Կառաջադրվե՞ն արդյոք կանայք նախագահի պաշտոնում

 

Այս հարցի շուրջ WomenNet.am- ը զրուցում է  կուսակցական գործիչների, քաղաքագետների, լրագրողների և քաղաքական գործընթացների մեջ ներգրավված այլ կանանց ու տղամարդկանց հետ

Լյուդմիլա Սարգսյան.

«Կին թեկնածու առաջադրելը ֆոն ապահովելու համար ուղղակի անիմաստ է»

Հայ ազգային կոնգրես խմբակցության ներկայացուցիչ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այս տարի` մարտի 8-ի նախօրեին տված ասուլիսում հայտարարեց, թե Հա-յաստանում նախագահի թեկնածուի համար հարմար կին քաղաքական գործիչ չկա: Փոխվե՞լ է արդյոք այսօր նրա կարծիքը:

«Իսկապես, այդ ասուլիսից հետո իմ մոտեցումները բացարձակ չեն փոխվել: Ես համա-րում եմ, որ արհեստականորեն կին թեկնածու գտնելը ու նրան առաջադրելը ֆոն ապա-հովելու համար ուղղակի անիմաստ է: Եթե մենք քաղաքական գործիչներ ենք, ինքներս պետք է հասկանանք, թե ինչքանո՛վ ենք համապատասխանում այդ կերպարին»,- մեզ հետ զրույցում ասաց Լ. Սարգսյանը:

Պատգամավոր կնոջ խոսքով` այո՛, մենք շատ լավ կանայք ունենք, քաղաքականապես զարգացած, կրթված և ճանաչված, բայց դա շատ քիչ է, որպեսզի նրանց կարողանաս տեսնել երկրի ղեկավարի կերպարում:

«Կարծում եմ, որ արհեստականորեն նման կերպար ստեղծելն ի սկզբանե դատապարտ-ված է ձախողման: Անկեղծ ասեմ, ինքս ինձ երբեք այդ կերպարում չեմ տեսել և չեմ էլ ու-զում տեսնել: Այո՛, եղել է, որ իմ անունն էլ շրջանառվել է որպես հավանական թեկնածու, բայց ես ինքս շատ լավ գիտակցում եմ, թե ի՛նչ է նախագահի պաշտոնը, ի՛նչ պատասխա-նատվություն ու պարտավորություն է դա ենթադրում մարդու համար: Իսկ ես ուզում եմ նաև ազատ ապրել` որպես քաղաքացի, որպես կին: Նախագահն ինձ համար անգերա-զանցելի սիմվոլ է, և մինչ օրս ինձ համար անգերազանցելի նախագահ է Լևոն Տեր-Պետրոսյանը…»

 

 

 Թամարա Գևորգյան.

«Եկել է ժամանակը, որ կանայք իրենց ասելիքն ասեն»

 

Կառավարման համակարգերի մասնագետ, քաղաքագիտության թեկնածու, նախկին սոցապ փոխնախարար, «Իրավունքի կենտրոն» հիմնադրամի տնօրեն Թամարա Գևորգյանն այս նախագահական ընտրություններում հաստատ չի առաջադրվի, բայց հետա-գայում` հնարավոր է:

Թ. Գևորգյանը չի բացառում, որ կին առաջադրվողներ լինեն, սակայն կարծում է, որ կա-նանց համար մթնոլորտն այս պահին այնքան էլ տրամադրող չէ: Թեպետ, ըստ նրա, Հայաստանում կան հրաշալի կանայք, ովքեր պրոֆեսիոնալ են, մասնագետներ են և նախագահ դառնալու այդ կամքն ու ներուժն ունեն:

«Այլ բան է, որ համընդհանուր քաղաքական մշակույթն այնպիսին է, որ կնոջ առաջադրումը կամ նրա պայքարը ոչ հավասար պայմաններում է ընթանում: Կարծում եմ` սա է պատճառը, որ շատ մարդիկ, ովքեր ունեն այդ ներուժն ու հնարավորությունը, ցանկությունն ու կրթությունը, այդ ճանապարհով չեն գնում, չեն մտնում պայքարի մեջ: Հասարակության գնահատականն էլ ավելի մեղմ է տղամարդ, քան կին գործիչների նկատմամբ, միշտ ավելի լուրջ ու խոշորացույցով ենք դիտարկում կին թեկնածուներին, քան տղամարդկանց, իսկ, որպես կանոն, պետք է տարբերություն չդնել: Թե՛ կինը, թե՛ տղամարդը պետք է պատրաստված ու գիտակ լինեն, դա հեշտ աշխատանք չէ, որ բոլորը ձգտում են»:

