«Կանանց օրակարգ». քննարկում Ազգային ժողովում
Հոկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրվել էր կին պատգամավորների մասնակցությամբ կլոր սեղան-քննարկում՝ «Կանանց օրակարգը» և «Հայաստանում քաղաքական գործընթացներին կանանց մասնակցության խթանումը» թեմաներով:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ խմբակցությունների կին պատգամավորները, «Օքսֆամ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, «ՕքսԵՋեն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Ստեփանյանը, «ՕքսԵՋեն» հիմնադրամի քաղաքականության եւ շահերի պաշտպանության պատասխանատու Անուշ Խաչատրյանը, «ՕքսԵՋեն» հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Քոչինյանը, ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ-ի նախագահ Թամարա Հովնաթանյանը, փորձագետներ Լիլիթ Զաքարյանը ու Ջինա Սարգիզովան:
Կլոր-սեղանի մասնակիցները լսել, ապա քննարկել են «Կանանց օրակարգի» առանցքային հարցադրումները. պետական քաղաքականությանը կանանց մասնակցությանը եւ խոչընդոտներին, դրանց հաղթահարման ուղիներին, կանանց տնտեսական հնարավորությունների ապահովմանը, աշխատանքի շուկայում կանանց մասնակցության ընդլայնմանը, կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքներին եւ հավասար հնարավորություններին վերաբերող հարցեր: Քննարկման կազմակերպիչների կողմից առանձնահատուկ ընդգծվեց, որ «Կանանց օրակարգի» հիմնական նպատակն է խորհրդարանում ներկայացված չորս քաղաքական ուժերի ուշադրությունը հրավիրել կանանց և տղամարդկանց հավասարությունն ապահովող հիմնախնդիրներին: Առկա է նաև ակնկալիք, որ բացի նմանօրինակ խնդիրների քննարկումը, քաղաքական ուժերը կառաջարկեն դրանց լուծումներ: Առավել ևս, որ քարոզարշավն որոշակի առաջընթաց արդեն արձանագրել է:
«Օքսֆամ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի խոսքով, «Հավասար» քարոզարշավը կարողացել է հաջողության հասնել, ինչն արտահայտվեց նաև վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ կանանց մասնակցության քվոտան 20-ից 25 տոկոսի բարձրացվեց: Տիկին Հակոբյանը վստահություն հայտնեց, որ սա դեռ սկիզբն է և հետագայում այդ քվոտան կբարձրանա, քանի որ կանանց ներգրավվածությունը հատկապես օրենսդրական մարմնում շատ կարևոր է.
«Կանանց մասնակցությունը խորհրդարանում կարևոր է, քանզի դա նպասոտւմ է գործընթացին, թե ինչպես կարելի է օրենքները դարձնել հավասար կանանց և տղամարդկանց իրավունքների տեսանկյունից: Ուստի նման քննարկումները չափազանց կարևոր են»,- ասաց նա:
«ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ Թամարա Հովնաթանյանն արձանագրեց, որ խորհրդարանում կանանց ներկայացվածության առումով Հայաստանն այսօր Միջխորհրդարանական ռեյտինգում կարողացել է 160-րդ տեղից բարելավել իր դիրքերը և հայտնվել 110-րդ տեղում: Բացի այդ, այսօրվա տվյալներով մեր երկիրը զբաղեցնում է նաև առաջին տեղը տարածաշրջանում՝ Ադրբեջանում կանանց ներկայացվածությունը խորհրդարանում կազմում է 16.5 տոկոս, Վրաստանում՝ 16 տոկոս. «Այս ցուցանիշներն որոշակի պատասխանատվություն են ենթադրում կանանց կողմից ներկայացվածությունն արդարացնելու տեսանկյունից՝ այն առումով, որ կփոխվի քաղաքականությունը և կանանց ազդեցությունը քաղաքականության վրա ավելի շատ կզգացվի»,- նշեց տիկին Հովնաթանյանը: Բանախոսը հիշեցրեց, թե որոնք ենք կանանց օրակարգի առանցքային հարցերը: Դրանք են՝ որքանո՞վ է ընդունելի ՄԱԿ-ի կողմից առաջ քաշվող 50/50 բանաձևը, որը ենթադրում է կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կյանքի բոլոր ոլորտներում; ի՞նչ քայլեր են պատրաստվում անել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի իրագործման ուղղությամբ, որն ընդունվել է 2013 թվականին, սակայն մինչ օրս չի աշխատում; ինչպիսի՞ դիրքորոշում ունեն կին պատգամավորները «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որը համարվում է անչափ կարևոր և այլն:
Փորձագետ Լիլիթ Զաքարյանը, արձանագրելով, որ կանանց մասնակցության թիվը ԱԺ-ում ավելացել է, այդուհանդերձ նշեց, որ դրան զուգահեռ շատ դանդաղ են իրականացվում մշակութային փոփոխությունները: Իսկ որպեսզի կանանց ներուժն իրականում ստացվի և կանայք չփորձեն քաղաքականության մեջ մտնել տղամարդկանց խաղի կանոններով կամ տղամարդուն նմանվելով, առնվազն կանանց մասնակցության 30 տոկոս է պետք, որի դեպքում շատ դանդաղ, բայց մշակութային փոփոխությունները կարձանագրվեն: Բայց այդ 30 տոկոսն էլ պետք է լինեն այն կանայք, որոնք անմասն չեն հավասարության խնդիրներին.
