումը երկրի գլխավոր պաշտոնում: Այս հարցում որքան էլ տարօրինակ է, ամբողջ հույսը ազգային մտածելակերպն է, սակայն ոչ այն իմաստով, ինչպես սովորաբար դրա մասին հիշատակում են. «Այդ ինչո՞ւ Մարգարետը, Անգելան կամ Հիլարին կարող են կառավարել, իսկ մեր Անահիտները` ոչ»…
Թամարա Հովնաթանյան
Դիտումների քանակը` 3720