Միաժամանակ, որպես կառավարման համակարգերի մասնագետ` նա եկել է այն հա-մոզման, որ հասարակությունը պատրաստ է կին թեկնածու ունենալու: «Անկախ սոցիալական դիրքից` բոլորն են հոգնել ապրել այս մթնոլորտում, այս արժեհամակարգում: Մենք քաղաքական մշակույթում և առհասարակ կառավարման համակարգում լուրջ համակարգային փոփոխությունների կարիք ունենք: Յուրաքանչյուր ոք ուզում է արժանապատիվ ապրել: Հենց սա է, որ ինձ հիմք է տալիս մտածելու, որ հասարակությունն ունի  բարձր պաշտոնում կին տեսնելու ցանկություն և պատրաստ է նաև քվեարկելու նրա օգտին: Ուղղակի շատ հաճախ մենք հասարակությանը չենք հարցնում և նրա անունից հայտարարություններ ենք անում»,- ասաց նախկին փոխնախարարը` ավելացնելով, որ նշված փոփոխություններն իրականացնելու համար տղամարդիկ այդ կամքը չունեն, անկախության 21 տարիների ընթացքում հանդես են եկել թույլի կեցվածքով:

«Եկել է ժամանակը, որ կանայք իրենց ասելիքն ասեն»,- եզրափակեց Թ. Գևորգյանը:

 

Մարիա Թիթիզյան.

«Չեմ ուզում շատ խիստ լինել կանանց հանդեպ»

 

ՀՅԴ կուսակցության անդամ, Սոցինտերն կազմակերության փոխնախագահ Մարիա Թիթիզյանի կարծիքով` կանանց և տղամարդկանց չափանիշները  տարբեր են. կինը պետք է հարյուր անգամ ավելի շատ աշխատի, որպեսզի կարողանա հասնել այն պաշտոնին, որին տղամարդը կարող է հասնել առանց որևէ ջանք թափելու:

«Երբ նոր էի Հայաստան եկել, ասում էի` անկախ կուսակցական հայացքներից, ով առաջադրվեց կին նախագահի թեկնածու, նրան կընտրեմ` հավատով, որ փոփոխություն կբերի: Կարծես հիմա միայն Անուշ Սեդրակյանը ցանկություն ունի նախագահական ընտ-րություններին առաջադրվելու: Եթե անկեղծ` ես չգիտեմ, թե նա որքա՛ն փորձ ունի: Ես վստահ եմ` եթե կին գա, շատ բան կփոխվի: Ուզում եմ հավատալ, որ կինն այնքան կոռումպացված չէ, որքան տղամարդը: Կինն ավելի շատ է պատրաստ համագործակցելու, քան կամայական որոշում կայացնելու: Կինը միշտ խորհուրդ է հարցնում, առավել դեմոկրատ է: Ուզում եմ հավատալ, որ մենք այս մակարդակին հասել ենք, բայց չեմ պատկերացնում, որ այսօր կինը, որ բազմաթիվ ոլորտներում ճնշված է, կազմում է փոքրամասնություն, կարող է երկիր ղեկավարել: Բացի այդ, դեռ չեմ տեսնում այն կնոջը, ով իր գիտելիքներով և կյանքի փորձով իրոք արժանի է առաջադրվելու նախագահի թեկնածու»,- նշեց Թիթիզյանը:

 

 

Արմեն Հակոբյան.

«Ցանկալի կլիներ, որ կին թեկնածուներ լինեն»

 

Երկար տարիների լրագրող Արմեն Հակոբյանն այսօր և մեծ հեռանկարում իր թեկնա-ծուներն ունի. «Կինս` Նարինե Կիրակոսյանը, իսկ մեծ հեռանկարում, իհարկե, դուստրս` Մարի Հակոբյանը»: Դժվարանում է ասել` առաջիկա ընտրություններում կլինե՞ն, թե՞ ոչ կին թեկնածուներ, բայց խոստովանում է, որ երբեք սեռային հատկանիշից ելնելով` կողմ չի քվեարկի կին թեկնածուի օգտին:

«Ցանկալի կլիներ, որ կին թեկնածուներ լինեն: Ինչո՞ւ: Կարծում եմ` կնոջ ներկայությու-նը նախ` նման պայքարին յուրօրինակ հմայք և հետաքրքրություն կհաղորդեր, երկրորդ` կզսպեր տղամարդ քաղաքական գործիչների` միմյանց անվանարկելու, հայհոյախառն ելույթներ ունենալու մղումները, պայքարն ավելի քաղաքակիրթ կդարձներ»,- կարծում է Ա. Հակոբյանը:

Լրագրողի համոզմամբ` հայ կանայք հատկապես կարող են հոյակապ կառավարիչներ, ղեկավարներ լինել, մանավանդ տնտեսության, սոցիալական, կրթության ոլորտներին վերաբերող ճյուղերում, կառավարության կազմում կանայք պետք է ավելի ընդգրկված լինեն:

