Կարինե Աճեմյան. «Կանանց մասնակցությունը իսկապես աճում է` նաև որակական ու բովանդակային առումով»
Գենդերային հավասարության մասին վերջին շրջանում սկսել են առավել քան հաճախ խոսել: Այս շաբաթ նորընտիր Ազգային Ժողովը օրակարգի մեջ ներառեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը և ահա, դրան զուգահեռ, զարկ տրվեց նույն այդ թեմայով եռամյա, համապարփակ մի ծրագրի` «Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» , որի հիմնական նպատակը թերևս արտացոլվում է վերնագրում: Այն է` խթանել կանանց ավելի լայն մասնակցությունը ունը տեղական ինքնակառավարման համակարգում:
Ծրագրի շնորհանդեսին ներկա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ մեր զրույցը սկսվեց երկրորդ ընթերցման ռեժիմով քառօրյայի օրակարգում ներառված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագծի հիշատակումից: Կ.Աճեմյանը նշեց, որ առաջին ընթերցումը բավականին բուռն քննարկումների մթնոլորտում անցավ ու լուրջ հետաքրքրություն առաջացրեց հանրության շրջանում: Իր կարծիքով, հասարակությունը պատրաստ է նման օրենք ունենալուն և այդ իսկ պատճառով անգամ կասկած չունի, որ Ազգային Ժողովն էլ այն կընդունի:
Պատգամավորի գնահատմամբ` հավասար իրավունքների ու հնարավորությունների ապաովման հարցի ակտիվ քննարկումը բազմաթիվ օղակներով` հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ, իր արդյունքներն արդեն տալիս է. բավականին առաջընթաց կա այս իմաստով:
«Նույն ՏԻՄ ընտրություններում է կանանց մասնակցության թիվն ավելացել է, բացի այդ գնալով ավելանում է նաև նրանց ներկայացվածությունը թե քաղաքական, թե հասարակական կյանքում»,- WomenNet.am-ին ասաց Կ.Աճեմյանը:
Միևնույն ժամանակ նա կարևորեց, որ նշված ոլորտներում ու գործընթացներում պետք է ներգրավված լինեն այն կանայք, որոնք փորձ ու համապատասխան գիտելիք ունեն և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող եռամյա ծրագիրը հատկապես այդ համատտեքստում է կարևոր, քանի որ նպատակաուղղված է կանանց կարողությունները ու գիտելիքները զարգացնելու:
«Կանայք ՏԻՄ-րում ավելի արդյունավետ կաշխատեն, եթե նրանք համապատասխան գիտելիքներ, հասարակական գործունեության փորձ ունենան կամ ներգրավված լինեն կուսակցական աշխատանքներում»,- նշեց նա:
Մեր հարցին ի պատասխան, թե արդյո՞ք անհրաժեշտ էր միջազգային կառույցների` այս դեպքում ՄԶԱԾ-ի և ԵՄ-ի միջամտությունը, որպեսզի մենք մտահոգվեինք կանանց առաջընթացով ՏԻՄ համակարգում , պատգամավորը նշեց, որ մտահոգությունը միշտ էլ եղել է եւ Հայաստանում նման ծրագրերի պահանջարկ կա, ուղղակի դրանք հավելյալ ռեսուրսներ են պահանջում:
«Միջազգային կառույցները իրապես օգնում են մեզ, որպեսզի մեր կանայք ավելի ակտիվանան` նրանք և թրենինգներ են կազմակերպում, և տարատեսակ քննարկումներ, որոնց արդյունքում կանանց ներգրավվածությունը իսկապես աճում է` նաև որակական ու բովանդակային առումով»,- ասաց Կարինե Աճեմյանը:
Է.Մ
***
Նշենք, որ անկախությունից ի վեր Հայաստանը վավերացրել է ավելի քան 50 կոնվենցիա և միջազգային իրավական այլ փաստաթղթեր` վերահաստատելով կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը, ներառյալ քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներում կանանց հավասար ներկայացվածությունը խթանելու իր հանձնառությունը: Բացի այդ, 201օ-ին Կառավարությունը ընդունեց ՀՀ գենդերային քաղաքականության հայեեցակարգը, իսկ 2011-ին հաստատեց ՀՀ գենդերային քաղաքականության. ռազմավարական ծրագիրը 2011-15թթ:
Քաղաքականության փոփոխությունները, այսուհանդերձ, դանդաղորեն են փոխակերպվում իրական կյանքի: Ներկայումս կառավարման և որոշումների կայացման մեջ կանանց ներկայացվածության և արդյունավետ մասնակցության մակարդակը շարունակում է ցածր մնալ: Այսօր կանայք կազմում են ԱԺ պատգամավորների և նախարարների թվի 11 տոկոսը, մինչդեռ չունենք կին մարզպետներ և քաղաքապետեր, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների կին ղեկավարներ կամ ղեկավարի տեղակալներ: Հասարակության մեջ կանանց և տղամարդկանց դերի և դիրքի վերաբերյալ լայնորեն տարածված կարծրատիպերը լրջորեն խոչընդոտում են կանանց ներգրավվածությանը և նրանցից շատերին թույլ չեն տալիս որդեգրել ավելի ակտիվ դիրքորոշում, հատկապես՝ գյուղական վայրերում: Ընդհանուր առմամբ՝ կանանց ներուժը մնում է հիմնականում թերօգտագործված և թերգնահատված, ինչը բացասական ազդեցություն է ունենում կայուն զարգացման և սոցիալական արդարության հասնելու՝ երկրի հեռանկարների վրա:
Դիտումների քանակը` 4090