Կարինե Հակոբյան. «Պաշտոնների մասին չէ, որ պետք է խոսեին հրապարակում»

«Ժառանգության»կուսակցության նախկին անդամ Կարինե Հակոբյանը մտորում   իր  ֆեյբուքյան էջում  Ազատության հրապարակում  տեղի ունեցող վերջին իրադարձությունների շուրջ. 

 

 

Չգիտեմ՝ ճիշտ եմ, թե՝ ոչ այնքան, բայց քաղաքականություն ասվածին միշտ շատ լուրջ եմ վերաբերվել: Օրինակ, ամեն անգամ ցնցվում եմ, երբ լրագրողը, այնպես թեթևակի փաստում է, որ մի պատգամավոր մյուսի փոխարեն քվեարկել է: Իմ պատկերացումով՝ դա այն հանցանքն է, որի համար պետք է պատգամավորին ձերբակալել, և նա ամենախիստ պատիժը կրի ճաղերի հետևում: Բայց պետությունն այդպիսի վերաբերմունքի, պարզվում է, արժանի չէ: Ընդհանրապես պետությունը, որը ուզում ենք, որ մեր պահապանը լինի, կոշիկի ցեխի տեղ անգամ չունի մեր պատկերացումներում:

 

 

Հիմա իշխանությունների մասին չէ , որ ուզում եմ խոսել, դրա մասին ամեն ինչ հայտնի է, այլ Ազատության հրապարակի, ստվերային կառավարության և Րաֆֆիի այս վերջին պահանջագրի, որը, եթե լուրջ ես վերաբերվում քաղաքականությանն ու պետականությանը, դարձյալ ցնցող մի բան է: Օրինակ, հետաքրքիր է՝ ինչու՞ չեն պահանջում բնապահպանության նախարարի հրաժարականը կամ` քաղաքի գլխավոր ճարտարապետի, ինչ է, պակաս հանցագործներ ե՞ն: Պարզ է, որ անունների և պաշտոնների մասին չէ, որ պետք է խոսեին հրապարակում, այլ կադրային քաղաքականության սկզբունքների: Կամ, փոխարենը պահանջելու, որ Ազգային ժողովի ընտրություններին մեծ բիզնեսով զբաղվողները չկարողանան մասնակցել, պահանջում են , որ մեծամասնակականը` անհատականը, վերանա, և բոլորը համամասնականով ընտրվեն: Եվ կամ` փոխարենը պահանջելու սահմանադրական փոփոխություններ, ինչը դատական իշխանությունը կդարձնի նախագահից և գործադիրից անկախ, պահանջում են այսինչի կամ այնինչի հրաժարականը: Այսինքն, դարձյալ պետություն կառուցելու խնդիր՝ անկախությունից քսաներեք տարի անց, քաղաքական և հասարակական օրակարգում չկա: եթե լիներ, իշխանության որակն էլ կփոխվեր, իշխանությունն էլ:

Դիտումների քանակը` 3523

Գլխավոր էջ