«Այսօրվա մեր կյանքը հուշում է, թե որքան դժվարությունների են դիմագրավում կանայք: Սա չեմ ասում կանանց հաճոյանալու համար: Ասում եմ օբյեկտիվ իրականությունը: Կանայք այսօր շատ դեպքերում ընտանիքի հա՛մ հայրն են, հա՛մ մայրը, ընտանիքի գլխավոր աշխատողն են, ընտանեկան բյուջեն տնօրինողն են կամ խելամիտ օգտագործողը ներկայիս սոցիալական դժվարին պայմաններում: Կանայք դարձել են ավելի նա-խաձեռնող և ինքնուրույն»:

Նա միաժամանակ դեմ է արհեստական մոտեցումներին` զուտ թվային հավասարակշռության պահպանման համար:

«Գտնում են կուսակցական կանանց կամ իրենց այլ շրջապատներում և նրանց խցկում են քաղաքականության մեջ: Արհեստական ընդգրկելուն ես դեմ եմ, ինչը մենք տեսնում ենք առանձին կուսակցությունների համամասնական ցուցակներում: Կարծում եմ` պետք չէ վստահություն ցուցաբերել պատահական կանանց և առաջնորդվելով զուտ գենդերային հատկանիշով` ներգրավել նրանց քաղաքականության մեջ, որովհետև ես համոզված եմ, որ մեր շուրջբոլորը կան գրագետ, ուսյալ, գաղափարներ ու դրանք իրա-գործելու պատրաստակամություն, պատկերացում ունեցող կանայք: Այ նրա՛նց է պետք հնարավորություն տալ ու բերել ասպարեզ»,- ասաց լրագրողը:

 

 

Անահիտ Մանասյան.

«Կին թեկնածու չի լինի»

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի ԿԻն լիդերների ֆորումի անդամ Անահիտ Մանասյանն էլ այն համոզման է, որ հաջորդ տարվա սկզբին տեղի ունենալիք համապետական ընտրությունների ժամանակ կին թեկնածու չի լինի: Ա. Մանասյանը նշեց, որ իրենց ինստիտուտի հիմնական առաքելություններից մեկն է պատրաստել կին թեկնածուներ պետական կառավարման տարբեր օղակներում ներգրավելու նպատակով:

 

«Նախատեսվում է մոտ ապագայում նաև նախագահի կին թեկնածուի պատրաստում և առաջադրում: Շատ կարևոր է թեկնածուի կառավարման թիմը: Այս պահին կան բավականին խելացի կանայք, սակայն դեռ աշխատանքներ պետք է իրականացվեն` ավելի հստակ ձևավորելու նրա` որպես թեկնածուի կերպարը»,- ասաց Մանասյանը: Ինչ վերաբերում է հարցին, նախընտրելի է կի՞նը, թե՞ տղամարդը երկիրը կառավարի, ապա Մանասյանի կարծիքով, այստեղ սեռն այնքան էլ կարևոր չէ, պետք է կարևորել կառավարման նոր մոդելի, մեխանիզմների մշակումը:

 

Արմեն Մինասյան.

«Կին թեկնածու կլինի, սակայն հաղթանակ չի տոնի»

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ենթադրում է, որ նախագահական ընտրություններում կին թեկնածու կլինի, սակայն կանխատեսում է, որ կին գործիչը հաղթանակ չի տոնի:

«Նախ` հասարակությունը դեռ չի հասունացել կին թեկնածուին նախապատվություն տալու համար: Երկրորդ` ՀՀ նախագահի առջև ի պաշտոնե ծառացած խնդիրների բնույթն այնպիսին է, որ անհնար է պատկերացնել որևէ կնոջ նման դերում, օրինակ` այ-ցելություն մարտական դիրքեր… Իսկ շարքային ընտրողը նաև այս գործոնն է հաշվի առնում»,- իր տեսակետը հայտնեց Ա. Մինասյանը:

Տեսնո՞ւմ եք նախագահի թեկնածուի համար արժանի կին գործիչ հարցին ի պատաս-խան Մինասյանն ասում է. «Անկեղծ ասած` այս պահին կին գործիչների մեջ չեմ տեսնում նման կարգի պատրաստված կադր: Հավանաբար, պետք է դեռ երկու-երեք ընտրական ցիկլ անցնի, որ նման մակարդակի կին գործիչներ ունենանք: Դրա համար նախ պետք է, որ կանայք գլխավորեն իրենց կուսակցությունները, լիդերներ դառնան թիմում: Մեզ մոտ դա դեռ չկա»,- ասաց քաղաքագետը:

 

 

Զրուցեցին՝

Հասմիկ Կարապետյանը, 

Հասմիկ Հարությունյանը

Դիտումների քանակը` 3348

Գլխավոր էջ