Կառավարությունը փող չունի չաշխատող մայրերին երեխայի նպաստ տրամադրելու համար
Կառավարության այսօրվա նիստում քննության է առնվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ` Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը:
Նրանք առաջարկում են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունքը տարածել նաև չաշխատող ծնողներից մեկի կամ միակ ծնողի, որդեգրողի, խնամակալի վրա` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը (ներկայումս նպաստ ստանալու իրավունքը տարածվում է միայն աշխատող ծնողների վրա):
Պատգամավորները իրենց ներկայացրած օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորում են հետևյալով.
«Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական վիճակը, ծնելիության մակարդակը հեռու է բավարար լինելուց: Դրան են նպաստում նաև հանրապետության սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակը, աղքատության, արտագաղթի և գործազրկության ահազանգող ծավալները, նաև այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների անբավարար լինելը:
Առաջարկվող օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ-ում ծնելիության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես, առ այն, ար մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստի իրավունք կստանան նաև չաշխատող ծնողներից մեկը կամ խնամակալը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:
Բացի այց, օրենքի ներկայացվող փոփոխությամբ կբացառվի աշխատող և չաշխատող ծնողների միջև խտրականության որևէ դրսևորում, քանի որ վճարվող նպաստը ուղղվում է երեխայի խնամքին»:
Սակայն կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծի ընդունումը: Գործադիրը հիմնավորում է, որ փոփոխությունը կառաջացնի մոտ 16 միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսված չէ ինչպես ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծով, այնպես էլ ՀՀ 2014-2016թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով:
Գործադիրում հաշվարկել են, որ «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նպաստառու ընտանիքների (երեխաների) թիվը նախատեսված է 11.200, իսկ մեկ երեխայի խնամքի նպաստի չափը` ամսական 18,0 հազ դրամ: Ուստի 2014 թվականին այս նպատակի համար նախատեսվել է 11.200 երեխա x 18,000 դրամ x 12 ամիս=2,419.2 մլն դրամ (առանց վճարման ծառայության):
Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վիճակագրական տվյալների 2012 թվականի և 2013 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում ծնված երեխաների թիվը կազմել է համապատասխանաբար 42.480 և 30.477 (2013 թվականի ընթացքում ծնված երեխաների թիվը կանխատեսվում է 40.636 [30.477/9 x 12=40.636]): Այսինքն 2014 թվականի ընթացքում մինչև երկու տարեկան երեխաների թիվը կկազմի 83.116 (42.480+40.636=83.116):
Հետևաբար, նախագծի ընդունման դեպքում, 2014 թվականին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք կունենա նախատեսվածից 71.916-ով ավելի երեխա (83.116-11.200=71.916): 2014 թվականին նպաստի չափը 18.0 հազ դրամի չափով պահպանելու պարագայում մեկ տարվա համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցները կկազմեն` 15,533.856 մլն դրամ [(83.116 երեխա x 18000 դրամ x 12 = 17,953.056 մլն դրամ) – 2,419.2 մլն դրամ=15,533.856 մլն դրամ]»:
Միաժամանակ գործադիր մարմնից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն արդեն իսկ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նոր խմբագրությամբ նախագիծը:
Կառավարությունը հեղինակներին առաջարկում է նախագծի դրույթներին անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային Ժողովի քնննարկմանը ներկայացված նոր խմբագրությամբ օրենքի նախագծի քննարկումների համատեքստում:
Հիշեցնենք, որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառաբանությամբ գործադիրն ավելի վաղ դեմ արտահայտվեց ՕԵԿ ներկայացրած օրինագծին, որով առաջարկվում էր նորաստեղծ ընտանիքներին տրամադրել 300 հազար դրամ միանվագ օգնություն:
Հ. Կարապետյան
Լուսանկարը ՝
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի դեմ
2010-ի դեկտեմբերին կայացած աշխատող հղի կանանց բողոքի ակցիայից
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Որտեղի՞ց գտնել 2,4 մլրդ. դրամը նորաստեղծ ընտանիքների համար
ՕԵԿ-ը կփորձի կրկին. նորաստեղծ ընտանիքների մասին օրինագիծը կյանքի կոչելու ուղիներ են փնտրոմ
Դիտումների քանակը` 4951