Կեթրին Լիչ. «Քաղաքականության մեջ հաջողությունը՝ երկարարատև ծանր աշխատանքի արդյունք է»:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կեթրին Լիչը այն երջանիկ կանանցից է, ով կարողացել է կայանալ ամեն ինչում՝ լինել մայր, սիրված կին և կարիերայում հասնել հաջողությունների: Նա սիրով համաձայնվեց պատասխանել WomenNet.am-ի հարցերին:
– Տիկին դեսպան, Հայաստանի դիվանագիտական պրակտիկայում ամուսինների նշանակումը համատեղ դեսպանների պաշտոնում աննախադեպ իրադարձություն էր, թեպետ ՄեծԲրիտանիայի արտաքին գերատեսչության համար դա սովորական երեւույթ է: Բացի այդ հայտնի է, որ դուք էլ միասին աշխատելու փորձ այլ երկրներում ունեցել եք: Ինչպիսի՞ դրական և բացասական կողմեր են առաջանում այդպիսաի պրոֆեսիոնալ ընտանեկան տանդեմի ժամանակ:
– Իհարկե ինձ շատ է դուր գալիս աշխատել ամուսնուս հետ որպես «դեսպանների թիմ» և ես շնորհակալ եմ թե Մեծ Բրիտանիայի, թե Հայաստանի Արտաքին գործերի նախարարություններին մեր աշխատանքին սատարելու համար: Ես կարծում եմ մեր համատեղ աշխատանքի դրական կողմը դիտարկվում է, թե՛անձնական, թե՛ավելի կազմակերպչական տեսանկյունից: Նախ երկուսս միասին երեք-չորս տարվա համար ձեռք ենք բերել հիանալի աշխատանք, երկրորդը` ՄԹ Արտաքին գործերի նախարարությունը մեկի փոխարեն կունենա երկու համապատասխան ղեկավարման փորձառություն ունեցող աշխատող:
Կարևոր խնդիրն այն է, թե արդյոք մենք կարող ենք այս աշխատաձևը ծառայեցնել ի օգուտ մեր դեսպանատան աշխատողների և Հայաստանում մեր գործընկերների: Գուցե կառավարման այս մոդելը չաշխատի ամենուր և բոլորի համար, սակայն մեր տեսանկյունից հատկապես փոքր դեսպանատան համար չափազանց կարևոր է չորս ամիսը մեկ լիցքավորել նոր էներգիայով: Դա լավ հավելում է դեսպանատան միջոցներին և կայունությանը: Ամենադժվար գործը օրվա անցուդարձի մասին մեկս մյուսին տեղեկացված պահելն է:
-Իսկ ձեր միջև մասնագիտական տարաձայնություններ լինու՞մ են և հաջողվու՞մ է ձեզ արդյոք պաշտպանել ձեր տեսակետը:
– Հիմնականում մենք խնդիրներին նայում ենք միևնույն տեսանկյունից: Պատահում է, որ տարբեր գաղափարներ կամ մոտեցումներ ենք ունենում որևէ հարցի վերաբերյալ, բայց մենք գիտենք, որ քննարկելու ենք խնդիրն այնքան ժամանակ, մինչև գանք ընդհանուր գաղափարի և համաձայնության: Ես չեմ հաշվել, թե մեզնից ով է հաճախ հաղթում, բայց կարծում եմ, որ իրականում հիմնական արդյունքը փոխզիջումն է լինում:
– Դժվար չէ՞ գտնվել միանգամից երեք` կնոջ, մոր, ինչպես նաև դիվանագետի դերերում: Օգնու՞մ է Ձեզ ամուսինը համատեղել կարիերան և ընտանիքը:
– Չեմ կարող ասել, որ հեշտ է համատեղել կարիերան և տնային պարտականությունները: Դա պարբերական դժվարություն է ցանկացած աշխատող կնոջ համար: Բայց ես նաև մտածում եմ, որ համատեղումը հնարավոր է միայն սատարող և հարմարվող զուգընկեր ունենալու դեպքում՝ գոնե իմ դեպքում այդպես է: Եվ ես երջանիկ եմ դրա համար:
– Ձեր կարիերայի ընթացքում կանանց նկատմամբ խտրականության դրևորումների հետ անձամբ առնչվել ե՞ք:
– Ես անկեղծորեն ուզում եմ ասել, որ իմ գործունեության ընթացքում մինչ այժմ որևէ խտրական վերաբերմունք չեմ զգացել: Արտաքին գործերի նախարարությունում աշխատելուս առաջին օրերից սկսած նկատել եմ, թե ինչպես են այստեղ ջանում կանանց համար ապահովել աշխատանքային ճկուն պայմաններ՝ հատկապես այն կարևոր տարիներին, երբ երեխաները փոքր են: Հավելեմ, որ այս առավելություններից օգտվում են նաև տղամարդիկ: Այժմ շատ տղամարդիկ ունեն ընտանեկան պարտականություններ և աշխատող կանանց, ուստի նրանք ևս, ինչպես կանայք, ցանկություն ունեն չվարձատրվող արձակուրդ վերցնել, կամ կես օր աշխատել:
-Գենդերային անհավասարության խնդիրը Բրիտանիայում ինչպիսի՞ լուծումներ է այսօր ստանում:
– Այս խնդրի լուծման համար մենք երկար ճանապարհ ենք անցել: Իհարկե, եթե նայեք վիճակագրական տվյալներին, կտեսնենք, որ, ասենք, խորհրդարանում կանայք կազմում են 22%, FTSE Group –ի 100 ընկերություններում կին գլխավոր տնօրենները կազմում են միայն 7 %, այսինքն, դեռ շատ բան ունենք անելու: Մենք պետք է բեկումնային քայլեր անենք բարձր պաշտոններ ձեռք բերելու համար: Դրա հետ մեկտեղ կանայք այսօր Միացյալ թագավորության աշխատաշուկայում մեծ մաս են կազմում և անում են բազմաբնույթ աշխատանք, որի մասին մայրիկիս ժամանակաշրջանի կանայք միայն կարող էին երազել: Մինչև 1973-ը նույնիսկ Արտաքին գործերի նախարարությունում կանայք ամուսնանալուն պես ստիպված էին լինում աշխատանքից դուրս գալ: Սա պարզապես անհավատալի է մեր օրերում, և այս փոփոխությունները, որոնք այսօր երևում են հասարակության վերաբերմունքում, ամրագրված են հզոր իրավական դաշտով, որի շնորհիվ խտրականությունը դիտարկվում է որպես անօրինական երևույթ և աջակցություն է ստանում կանանց ֆիզարձակուրդ ունենալու իրավունքը:
– Իսկ ինչպիսին է այսօր Մեծ Բրիտանիայ ի քաղաքական դաշտը կանանց ներկայցվածության տեսակետից: Կա՞ն արդյոք ասպարեզում բարձր պաշտոնների հավակնող կին քաղաքական գործիչներ:
– Մենք բավական տաղանդավոր կանայք ունենք քաղաքականության առաջատար դիրքերում: Միայն մի քանի օրինակ կարելի է բերել՝ Թերեզա Մեյը ներքին գործերի նախարարն է, Իվետ Քուփերը՝ նրա գործընկերն է ստվերային կառավարությունում: Երկուսն էլ հնարավոր ապագա լիդերներ են: Բոլոր կուսակցությունների ղեկավարները կարևորում են կին պատգամավորների ներկայացվածությունը նախարարական պաշտոններում: Սակայն հավասարապես կարևոր է խորհրդարանում ևս տաղանդավոր կանանց ներկայությունը:
–Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված կնոջ հաջողությունը քաղաքականությունում: Ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա կինը, որպեսզի այնպիսի գլխապտույտ քաղաքական կարիերա անի, ինչպես դա հաջողվեց ժամանակին Մարգարետ Թետչերին, ով վարչապետի պաշտոնում մնալու յուրահատուկ ռեկորդ սահմանեց` 11,5 տարի…
– Քաղաքականության մեջ հաջողությունը՝ երկարարատև ծանր աշխատանքի արդյունք է: Քո աշխատանքային անվտանգությունը ապահովված չէ նույնիսկ ընտրություններից հետո, պարբերաբար գտնվում ես լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, քննադատության թիրախ ես դառնում և մասնագիտական, և անձնական տեսանկյունից: Ես՝ որպես նշանակովի պաշտոնում աշխատող քաղծառայող, իսկապես հարգում եմ մարդկանց, ովքեր պատրաստ են ապրել ու աշխատել նման պայմաններում: Ցանկացած կին, ով պատրաստվում է մտնել քաղաքականություն, պետք է ունենա ինքնավստահություն, ճկունություն և կարողանա համոզիչ լինել: Բայց քաղաքականության մեջ նաև անհրաժեշտ է հաջողությունն ու ժամանակը: Դուք պետք է լինեք ճիշտ տեղում, ճիշտ պահին և քաջություն ունենաս, ինչպես տիկին Թետչերն է ասել՝ բռնեցնել ճիշտ պահը: Հետաքրքիր է, որ 1974-ին նա դեռևս ասում էր. «Կլինեն տարիներ և ոչ իմ ժամանակներում, երբ կանայք կղեկավարեն կուսակցություն կամ կդառնան վարչապետ», իսկ մեկ տարի անց ՝ 1975-ին դարձավ կուսակցության ղեկավար, այնուհետև 1979-ին ընտրվեց վարչապետ:
– Հայաստանում նախագահական ընտրություններում կնոջ առաջադրման առաջին նախադերը արձանագրվեց անցյալ տարի, երբ լրագրող Նարինե Մկրտչյանը առաջադրվեց նախագահի թեկնածու: Այլ հարց է,որ նա չմասնակցեց մրցավազքին՝ ընտրագրավը չմուծելու պատճառով: Ձեր կարծիքով, այդ առաջադրումն ի զորու է ինչ-որ բան փոխել կանանց ընկալումներում՝ բարձր պաշտոնների ձգտելու իմաստով…
– Ուզում եմ հուսալ, որ Նարինե Մկրտչյանի առաջադրումը բեկումնային դեր կունենա այս առումով: Ասեմ, որ Բրիտանական դեսպանատունը, Բրիտսնական խորհուրդը և այլ միջազգային կազմակերպություններ իրականացնում են կանանց առաջխաղացման համար անհրաժեշտ հմտությունների ձևավորմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր՝ կազմակերպելով մամուլի հետ աշխատանքի, քարոզարշավներ իրականացնելու, առաջնորդության դասընթացներ: Այս ամենը անշուշտ խթանում է կանանց մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների կամ համապետական ընտրություններում՝ իրենց թեկնածությունները առաջադրելու իմաստով: Նման ծրագրերը բարձրացնում են կանանց ինքնագնահատականը , օգնում կապեր հաստատել գործընկեր կանանց հետ: Ես հուսով եմ, որ Նարինե Մկրտչյանի օրինակը դրական կլինի մյուսների համար:
– Մեր տարածաշրջանում միայն մի կին` Վրաստանի նախկին վարչապետ Նինո Բուրջանաձեն երկու ամսվա ընթացքում դարձավ նախագահի պաշտոնակատար: Ձեր կարծիքով, հետխորհրդային տարածքում ինչն է խանգարում կանանց զբաղեցնել ղեկավար պաշտոններ – մտածելակերպի առանձնահատկությունները, կանանց մոտ առաջ գնալու ցանկության բացակայությունը թե այլ խոչընդոտները:
– Դժվար է այս հարցերին միանշանակ պատասխաան տալ: Եթե դուք դիտարկեք երկրների շարքը, որոնք ունեն կին ղեկավարներ, կտեսնեք, որ դրանք և ամենահարուստ (Գերմանիա, Ավստրալիա, Դանիա), և ամենաառաջադեմ (Բրազիլիա, Հարավային Կորեա), և վերջին 25 տարվա ընթացքում անկախացած (Լիտվա, Սլովակիա,Կոսովո), և ամենաղքատ (Մալավի, Լիբերիա, Բանգլադեշ) երկրներն են: Հիմնականում բաց թափանցիկ կառավարման համակարգում, որտեղ մարդիկ ջանում են խրախուսել ուրիշներին, տեսականորեն կանանց համար պետք է բաց լինեն վերև տանող բոլոր դռները: Բայց հասարակության վերաբերմունքն էլ է շատ կարևոր: Ես նայում եմ իմ երկրի օրինակին և տեսնում, թե ինչպես է իմ մայրիկի ժամանակների համեմատ հիմա ամեն ինչ փոխվել:
Զրույցը վարեց
Իլոնա Քամալյանը
P.S. Հիշեցնենք, որ ամուսիններ` Ջոնաթան Ջեյմս Էյվսը և Քեթրին Ջեյն Լիչը ստանձնել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ թագավորության դիվանագիտական առաքելության համատեղ ղեկավարությունը 2012 թվականին: Պաշտոնական պարտականությունները նրանք կատարում են ռոտացիայի սկզբունքով՝ 4-ամսյա հերթագայությամբ:
Դիտումների քանակը` 4873