Կառավարությունը հաստատեց Գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թ.թ. ռազմավարությունը
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 19-ին կայացած նիստում որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»: Այդ մասին է հայտնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` ներկայացնելով ընդունված ծրագրի գերակայությունները:
Ռազմավարությունը մշակվել է ի կատարումն Կառավարության միջոցառումների ծրագրի, և ապահովում է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջները։
Նախագծով սահմանվում են գենդերային քաղաքականության առաջնահերթ ուղղությունները, որոնց նպատակը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծումն է՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները:
Ռազմավարության շրջանակներում կարևորվել են 5 գերակա ուղղություններ.
- Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում:
- Սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային խտրականության հաղթահարում, կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնում:
- Կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ընդյալնում կրթության ու գիտության ոլորտում:
- Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում:
- Գենդերային խտրականության կանխարգելում:
Ռազմավարության մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, պետական այլ գերատեսչությունների և կառույցների, միջազգային և տեղական գործընկերների կողմից իրականացված գենդերային խնդիրների գնահատման հետազոտությունները, կազմված վերլուծական զեկույցներն ու հաշվետվությունները, հանրային քննարկումների արդյունքները, ներկայացված բազմաթիվ առաջարկները։
Ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ
Դիտումների քանակը` 1283