ԿԸՀ-ն պարզաբանում է` օրենքի պահանջը չի խախտվել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՕԵԿ համամասնական ցուցակում ընդգրկված Աշխեն Մանուկյանի (45-րդ հորիզոնական) , Կարինե Մկրտչյանի (90-րդ հորիզոնական) եւ Մերիի Ղոնյանի ( 169-րդ ) ինքնաբացարկից հետո կանանց ներկայացվածությունը ցուցակում դարձել է 18,5 տոկոս՝ Ընտրական օրենսգրքում ամրագրված 20 տոկոսի փոխարեն: Հարց է առաջանում , արդյո՞ք դրանով չի խախտվել օրենքով սահմանած քվոտավորման սկզբունքը: Պարզաբանման համար WomenNet.am –ը դիմեց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանին:
Նունե Հովհաննիսյանի խոսքով, ԸՕ 108-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, որը սահմանում է, որ «կուսակցությունների համամասնական ցուցակներում 2-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը», որպես պարտադիր պահանջ գործում է միայն առաջադրման փաստաթղթերը ներկայացնելիս եւ հիմք է ընդունվում կուսակցության գրանցման հարցը քննարկելիս:
“Երբ ԿԸՀ ցուցակների գրանցման հարցը քննարկելիս ԿԸՀ-ն հայտնաբերում է, որ այս դրույթը պահպանված չէ, տվյալ ցուցակի գրանցումը մերժելու հիմքեր են առաջանում, սակայն գրանցումից հետո համամասնական ցուցակի բոլոր անդամները պատգամավորի թեկնածուի կարգավիճակ են ձեռք բերում եւ նրանց վրա տարածվում է ԸՕ 128-րդ հոդվածի 2-րդ մասի այն դրույթը, որ պատգամավորության թեկնածուն, անկախ սեռից, քվեարկության օրվանից ոչ ուշ քան տասը օր առաջ իրավունք ունի հանել իր թեկնածությունն ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու միջոցով”, – պարզաբանեց ԿԸՀ իրավաբանական վարչության պետը եւ հավելեց, որ ՕԵԿ համամասնական ցուցակի գրանցման պահին այս նորմը պահպանված է եղել, իսկ գրանցումից հետո թեկնածուներն ազատ են օրենքով սահմանված իրենց գործողություններում:
Մարիաննա Ղահրամանյան
Դիտումների քանակը` 3600