Կառավարությունը խոստանում է կազմակերպել որակյալ նախադպրոցական կրթություն 0-6 տարեկան երեխաների համար

Ազգային ժողովում նախադպրոցական կրթության մասին  օրինագիծ է քննարկվում 

 

Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 70 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում, այսինքն՝ չի ստանում նախադպրոցական կրթություն, հայտարարեց այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ՝ ներկայացնելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախադպրոցական կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

 

Նախարարի պարզաբանմամբ,  նախագիծը ուղղված է նախադպրոցական կրթության հասանելիության ապահովմանը և  բազմազանեցնել ու ընդլայնել նախադպրոցական կրթությունն ու ծառայությունները՝ առանձնահատուկ նպատակ ունի ուշադրություն դարձնելով գյուղական և սահմանամերձ համայնքներին, նախադպրոցական կրթական հաստատություններում ներդնել այլընտրանքային և ծախսարդյունավետ մոդելներ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառման համար ստեղծել համապատասխան պայմաններ: Նախատեսվում է կադրերի շարունակական վերապատրաստման մեխանիզմների,  նախադպրոցական կրթություն իրականացնող հաստատություններում կրթության չափորոշիչների ներդրում և որակի բարելավում:

 

Օրինագծի համաձայն՝ նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներից են երեխայի ֆիզիկական, բարոյական և արհեստական զարգացման հիմքերի ստեղծումը, հարազատ լեզվով շփման համար նախադրյալների և օտար լեզուների հիմունքների ուսուցման ապահովումը, տարրական հաշվարկման ունակության զարգացումը, վարքի տարրական կանոններին, բնության և բնապահպանության տարրերին, պատմության և ազգային մշակույթին ծանոթացումը, աշխատանքային ունակությունների ձեռքբերումը, դպրոցական ուսուցմանը նախապատրաստումը:

 

Արայիկ Հարությունյանի դիտարկմամբ,  այսօր չունենք մեխանիզմ, որով չափենք կրթական ծառայությունների որակը, ինչպես նաև չունենք պարտադիր վերապատրաստումների ինստիտուտ. «Եթե 30-40 տարի շարունակ մասնագետը վերապատրաստում չի անցնում, դա նշանակում է՝ մենք լրջագույն խնդիրներ ենք ունենալու նախադպրոցական հաստատություններում՝ կրթության որակի հետ կապված»:

 

Նրա խոսքով, անհրաժեշտ է նաև կարգ հաստատել մասնավոր մանկապարտեզներում: «Մենք չգիտենք, թե ինչ են դասավանդում երեխաներին նման հաստատություններում: Մենք պարզապես հնարավորություն չունենք կարգավորելու ուսումնական գործընթացը, որն իրականացվում է մասնավոր ուսումնական հաստատություններում: Սակայն տվյալ օրենսդրական նախաձեռնության շնորհիվ՝ մեր հնարավորություններն ու լիազորություններն էապես կմեծանան»,- ասաց նախարարը:

 

Օրինագծով առաջարկվում է փոխել նաև մանկապարտեզ հաճախող երեխաների տարիքային շեմը: Եթե այսօր մանկապարտեզները նախատեսված են 3-6 տարեկան, որոշ դեպքերում՝ 2 տարին լրացած երեխաների համար, ապա օրենքում փոփոխությունների ընդունման դեպքում՝ կարող են նախակրթարան հաճախել 0-6 տարեկան փոքրիկները: Նախարարի խոսքով՝ տեսականորեն նախադպրոցական և նման ծառայություններ կարելի է մատուցել 0 տարեկանից. «Սա թույլ կտա, որ աշխատող ծնողները շատ հնարավորություն ունենան ավելի վաղ վերադառնալու իրենց աշխատանքին»:

 

Նախարարի տեղեկացմամբ՝ նախորդ տարի գյուղական համայնքներում բացվել է նախադպրոցական կրթություն իրականացնող 18 հաստատություն, մոտավորապես այդքան էլ  նախատեսվում է բացել այս տարի:

 

Հարակից զեկուցող պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը  հրատապ է համարել ոլորտի կարգավորումը, սակայն նաև նշել, որ Կառավարության ներկայացրած նախագիծը բարեփոխման և հստակեցման կարիք ունի: Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել քննարկել  պատգամավորների առաջարկները:

 

***

 

Ըստ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախադպրոցական կրթությանը նվիրված գլոբալ զեկույցի, Հայաստանում ավելի քան 171 հազար երեխաներ կամ երեխաների  70 տոկոսը մանկապարտեզներ չեն հաճախում: Զեկույցի համաձայն՝ աշխարհի ցածր եկամուտով երկրներում տասից միայն երկու երեխա է մանկապարտեզ հաճախում: Հայաստանի գյուղերում հենց այդպիսի ցուցանիշ  է գրանցվել: Հանրապետության քաղաքներում իրավիճակը մի փոքր է ավելի լավ՝ մանկապարտեզ է հաճախում տասից միայն չորս երեխա: Հատկապես ցածր է ընդգրկվածությունը 0-2 տարեկան երեխաների շրջանում՝ կազմելով ընդամենը 5,2%: Հանրապետության համայնքների 44%-ը մանկապարտեզ չունի:

 

Համեմատության համար նշենք, որ ԱՊՀ երկրներից նախադպրոցական կրթության համակարգում երեխաների համախառն ընդգրկվածության լավագույն ցուցանիշներ ունեն Բելառուսը` 90.7 տոկոս քաղաքային բնակավայրում և 53.4 տոկոս` գյուղական բնակավայրում, Մոլդովան` միջինում 68.0 տոկոս, այդ թվում 5-6 տարեկանները` շուրջ 74.0 տոկոս, Ռուսաստանը` 59.3 տոկոս, Ուկրաինան` միջինում 57.0 տոկոս, Ղազախստանը` միջինում 38.7 տոկոս, այդ թվում 5-6 տարեկանները` 83.0 տոկոս:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 70 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում. ՅՈՒՆԻՍԵՖ

Մանկապարտեզի  նոր մոդել  փոքր գյուղական համայնքի համար. ներկայացնում է  ՅՈՒՆԻՍԵՖ-ը

Դիտումների քանակը` 1516

Գլխավոր էջ