«Կանանց օրակարգը» շարունակում է ուժի մեջ մնալ. ուղերձ նորընտիր պատգամավորներին
«Հավասար» քարոզարշավը նախաձեռնող կազմակերպությունները շնորհավորում են նորընտիր պատգամավորներին ՝ հաջողություններ մաղթելով նրանց օրենսդիր գործունեության մեջ և հիշեցնելով, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներկայացված «Կանանց օրակարգը» շարունակում է ուժի մեջ մնալ: Ակնկալվում է հատկապես կին պատգամավորների ակտիվությունը «Կանանց օրակարգը» առաջ տանելու հարցում:
Հիշեցնենք, որ «Կանանց օրակարգը» մշակվել էր «Հավասար» քարոզարշավի շրջանակներում, որն իրականացվում է «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի կողմից` WomenNet.am կայքի և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
«Կանանց օրակարգը» ներկայացվել էր հանրությանը դեռ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, քննարկվել ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի և կանանց ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Սակայն այսօր էլ նա շարունակում է ուժի մեջ մնալ: Օրակարգի հիմնական նպատակն է նորընտիր Ազգային ժողովում ներկայացված պատգամավորների ուշադրությունը հրավիրել կանանց ու տղամարդկանց հավասարությունն ապահովող հիմնախնդիրների վրա` ակնկալելով, որ նրանք ոչ միայն կբարձրացնեն այդ հարցերը խորհրդարանի ամբիոնից, այլև լուծումներ կառաջարկեն դրանց ուղղությամբ: Չէ որ խորհրդարանական կառավարման պայմաններում ՀՀ Ազգային ժողովի մաս կազմող քաղաքական ուժերն են պատասխանատվություն կրում գործադիր իշխանության կողմից իրականացվող քաղաքականության համար:
«Կանանց օրակարգ»- ի տեքստը ներառում է մի շարք հարցադրումներ՝ կապված կանանց ու տղամադկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման հետ, փաստեր տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրների շուրջ, ինչպես նաև առաջարկում է դրանց հնարավոր լուծումները: Դրանով իսկ օրակարգը տեղեկատվության հարուստ աղբյուր է հանդիսանում Հայաստանում առկա գենդերային իրավիճակի վերաբերյալ յուրաքանչյուր պատգամավորի համար, ով մտահոգված է այդ հարցերով: «Կանանց օրակարգի» հարցադրումները հիմնված են ՀՀ Սահմանադրության, ՀՀ Գենդերային քաղաքականության հայեցակարգի շրջանակում ընդունված օրենքների և ծրագրերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների, ՀՀ վիճակագրական տվյալների, հանրապետությունում անցկացված վերջին հետազոտությունների և սոցիոլոգիական հարցումների վրա:
«Կանանց օրակարգ»-ի տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Դեբատներ «Կանանց օրակարգ» -ի շուրջ
«Կանանց օրակարգ». հիմնական մեսիջներ /տեսահոլովակներ
Ի՞նչ է ցույց տալիս նախընտրական ծրագրերի գենդերային վերլուծությունը
Հրավիրում ենք դեբատներին «Կանանց օրակարգ»-ի շուրջ
«Հավասար» քարոզարշավը ներկայացնում է «Կանանց օրակարգը» խորհրդարանական ընտրություններին ընդառաջ
Դիտումների քանակը` 2850