«Տարիների ընթացքում մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայաստանյան կուսակցություններում ունենք 19-70 տոկոս կանանց ներկայացվածություն: Կուսակցությունների ղեկավար մարմիններում վերջին տարիներին կանանց ներկայացվածության պատկերն էլ սկսել է փոխվել դեպի ավելացում, բայց միևնույն է դեռ ցածր է: Եվ որ ամենամտահոգիչն է՝ անհամամասնություն կա կուսակցության շարքերում կանանց ներկայացվածության և նրանց՝ ԱԺ-ում կամ Երևանի ավագանու խմբակցություններում ներկայացվածության տեսանկյունից»,- ասաց նա: Հնչող արդարացումը նա է, մատնանշեց Զաքարյանը, թե չեն կարողանում քաղաքականապես պատրաստ կանանց գտնել, բայց սա արդեն կուսակցությունների ներքին խնդիրն է, քանի որ այդ մարմինը նաև կադրերի դարբնոց է: Եվ եթե նման արդարացում է հնչում, ապա դա նշանակում է, որ կուսակցություններն ուղղակի թերանում են և իրենց կադրերին չեն աճեցնում:
Թամարա Հովնաթանյանը կարևորեց նաև այն հարցադրումները, որոնք վերաբերում են կանանց մասնակցությանը տնտեսության մեջ՝ հաշվի առնելով, որ ԱԺ-ում շուտով քննարկման կդրվեն մի շարք նախագծեր, այդ թվում և Աշխատանքային նոր օրենսգրքին վերաբերող, որոնք առնչվում են հենց այս հարցին: Ներկայացված վիճակագրության համաձայն՝ կանայք կազմում են Հայաստանի աշխատանքային ռեսուրսների 53 տոկոսը, բայց տնտեսապես ակտիվ կանանց ընդամենը 54 տոկոսը, ինչը զգալիորեն ավելի ցածր է, քան տղամարդկանց դեպքում՝ 72 տոկոս: Այսինքն, Հայաստանի կանանց շուրջ կեսը չի երևում աշխատաշուկայում: Բարձրագույն կրթություն ունենք ՀՀ աշխատանքային ռեսուրսների ընդհանուր 27 տոկոսը, կանանց մասնաբաժինն այդ թվում 59 տոկոս է: Զբաղվածների ընդհանուր թվում կանայք կազմում են 46 տոկոս, տղամարդիկ՝ 62: Ընդ որում, զբաղված տղամարդիկ տոկոսային առումով զիջում են բարձրագույն կրթություն ունեցող կանանց՝ վերջիններիս ներուժը բարձր է: «Վիճակագրական այս պատկերը վկայում է, որ պետությունը կանանց վրա գումար է ծախսում, որպեսզի նրանք ստանան բարձրագույն կրթություն, բայց վերջում նստեն տանը, քանզի տնտեսապես ակտիվ կանանց մեծ մասը տնային տնտեսուհիներ են, որոնք կատարում են տան չվճարվող աշխատանքի մեծ մասը»,- նշեց Հովնաթանյանը:
Պետության դերակատարումը այս խնդրի շտկման հարցում շատ մեծ է: Օրինակ, նշեց բանախոսը, եթե պետությունը կարողանա ապահովել մանկապարտեզների անխափան գործունեություն, ապա կանայք կկարողանան կարգավորել իրենց աշխատանքային գրաֆիկն ու ընտանեկան պարտականությունները:
Աշխատաշուկայի մեկ այլ խնդրի մասին բարձրաձայնեց քննարկմանը մասնակից փորձագետ Ջինա Սարգիզովան՝ նշելով, որ նույն աշխատանքային պարտականությունները կատարող կանայք ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ: Փորձագետն ընդգծեց, որ այդ խնդիրը գոյություն ունի նաև Եվրամիության երկրներում, այնպես չէ, որ միայն Հայաստանում է այդ անհավասարությունը տիրում, բայց ամենուրեք կանանց իրավունքների ոտնահարումն է թիրախում:
Իր խոսքում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմինե Կյուրեղյանը համաձայնեց, որ օրենսդրական մակարդակում ունենք կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներն ու հնարավորություններ ապահովելու խնդիր: Եվ դրա պատճառներից մեկը, ըստ նրա, որոշումների կայացման մակարդակում կանանց ցածր մասնակցությունն է. «Առաջնահերթ անհրաժեշտ է այդ մասնակցությունը բարձրացնել, չմոռանալով, որ մի բան է, երբ մենք ուղղակի ասում ենք պետք է բարձրացնել, և այլ բան է, երբ դա ուղղակի պահանջ է: Ի վերջո, մենք հաշվի չենք առնում, որ բարձրագույն կրթություն ստացողների մեծ մասը կանայք են և այդ հզոր ներուժը չօգտագործելն այսօր մեր երկրի ներկայիս տնտեսական իրավիճակում առնվազն շռայլություն է: Իսկ բացի այդ, կանանց մասնակցության ավելացումը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ միևնույն հարցին կանայք այլ կերպ են նայում, քան տղամարդիկ: Խոսքն այն մասին չէ, որ կանայք ավելի լավ կամ ավելի ճիշտ են մտածում, խոսքն այն մասին է, որ կանայք այլ կերպ են մտածում և պետությունը չպիտի անտեսի կամ չներառի շուրջ 60 տոկոս բարձրագույն կրթություն ստացածների այլ կերպ մտածելը իր ընդունած որոշումներում»,- ասաց նա:
Իր խոսքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը հատուկ ռազմավարություն է մշակել, ուղղված այս խնդիրների կարգավորմանը և հատկապես շեշտադրում է մարզերում կանանց ներգրավումը աշխատաշուկա: Մասնավորապես, նշեց նա, Լոռիում կանանց զբաղվածության խնդիրը պետք է լուծվի թեթև արդյունաբերության մեջ ներգրավվածությամբ:
ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանն էլ, վերհիշելով, թե ԱԺ նախորդ գումարման շրջանակում ինչ պայքար են տարել քվոտաների բարձրացման ուղղությամբ, հույս հայտնեց, որ Հայաստանը մի օր կգա այն մակարդակին, որ քվոտաներ հասկացողությունն ընդհանրապես կվերանա և առաջնային կկարևորվի մարդու ներուժը, ոչ թե սեռը. «Մարդկային ռեսուրսը Հայաստանի ամենակարևոր կապիտալն է՝ լինի կին, թե տղամարդ: Եվ չօգտագործել այդ ռեսուրսը զուտ սեռային հատկանիշներով սխալ է»,- հավելեց նա:
Հիշեցնենք, «Կանանց օրակարգը» մշակվել է Երիտասարդարդության և կանանց իրավունքների պաշտպանության «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից անցկացվող «Հավասար» ծրագրի շրջանակներում՝ «ՊրոՄեդիա-Գենդեր» և «Ընտանիքի ակադեմիա» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ՝ «Օքսֆամ»-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:
Լիա Խոջոյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Կանանց օրակարգը» շարունակում է ուժի մեջ մնալ. ուղերձ նորընտիր պատգամավորներին
Դեբատներ «Կանանց օրակարգ» -ի շուրջ
Ի՞նչ է ցույց տալիս նախընտրական ծրագրերի գենդերային վերլուծությունը
Հրավիրում ենք դեբատներին «Կանանց օրակարգ»-ի շուրջ
«Հավասար» քարոզարշավը ներկայացնում է «Կանանց օրակարգը» խորհրդարանական ընտրություններին ընդառաջ
«Կանանց օրակարգ». հիմնական մեսիջներ
Դիտումների քանակը` 2380