Կարևորը մասնակցությունն է
Ընտրություններում բազմաթիվ արժանի կանայք պարտություն կրեցին: Հիմնականում պարտություններն արձանագրվեցին այնտեղ, որտեղ ընտրապայքարն առավել քան թեժ էր` խոշորացված համայնքներում, մարզային քաղաքներում և հատկապես համայնքի ղեկավարի թեկնածուների մրցավազքում: Սակայն բոլոր այդ կանանց միավորում է պարտությունից չընկճվելու, իրենց նպատակներից հետ չկանգնելու ունակությունը…
Իրինա Յոլյան. «Ամեն ինչ դեռ առջևում է…»
Սեպտեմբերի 18-ին Գորիսում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Գորիս համայնքը միավորում է 12 բնակավայր: Ավագանու նախկին 62 անդամների փոխարեն ձևավորվել է 15 հոգուց բաղկացած կազմ: Այստեղ որպես ավագանու անդամ առաջադրված 26 թեկնածուներից միայն մեկն էր կին` լրագրող, Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի անդամ Իրինա Յոլյանը:
«Նպատակ ունեմ օգտակար լինել իմ համայնքին, որակական փոփոխություններ կատարել ավագանու գործունեության մեջ: Ուզում եմ սեփական օրինակով ցույց տալ, որ ավագանու անդամը քաղաքացու բողոքը, խնդիրները լսող պատրաստակամ անձ է, ով պատրաստ է հետևողականություն ցուցաբերել դրանց լուծում տալու համար»,- այս ուղերձով էր մտել ընտրապայքարի մեջ Իրինա Յոլյանը, ով սակայն պարտվեց ընտրություններում:
«Հարյուրավոր զանգեր ու հաղորդագրություններ եմ ստանում, երեկ շատ ուշ իմացա, որ անհրաժեշտ քվեներ չեմ ստացել: Գորիս քաղաքում իմ ստացած ձայները բավարար էին, խնդիրը գյուղական համայնքների հետ էր կապված, առավել ևս, որ գիտեմ, որոշ գյուղերում հստակ հանձնարարական էր տրված եղել` աշխատել համապատասխան անձանց օգտին, ու քանի որ մեր կողմերում հանձնարարություն չկատարելը շատերի համար հավասարազոր է ինքնասպանության, հետևաբար ըմբռնումով եմ մոտենում: Բայց Գորիսում իմ ստացած քվեները հույս են տալիս, որ մարդկանց գիտակցության մեջ շատ բան է փոխվել… Ինչ վերաբերում է իմ այն տեսակետին, որ խոշորացող քաղաքային համայնքներում կանայք շանս չունեն, իրապես այդպես է: Այս ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ կանանց համար հնարավորությունները գրեթե զրոյական են, քանի որ այն լծակները, ուղղորդող, վերահսկող վիճակները, որ ստեղծվում են, կանանց համար անընդունելի և անհնարին են: Հատկապես եթե սկզբունքային ես, ունես քո սեփական կարծիքը, դեմ ես ընդհանուր հոսանքին, ուրեմն ամեն ինչ կարվի, որ ներսում չլինես: Պետք է հատուկ շնորհակալ լինեմ ինձ վստահողներին, մարդկանց, ովքեր ինձ հետ էին, իմ կողքին էին: Ամեն ինչ դեռ առջևում է…», – գրեց Իրինան իր ֆեյսբուքյան էջում ընտրություններից հետո:
Սրբուհի Գրիգորյան. «Դեպի փոփոխություններ» կարգախոսը մնում է ուժի մեջ»
Սիսիանի քաղաքապետի թեկնածու Սրբուհի Գրիգորյանը ընտրություններում հանդես էր գալիս «Դեպի փոփոխություններ» կարգախոսով: Լրագրող, ավագանու անդամ, Սիսիանի Կանանց ռեսուրս կենտրոնի գործադիր տնօրեն Սրբուհի Գրիգորյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության տեղի գրասենյակի ղեկավարն է, առաջին անգամ էր առաջադրվում որպես համայնքի ղեկավարի թեկնածու: Ի պատասխան իր մրցակիցներին, ովքեր ասում էին` խելացի է, բայց ուժեղ չի, հակադարձում էր. «Ուժը ո՞րն է, ես բոքսի ռինգ չեմ գնում, որ այնտեղ բազկի ուժ ցուցադրեմ: Ցանկացած համայնքի ղեկավարի ուժն իր ինտելեկտուալ կարողություններն ու դիվանագիտական հմտություններն են, և այս առումով ես, անշուշտ, կարող եմ մրցակցել…»
Ընտրություններից հետո, դիմելով իր ընտրագրավի համար անհրաժեշտ գումար հավաքելու նպատակով նվիրատվություններ կատարած հայրենակիցներին, տեղեկացրեց, որ պարտվել է, սակայն իր թիմի խոստումը` այդ գումարի չափով դասընթացներ կազմակերպել քաղաքականության ոլորտում իրենց քայլերը կատարող կանանց համար, պահելու են: «Մենք դա կանենք հասարակական հիմունքով, անհրաժեշտ ծախսերը կվերցնեմ ինձ վրա: Հաջորդ տարի Սիսիանում, համայնքների խոշորացման հետ կապված, դարձյալ ՏԻՄ ընտրություններ են: Մեր տեսակը նահանջել չգիտի: Մենք շարունակելու ենք երկրում փոփոխություններին ուղղված մեր քայլերը: Շարունակելու ենք, որովհետև սիրում ենք մեր երկիրը մեր անձերից առավել: «Դեպի փոփոխություններ» կարգախոսը մնում է ուժի մեջ…»,- հայտարարեց նա:
WomenNet.am
Դիտումների քանակը` 2298