Կապան. «Կինը կարող է հետամուտ լինել այնպիսի խնդիրների լուծմանը, որոնց տղամարդիկ կարեւորություն չեն տալիս»
Կապանում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին 15 հոգանոց ավագանու համար առաջադրվել է 56 թեկնածու, որից 4-ը` կին է: Ավագանու անդամի բոլոր 4 թեկնածու կանայք էլ ինքնաառաջադրմամբ են հանդես եկել եւ իրենց առաջադրմամբ նպատակ են ունեցել ներուժն ուղղել քաղաքի զարգացմանը, ինչպես նաեւ հետամուտ լինել այնպիսի խնդիրների բարձրացմանն ու լուծմանը, որոնք տղամարդկանց կողմից այդքան էլ մեծ կարեւորություն չի տրվում:
Ավագանու անդամի թեկնածու, անկուսակցական Հասմիկ Աթայանը Կապանի քաղաքապետի խորհրդականն է, հետեւում է ավագանու աշխատանքներին եւ ինքն էլ վաղուց մտադիր է եղել իր թեկնածությունն առաջադրել այդ պաշտոնում: Հատկապես վերջին տարիներին առնչվելով կին ստեղծագործողների հետ, կանանց խնդիրներով զբաղվելով, ծանոթանալով նրանց խնդիրներին, որոնք օգնության կարիք ունեն, համոզվել է, որ անելիքներ շատ կան այս ուղղությամբ:
Ավագանու անդամի մյուս կին թեկնածուն Գոհար Սարգսյանն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Կապանի տարածքային կառույցի կանանց, երեխաների ու ծերերի հարցերով հանձնաժողովի նախագահն ու Կապանի երեխաների իրավունքների պաշտպանության և խնամքի կենտրոնի փոխտնօրենն է, ով ավագանու անդամ ըտրվելով` ուշադրության կենտրոնւմ է ցանկանում պահել քաղաքի հաշմանդամ երեխաների ու տարեցների, սոցիալապես անապահով ընտանիքների ու կանանց խնդիրները:
Անկուսակցական Աննա Հարությունյանը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, թեկնածությունն առաջդրելիս էլ երկար չի մտածել, որոշել է ակտիվ մասնակցություն ունենալ համայնքային կյանքին: «Հուսով եմ, որ կնոջ տեսանկյունից նայելով կարող եմ որոշ հարցեր շտկել, այն հարցերը, որոնք որպես կանոն տղամարդիկ չեն նկատում», – կարծում է Աննան։ Կապանի համայնքի ավագանու 4-րդ կին թեկնածուն ՀՀԿ-անդամ Լիանա Մարտիրոսյանն է, ով առաջին անգամ է առաջադրել իր թեկնածությունը:
Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ԸԸՀ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն` Կապանում 2008թ.-ին կայացած Տիմ նախարոդ ընտրությունների ժամանակ, ի տարբերություն այս ընտրությունների, ավագանու անդամի ոչ մի կին թեկնածու չի եղել:
Կապանում ավագանու միակ կին անդամը այսքան տարիների ընթացքում եղել է Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի տնօրեն Ռիտա Դավթյանը` 1996-1999թթ., որից հետո մարզկենտրոնում այդպես էլ ավագանու կին անդամ չի եղել, առաջադրվողներ եղել են, բայց բավարար ձայներ հավաքողներ` ոչ:
Մերի Սողոմոնյան
Դիտումների քանակը` 4619